Մենք հո Լենինի ու Ալիի հեղափոխությունը չե՞նք արել

Մենք հո Լենինի ու Ալիի հեղափոխությունը չե՞նք արել
Հարցազրույց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ **Վարդան Ղուկասյանի** հետ։



**- Դուք բազմիցս հայտարարել եք, թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գյումրեցիների սրտով չէ, սակայն թավշյա հեղափոխությունը ձեր քաղաք չի հասնում։ Տարոն Մարգարյանն էլ հրաժարական տվեց, Բալասանյանը մնում է։**



-Դուք ավելի լավ է մտեք ժողովրդի մեջ ու կտեսնեք, որ ժողովուրդը նման պահանջ ունի, դուք չեք մտնում ժողովրդի մեջ, չեք իմանում իր կարծիքը։



**- Սակայն փաստ է, որ գյումրեցիները չեն բողոքում իրենց քաղաքապետի դեմ։**



-Ինչքան շուտ լինի դա, այնքան լավ, բայց ես չեմ նախաձեռնի, որովհետեւ դա ամբողջ ժողովրդի կարծիքն է։ Բոլորը լավ գիտեն, որ տեղի քաղաքապետն ընտրված չէ։



**- Բայց նա շարունակում է պաշտոնավարել, ժողովուրդն էլ հրաժարական չի պահանջում։**



-Գնացեք ժողովրդից հարցրեք՝ ինչու, ինձ մի խոսեցրեք։



**- Իրավապահ մարմինները տարբեր ուղղություններով բացահայտումներ են իրականացնում։ Դուք բացառո՞ւմ եք, որ նրանք այցի կգան նաեւ ձեր թիմակիցներին։**



-Ամբողջ ժողովուրդը նստած սպասում է ու ժողովուրդը շատ լավ գիտի, թե ում պետք է բանտարկեն, ում՝ ոչ։



**- Բայց կալանավորվել է նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը, ժողովուրդը դրան է՞լ էր սպասում։**



-Դուք մի տարեք եսիմ ուր… Ում դեմ է էդպես աղմկահարույց բաներ սարքվում, որպեսզի չգիտեմ ինչ… Ամբողջ երկիրը եւ դուրսը սպասում է հստակ, թե ինչ քայլեր է ձեռնարկվելու։ Երբ տեսանք, կասենք՝ տեսել ենք, ու այդպես է, իսկ երբ որ շղարշ տեսանք, կասենք, որ շղարշ է։ Օրինակ՝ ասողներից մեկն էլ ես եմ։



**- Այն, ինչ կատարվում է հիմա, շղա՞րշ է, թե՞ իրական բացահայտումներ։**



-Ժողովուրդը դեռ սպասում է։



**- Ձեր սպասելիքներն արդարացվա՞ծ չեն։**



-Ժողովուրդը գիտի կոնկրետ, հստակ այն կառույցները, որ դրանով պետք է բյուջեն ավելանա, թոշակ, նպաստ, ռազմամթերք… այ, դրան սպասում են, երբ պիտի դրանք դառնան պետական սեփականություն։



**- Օրինակ՝ ձեր թիմում կա՞ն այդպիսի «կառույցներ» ունեցողներ։**



-Եթե որեւիցե մեկը խախտել է օրենքը, թող պատասխան տա, եթե՝ ոչ, ազնիվ ճանապարհով է վաստակել, դրանց վրա հարձակվել, ինչ-որ մի բան սարքել գլխներին, դրան ես դեմ եմ, դեմ եմ եղել մշտապես։ Ու ընդհանրապես՝ ժողովուրդը չի ընդունում նման գործողություններ։ Հետո՝ մենք հո Լենինի, Ալիի հեղափոխությունը չե՞նք արել, ես չեմ սիրում Լենինի ու Ալիի հեղափոխությունը, երբ որ փոխվեց այն ժամանակ, եւ կոմունիստները եկան, Գյումրվա խաչքարերը կարմիր գույնով ներկեցին եւ, ասենք, խելացի, հարուստ մարդկանց, որոնք իսկական վաճառականներ էին, Մանթաշովներ-բան, աքսորեցին։ Նմանատիպ հեղափոխություններ թե դուք սիրում եք, ես չեմ սիրում։ Բայց որ Աստված ստեղծել է Հայաստանի Հանրապետությունը եւ տվել բնական պաշարներ, որ ապրի, այ, դրանք պետք է հետ վերադարձնի ժողովրդին։ Ինչի՞ պտի ազգային սեփականությունը մի տաս հոգու սեփականություն դառնա, մյուս նժարին էլ դրվի ամբողջ ազգը։



**- Ժամանակին Ձեր անունն էլ էին արծարծում պետբյուջեն չարաշահողների, պետության հաշվին հարստացողների շարքում։**



-Երբ որ էդպիսի խոսքեր եք քցում դիտավորյալ, սպիտակի վրա սեւ եք գցում, ինչքան էլ մաքրենք, տեղը երեւում է։ Հիմա ձեր աշխատանքը դա է, որ մեկին սեւացնեք, խայտառակեք, մեկին խփեք, այ, դուք էլ որ մաքրվեք մի քիչ, շատ լավ կլինի։



**- Այսինքն` դուք պնդում եք, որ անխոցելի՞ եք։**



-Երբ մեկին մեղադրում ես, պետք է իր կատարածն ապացուցես, էս վերացյալ խոսելը սիրուն բան չի, եթե հստակ բան կա, թող բոլորն էլ օրենքի առաջ պատասխան տան։



**- Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին բացառվելու է ընտրակաշառքը, այդ պայմաններում «Ծառուկյան դաշինքը», Ձեր կարծիքով, ի՞նչ շանսեր ունի ընտրություններում։**



-Ես կողմնակից եմ, թող չլինի ընտրակաշառք, եւ մենք էլ մեծ շանսեր ունենք։



**- Սակայն կա կարծիք, որ ձեր դաշինքն իր քաղաքական կապիտալը կուտակել է նաեւ այդ գործոնի, առավել քաղաքակիրթ բառով՝ բարեգործության շնորհիվ։**



-Գիտեք, երբ բարեգործությունն ընտրությունների ժամանակ է արվում, ընտրակաշառք է, երբ ընդհանրապես մարդիկ իրենց ունեցվածքից մաս են հանում ժողովրդին, դա բարեգործություն է։ Ես գիտեմ, որ Ծառուկյանն իր հեղինակությունն ունի ժողովրդի մեջ, մենք էլ մեր հեղինակությունն ունենք, թե հետագան ինչ ցույց կտա, կապրենք՝ կտեսնենք։ Ես բախտագուշակ չեմ եւ տոկոսներով չեմ կարող ասել։ Բայց որ առանց ընտրակաշառքի էլ կունենան իրենց ձայները, դրանում կասկածել չի կարելի։



**- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին գործարարները քաղաքականության մեջ տեղ չեն ունենա։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ թույլ չտան, որ Ծառուկյանը, ձեր դաշինքը մասնակցեն ընտրություններին։**



-Դա երկար քննարկման հարց է, որ բիզնեսմեններն ԱԺ-ում տեղ չունենան, ես դրան կողմնակից չեմ, օրինակ, խոսքի՝ մեկը բիզնես ունի եւ էստեղ է գտնվում, ինչ, ինքն արտոնյա՞լ է, չէի ասի։ Արտոնյալ ոլորտը գալիս է վերեւից, երբ որ վերեւը մաքրվի, ներքեւը կմաքրվի։



**- Սահմանադրությամբ է արգելվում, որ գործարարները տեղ չունենան ԱԺ-ում։**



-Օրենքը շատ լավ էլ թույլ է տալիս, բոլորին թույլ է տալիս, ուղղակի պիտի ցանկություն լինի, եթե ցանկություն լինի, ամեն ինչ լավ է լինելու։



**- Իսկ Դուք շարունակելո՞ւ եք մնալ քաղաքական դաշտում, թե՞ նոր Հայաստանում Ձեր տեղը կզիջեք ուրիշներին։**



-Ես անձամբ չգիտեմ, դեռ մտածում եմ, տարակուսանքի մեջ եմ՝ մնա՞մ, թե՞ չմնամ, հիմա պատրաստ չեմ դրա մասին խոսել։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**