Մայր Աթոռը տեղեկատվական պատերազմ է սկսել

Մայր Աթոռը տեղեկատվական պատերազմ է սկսել
Մի քանի օր է ինչ կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում է ձևավորվել։ Շարժման մասնակիցները Հայր Կորյուն վարդապետի, Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում։



Ինչպես մեզ հետ զրույցում ասաց շարժման մասնակիցներից Նարեկ դպիր Հովհաննիսյանը, այսօր նույնպես նմանատիպ հավաք է նախատեսվում Սուրբ Աննա եկեցեու բակում, որին կհետևի քայլերթ։ Նախկինում պլանավորվել էր, որ այսօր պետք է քայլերթ իրականացվի դեպի Մայր Աթոռ, սակայն այդ որոշումը, կարծես թե, հետաձգվել է։ Ակցիայի մասնակիցները փորձում են հնարավորինս շատ մարդկանց ներգրավել շարժման մեջ, քանի որ, ինչպես իրենք են ասում, կաթողիկոսը առաջ է քաշել այն հանգամանքը, որ իր հրաժարականը պահանջողների թիվը այնքան էլ մեծ չէ։



Ակցիան ղեկավարող հոգևորականներին համարժեք պատասխաններ է փորձում տալ նաև Մայր Աթոռը, ճիշտ է՝ այդ պատասխանները դեռևս առանձին հոգևորականների հոդվածների տեսքով են, կարծես թե Մայր Աթոռը յուրատեսակ տեղեկատվական պատերազմ է հայտարարել ակցիայի մասնակիցներին և այդ ակցիան առաջնորդող հոգևորականներին։



Մասնավորապես Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը անդրադարձել է հոգևորականներին և նրանց որակել իբրև կեղծ հոգևորականներ․ «Հոգևոր կյանքն ալեկոծած այս վիճակի պատասխանատուները ոչ թե երևան եկած այդ մի քանի ուխտադրուժ և կույր եկեղեցականներն են, այլ նրանք, ովքեր տակավին ստվերում են… Բայց այդ նվաստ հոգիներն իրենց խամաճիկներով մատնում են յուրյանց անձերը: Որքա՜ն էլ փորձում են այս և այն տեղ իրենց անձով հանդես գալ՝ գրելով, խոսելով, լռելով և այլ դրսևորումներով, այդուհանդերձ ստվերի մեջ ուրվագծվում են իրենց անձերն ու անունները… Վա՜յ ձեզ, հիմարներ և կույրեր… Վա՜յ ձեզ, կեղծավոր հոգևորականներ…»։



Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալպանտյանն էլ նախընտրել է բաց նամակով պատասխանել Հայր Կորյունի այն ասածին, որ ծավ է ապրել երբ տեսել է, որ մայիսի 28-ին Սարդարապատում ոչ ոք կաթողիկոսից օրհնություն չի խնդրել․ «Հիմա կը յայտարարես թէ նախանձախնդրութիւնդ պոռթկումն է այն ապրումիդ, թէ Մայիս 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100 ամեակին նուիրուած Սարդարապատի մէջ տեղի ունեցած հանդիսաւոր ոգեկոչումին ընթացքին, ժողովուրդը չէ ողջունած Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը: Սակայն ըսածդ իրականութեան չի համապատասխանիր: Այնուամենայնիւ միթէ ա՞յս է բարեկարգութեան «բարեփոխական յեղափոխութեանդ» դրդապատճառը: Միթէ ա՞յս է եկեղեցին բարեկարգելու եւ նոյնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարական պահանջելու հաւակնութեանդ կշռող նժարդ: Իսկապէ՞ս Հայր Կորիւն: Կը ցաւիմ: Կը ցաւիմ նախաձեռնութեանդ որպէս հիմք ընդունած դրդապատճառին համար: Կը ցաւիմ բարեկարգութեան նպատակիդ (յստակ ալ չէ թէ ինչէ նպատակդ) հասնելու յայտարարութիւններուդ համար: Կը ցաւիմ բարեկարգութեանդ ընտրած ձեւին համար: Կը ցաւիմ եկեղեցիիդ եւ ինծի ցաւ պատճառելուդ համար»,- կարդում ենք Արմաշ եպիսկոպոսի բաց նամակում, որը վերնագրված է՝ «Իսկապէ՞ս Հայր Կորիւն: Ա՞յս է եկեղեցին բարեկարգելու եւ նոյնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարական պահանջելու հաւակնութեանդ կշռող նժարդ», և տեղադրված «ter-hambardzum.net» կայքում։



Հայտարարությամբ հանդես եկեվ նաև եպիսկոպոսաց ժողովը՝ ակցիայի մասնակիցների գործողությունները որակելով որպես արտաքին բռնի միջամտություն․ «Անընդունելի է մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր»: