Նիկոլ Փաշինյանը ճեղքել է անիծյալ շղթան

Նիկոլ Փաշինյանը ճեղքել է անիծյալ շղթան
**Hraparak.am**-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։



**- Թավշյա հեղափոխությունից անցել է մեկ ամիս։ Կառավարության գործունեության, կադրային նշանակումների մեջ եղե՞լ են Ձեզ համար անակնկալներ։**



Ո՛չ մի անակնկալ. ամեն բան հրաշալի է արվում: Շատ կուզենայի, որ նույն տրամաբանությունը շարունակվեր:



**- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ներկայացրել է կառավարության ծրագիրը՝ այն անվանելով երազանքների երկիր ունենալու ծրագիր։ Ինչպիսի՞ ծրագիր է այն՝ ըստ Ձեզ։**



Կառավարության հաստատված ծրագիրը քաղաքական է և իդեալիստական, որի կարիքը Հայաստանն ուներ ավելի քան 20 տարի: Մենք խեղդվում էինք գավառական պրագմատիզմի ճիրաններում. պարոն Փաշինյանը ճեղքել է այդ անիծյալ շղթան:



**-Կառավարության՝ երկրում փոփոխությունների հասնելուն ուղղված ո՞ր քայլն եք համարում ամենանշանակալիցը։**



Բոլոր քայլերն էլ ընկալելի և ողջունելի են. առանձնացնել դեռևս չեմ կարող որևէ քայլ: Ամենից նշանակալին երևի կլինի այն, երբ կառավարման քաղաքականության մեջ կարձանագրվի հոգևոր-մշակութային ապասովետականացման, ապագաղութացման առաջին քայլը: Ամեն բան ածանցվում է հենց հոգևորից: Շատ կուզենայի, որ ոչ թե երբևէ հասնեինք սրան, այլ սկսեինք սրանից: Իրական քաղաքականությունը, եթե կարճաժամկետ ու դիպվածային չէ, ապա գոյում է հենց հոգևորում. սրա ապացույցն են առաջավոր ազգերի հաջողությունները։



**- Նիկոլ Փաշինյանի հետ 2007 թվականից սկսած ընդդիմադիր գործունեության երկար ճանապարհ եք անցել։ Ձեզ եղե՞լ է առաջարկ՝ աշխատելու նրա ղեկավարած կաբինետում։**



Վարչապետ դառնալուց ի վեր պարոն Փաշինյանի հետ որևէ կարգի շփում չի եղել:



**Թագուհի Հակոբյան**