Ֆրանսի այգին և հուշաքարը` Չարենցավանում (տեսանյութ)

Ֆրանսի այգին և հուշաքարը` Չարենցավանում (տեսանյութ)
Կիրակին Չարենցավանում անցավ տոնական մթնոլորտում։ Չարենցավանի երրորդ թաղամասի բակերից մեկում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում՝ նվիրված հոլանդացի բարեգործ Ֆրանս Վան Հելեմոնդին, որը մահացել է 2004 թվականին։ Բակում գործող խաղահրապարակն այսօր անվանվեց հոլանդացի բարեգործի անունով՝ կոչվելով Ֆրանսի այգի, և տեղի ունեցավ նրան նվիրված հուշաքարի բացումը։ Ֆրանս Վան Հելեմոնդը 2002 թվականին բացել է «Ռաֆայել» հիմնադրամը, որը Հոլանդիայւոմ բնակվող մեր հայրենակից Սուրեն Քառյանի ջանքերով սկսել է բարեգործություններ անել Հայաստանում։ Մասնավորապես, հիմնադրամն այս տարիներին ֆինանսական օգնություն է  ցուցաբերել Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Չարենցավանում բնակվող սոցիապալես անապահով ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց։ Չարենցավանում այս հարցերը համակարգել ու մինչ օրս համակարգում է Հուսիկ Մելտոնյանը, ով էլ իր շնորհակալությունը հայտնեց հիմնադրամին և հայտարարեց հուշաքարի բացման մասին։ Ելույթ ունեցավ նաև Ֆրանս Վան Հելեմոնդի այրին, որն էլ իր ուրախությունը հայտնեց այս փոքրիկ այգին իր ամուսնու անունով անվանակոչելու և նրա հիշատակը այդպիսով վառ պահելու համար։



Տարօրինակ է, բայց Չարենցավանի քաղաքապետարանից ո՛չ քաղաքապետը, ո՛չ էլ որևէ պաշտոնյա ներկա չէր միջոցառմանը։



Հիմնադրամի նախագահ, հոլանդահայ Սուրեն Քառյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում իր մահոգություններն ու դժգոհությունները հայտնեց այս տարիներին մեր իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքի նկատմամբ։ Նա նշեց, որ ինքը փորձել է տարբեր ծրագրեր իրականացնել Հայաստանում, բայց ո՛չ քաղաքային իշխանություններից, ո՛չ էլ համապատասխան գերատեսչություններից հստակ աջակցություն չի ստացել, ստիպված ինչ կարողացել է անել, արել է սեփական ուժերով։



«Սկզբից դիմել ենք սոցապ նախարարությանը, ասացին՝ փողը տվեք մեզ, մենք կբաժանենք։ Մենք էլ որոշեցինք անհատ մարդկանց հետ աշխատել»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք ծրագրեր ունեին և ուզում էին հստակ ծրագրեր իրականացնել Հայաստանում։



Քառյանն ասաց, որ խնդրել են բարեգործական նպատակով իրենց ներկրած տեխնիկան ու գույքը չմաքսազերծել, քանզի օրենքը թույլ է տալիս, բայց մերժել են։ Օրինակ՝ մի անգամ հաշմանդամություն ունեցողների համար հատուկ միկրոավտոբուս են բերել Հայաստան՝ որպես նվիրատվություն, ու դրա համար մաքսազերծման մեծ գումարներ են վճարել։ Եվ դա հիասթափեցրել է նրանց, արդյունքում որոշել են ուղղակի գումարային տեսքով իրականացնել իրենց օգնությունը։



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**