«Սիրո Հեղափոխության» անտեսանելի տեսանելին

«Սիրո Հեղափոխության» անտեսանելի տեսանելին
Ով ինչ ուզում է ասել, սա իսկապես «Սիրո Հեղափոխություն» է: Նիկոլը շատ բաներ արեց և ասաց, որոնք իսկապես խոսում են այդ մասին: Առաջին հերթին՝ ոչ բռնությանը: Մանավանդ, երբ բեմից հայտարարեց, որ անգամ եթե մեզ հարվածեն, չենք հարվածելու ու մեջբերեց Ավետարանը․ «Եթե ձախ այտիդ են ապտակում, աջն էլ դեմ տուր»:



Երկրորդ հերթին՝ ձեռքերը վեր: Կարծես ժողովուրդն անընդհատ աղոթում էր:



Երրորդ հերթին՝ ոստիկանը մերն է: Կրկին Ավետարանից՝ «Ով մեզ դեմ չէ, մեզ հետ է»: Ոստիկաններից շատերը մեզ դեմ չէին, եթե ոչ 99 տոկոսը, ու նրանք մեզ հետ եղան:



Չորրորդ հերթին՝ գառնուկին ներում եմ շնորհում, մի մորթիր: Գառնուկը չուտելը չի խոսում սիրո մասին, բայց գառնուկին անտեղի չմորթելը խոսում է սիրո մասին:



Հինգերորդ հերթին՝ Նիկոլի վիրակապի սիրտը: Սա, իհարկե, սիմվոլիզմի ժանրից է ու կես կատակ: Բայց ամենից կարևորը՝ կար մեկը, որը սիրում էր մյուսին: Այդ մեկը Նիկոլն էր, որը սիրեց և սիրում էր իր ժողովրդին ամնացորդ: Նիկոլի սերը դեպի սեփական ժողովուրդն այս մեկ ամսով չէր սահմանափակվում: Նա զրկանքների և վախերի միջով է ապացուցել իր սերը և շատ ավելի շուտ, քան այս մեկ ամիսն է՝ 93թ.-ից: Եվ կար մյուսը՝ սիրեցյալը: Եվ սիրեցյալն էր ժողովուրդը: Ժողովուրդ, ում համար Նիկոլը խենթի պես ընկավ ճամփա, եւ ում համար անցավ փշալարով ու գնաց բերդ, ում համար չվախեցավ հրեշից և դեմքին ճշմարտությունը ասաց, ում համար դրեց ամեն ինչ որ ուներ:



Տիգրան Հայրապետյանը մի անգամ գրել է, որ հայ ժողովրդի մեծագույն ողբը եղել է այն, որ ղեկավարներից շատ քչերն են իսկապես սիրել ժողովրդին: Նիկոլը սիրել էր, սիրեց, սիրում է և հուսով եմ, լիահույս եմ, որ կսիրի: Բայց, ինչևէ, ևս մեկ բան, շատ կարևոր մեկ բան, որ պետք է նշել:



Չգիտեմ, Նիկոլը դա անում է գիտակցված, թե անգիտակցված, բայց Բաղրամյան 26-ից և ուղղաթիռից ուղիղ հեռարձակումները մի շատ կարևոր գործ են անում: Այդ գործը թափանցիկությունը չէ իրականում: Այդ գործն այն է, որ ցույց է տալիս իրական արժեքները և իրերի իսկական դրությունը: Նա դրանով ցույց է տալիս Բաղրամյան 26-ի իրական գինը, որը ոչ թե Երուսաղեմի Աստծո Տաճարն է, ինչը մեզ 20 տարի այսպես թե այնպես համոզել, ներարկել են, այլ որ դա ընդամենը գրասենյակ է:



Նա իսկապես կարծես նաև սրանով ապացուցեց, որ վարչապետն ամեն մեկս ենք, որ սա իսկապես մեր գրասենյակն է: Սա անտեսանելի տեսանելին է: Եվ ուրեմն՝ կեցցե՛ նա, ով հանուն իր ժողովրդի սիրո եկավ, կեցցե՛ նա, ով ծառայելու է իր ժողովրդին, կեցցե՛ն նրանք, ովքեր գալու են ծառա լինելու սեփական ժողովրդին:



**Խաչիկ Հարությունյան**