Ես հանցագործ չեմ, չեմ պաշտպանվում. Սամվել Բաբայան

Ես հանցագործ չեմ, չեմ պաշտպանվում. Սամվել Բաբայան
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:



Ավելի վաղ նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշել էր, որ Վերաքննիչ բողոքով պահանջել է Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ եւ կայացնել արդարացման դատավճիռ: Նախորդ դատական նիստին Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը չէր հասցրել ամբողջությամբ ներկայացնել վերաքննիչ բողոքը: Այսօր նա շարունակեց կիսատ թողածը և անդրադարձավ իր պաշտպանյալին ներկայացված երկու մեղադրանքներին:



Քալաշյանը նշեց, որ Սամվել Բաբայանի անմեղությունը հաստատվում է ներկայացված ձայնագրություններով: Անդրադառնալով փողերի լվացման դրվագին՝ Քալաշյանը նշեց. «Ինտերպոլի տրամադրած տվյալների համաձայն՝ նշված թղթադրամները հանված են պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից: Այդ թղթադրամները եղել են Եվրոպոլի պահոցում, և ստուգումների արդյունքում որևէ համընկնում չի գրանցվել: Սամվել Բաբայանը հենց սկզբից հայտնել է, որ իր ծանոթ Վասիլին Մոսկվայում իրեն պարտք է եղել: Նա առաջարկել է հինգ հազար եվրո վերադարձնել պարտքից, սակայն ասել է, որ դրանք ներկոտված են: Վասիլին մի քանի թղթադրամ է ուղարկել, որը Բաբայանի ծանոթ Կարենի միջոցով ուղարկել է բանկ՝ պարզելու, թե դա իսկական թղթադրա՞մ է, թե ոչ: Երբ պարզվել է, որ թղթադրամները իրական են, նա Վասիլիին ասել է, որ ուղարկի գումարը: Ներկոտած թղթադրամները փոխանակելու դեպքում բանկերը կարող էին մինչև տասը տոկոս պահում անել, այդ պատճառով էլ նա դիմել է մարդու, ով քիմիական միջոցներով կարող էր մաքրել թղթադրամները: Բաբայանը տվել է Վասիլիի, Տիգրան Մնացականյանի անունները, որոնք այդպես էլ չեն հարցաքննվել:



Թղթադրամների ներկոտված լինելու երեք վարկած կա ըստ ինտերպոլի, որից միայն մեկն է ներկայացրել պետական մեղադրողը»,-նշեց Ավետիս Քալաշյանը:



Սամվել Բաբայանն էլ հայտարարեց, որ ինքը չի պաշտպանվելու, քանի որ հանցագործ չէ:



Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անմեղ:



**Աննա Պապիկյան**