Մեր համայնքապետերը ցանկություն չունեն տեղերում գտնվելու. Միքայել եպս. Աջապահյան

Մեր համայնքապետերը ցանկություն չունեն տեղերում գտնվելու. Միքայել եպս. Աջապահյան
Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությամբ Շիրակի մարզում ձևավորվեց 3 խոշորացված համայնք՝ Անին, Մարմաշենն ու Ախուրյանը: Մարզի բնակչությունը կարծես թե համակերպվել է կառավարման նոր մոդելի հետ, եւ խոշորացում բառից այլևս դեպրեսիայի մեջ ընկնողներ չկան, իսկ նոր ընտրված համայնքապետերը վստահեցնում են, որ բավարար հմտություններ ունեն խոշոր համայնքներ ղեկավարելու համար: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանից hraparak.am-ը հետաքրքրվեց՝ համայնքների խոշորացումից եկեղեցին շահում է, թե տուժում:



**-Սրբազա՛ն, եկեղեցական ոլորտում փոփոխություն նախատեսվո՞ւմ է:**



-Եկեղեցին բոլոր ժամանակների վարչական բաժանումներին միշտ հարմարվել է: Մենք էլ փորձելու ենք ադապտացվել նոր խոշորացված համայնքներին:



**- Հոգևոր սպասավորն այլևս աշխատելու է խոշորացված համայնքի վարչական կենտրոնում միա՞յն, թե յուրաքանչյուր համայնք մեկ քահանա է սպասարկելու:**



-Երբեք էլ այդպես չի եղել, որ ամեն համայնք մեկ քահանա սպասարկեր, այդքան միջոցներ ու ռեսուրսներ չունենք, մի քահանան մի քանի գյուղ է սպասարկել, հիմա էլ նույն ձևով շարունակելու ենք աշխատել, առանձնապես որևէ փոփոխություն չի նախատեսվում:



**-Եթե ամփոփենք, կարելի է ասել՝ եկեղեցին խոշորացումից ոչ շահում է, ոչ տուժո՞ւմ:**



-Միայն մի փոքր մեր աշխատանքն է դժվարանում: Եթե նախկինում յուրաքանչյուր համայնքի հովիվ իր համայնքապետն ուներ, հիմա համայնքապետի ստատուսը բարձրանում է: Քահանան ստիպված է լինելու համայնքապետին գտնելու համար ողջ համայնքը ոտնատակ տա: Որպես կանոն, մեր համայնքապետերն էլ առանձնապես ցանկություն չունեն տեղերում գտնվելու, նրանց գտնելու ու որոշ փաստաթղթային հարցեր կամ այլ խնդիրներ կարգավորելու համար քահանան ուզի, թե չուզի նրան պիտի գտնի:



Նշենք, որ Շիրակի մարզում 100-ից ավելի եկեղեցիներ կան, որոնցից գործող են համարվում 30–ը, իսկ սպասարկող քահանաների թիվը 19 է:



**Արևիկ Հակոբյան**