Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ի պետական բարձրագույն կառույցներում, դատաիրավական համակարգում պաշտոնատար անձինք նշանակվում են Ձեր գիտությամբ, Ձեր հրամանով, որպես երկրի նախագահի, որպես ՀՀ Սահմանադրության երաշխավորի` խիստ անհրաժեշտություն է առաջացել Ձեզ հայտնելու, որ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը տեղեկացված լինելով Գյումրի քաղաքում տեղի ունեցած երկու ծանրագույն սպանության դեպքերի հետ կապված բոլոր փաստերին և ապացույցներին՝ գիտակցաբար շրջանցելով, հանցավոր անգործության մատնելով՝ պաշտպանության տակ է առնում գործով անցնող ինչպես պաշտոնատար անձանց, կեղծ դատաբժշկական եզրակացություն տրամադրած փորձագետներին,այնպես էլ հանցավոր խմբին, ինչը հարիր չի ՀՀ դատախազի կոչմանը:



Շիրակի մարզի քննչական վարչությունում քննված թիվ-18120014 քրեական գործը, որդուս՝ 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքով, քննության է առնվել կոռուպցիայի բացառիկ և ակնհայտ դրսևորումներով: Շիրակի մարզի նախկին դատախազ Ր. Ասլանյանը, ում պաշտոնավարման օրոք է կատարվել որդուս սպանության գործի նախաքննությունը, /որի ավարտից հետո նա անմիջապես նշանակվել է Երևան քաղաքի դատախազ/, թույլ է տվել ՇՄ քննչական վարչության քննիչ Հրաչյա Առաքելյանին թաքցնելու ծանր սպանությունը՝ մեղադրանք առաջադրելով մասնակիցներից միայն մեկին, մինչդեռ որդուս հասցված մարմնական վնասվածքներն առաջացել են մի քանի տարբեր կտրող-ծակող գործիքների հարվածներից, թաքցվել է սպանության դեպքի իրեղեն ապացույցները, այդ թվում նաև սպանության գործիքները, թմրանյութ, հեռախոսային վերծանումներ, հանցավոր խմբի մյուս մասնակիցներին, սպանության դեպքի մոտ 15- մասնակիցների արարքներին խուսափել է իրավական գնահատական տալ՝ ծանր հանցագործության հետքերը պարտակելու և կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող որդուս անհրաժեշտ և անհետաձգելի օգնություն ցույց չտալու համար, չի պահպանվել դեպքի վայրը, ավելին՝ դիտավորությամբ այն վերացվել է, գործը քննության է առնվել կեղծ դատաբժշկական եզրակացությամբ, անգամ մեղադրյալի համար ապօրինի փաստաբան են ներգրավել՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արամայիս Հայրապետյանը, որի արարքներում ևս ակնհայտ է փոխկապակցված կոռուպցիան:



Նախաքննությունը կատարվել է ցինիզմի աննկարագրելի աստիճանով, կրել է ձևական բնույթ: Ապա քրեական հետապնդում իրականացնող մարմինը վերոնշյալ ապօրինություններով քննված գործն ուղարկել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ներկա պահին անառարկելի ճշգրտությամբ բացահայտված է խմբի կողմից կատարված սպանության հանցավոր շրջանակը, ովքեր թաքցված են եղել Ր.Ասլանյանի և քննիչ Հ.Առաքելյանի կողմից, բացահայտված է ՇՄ դատաբժշկության բաժնի փորձագետ Մանվել Մելիքյանի կողմից տրված եզրակացության կեղծ լինելու փաստը, ինչը ներկա պահին պաշտպանության տակ են առել մեղադրանքը պաշտպանող Ա.Շիրոյանը եւ դատավոր Աշոտ Մանուկյանը:



Ես գիտակցում եմ, որ որևէ գործադիր մարմին իրավունք չունի միջամտելու դատավորի գործողություններին, և իմ ասելիքը դրանում չի էլ կայանում, այլ նրանում, որ դատավոր Ա.Մանուկյանը կատարելով դատախազության պատվերը, ակնհայտորեն կեղծված դատաբժշկական եզրակացությունը համառորեն փորձում է դնել գործի հիմքում: Ինչի վերաբերյալ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում իմ կողմից տրվել է համապատասխան հաղորդում դատավոր Ա.Մանուկյանի և գործը վերահսկող դատախազ Ա.Շիրոյանի կողմից փոխհամաձայնեցված հանցավոր գործողությունների մասին, մասնավորապես՝ գործով փախած անձի նկատմամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու, կեղծ դատաբժշկական եզրակցությունը պաշտպանության տակ առնելու և որդուս սպանությունը պատվիրված լինելու մասին:



ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը՝ պաշտպանության տակ առնելով դատախազներ Ր.Ասլանյանին , Ա.Շիրոյանին, քննիչ Հ. Առաքելյանին, դատաբժիշկ Մ. Մելիքյանին և սպանություն կատարած մնացած անձանց՝ համապատասխան միջոցներ չի ձեռնարկում։ Մինչ օրս 2017թ.-ի ապրիլի 2-ին տրված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ որևէ միջոց չի ձեռնարկվել:



Հարգելի նախագահ. վստահեցնում եմ Ձեզ, որ որդուս սպանության հետ առնչություն ունեն իրավապահ պաշտոնյաներ, մասնավորապես՝ իմ տեղեկություններով, Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի նախկին պետ՝ Հրաչ Սահակյանը և վերջինիս տեղակալ Արա Ազնավուրյանը, վերջիններս որդուս սպանության դեպքից կարճ ժամանակ անց հեռացվել են իրենց պաշտոններից։ Այն, որ որդուս սպանության գործի քննության հետ առնչություն ունեցող ցանկացած իրավապահ պաշտոնյա կոռումպացված է, փաստում է քրեական գործը: Այդ նույն պաշտոնյաներն իրենց նեղ շրջապատում հայտարարում են, որ եթե այդպես չաշխատեն և վերևներին փող չտան, ապա երկար չեն մնա իրենց պաշտոններին, հետևությունները թողնում եմ Ձեզ։ Խնդրում եմ Ձեր անմիջական վերահսկողությամբ ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել ՀՀ օրենսդրության և միջազգային պայմանագրերին համապատասխան միջոցներ ձեռնարկելու հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ թե հանցավոր խմբի և թե վերոնշյալ պաշտոնատար անձանց նկատմամբ:



Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Ռուզան Ադանալյան