Ես որևէ մեկի մանդատը չեմ զբաղեցնում

Ես որևէ մեկի մանդատը չեմ զբաղեցնում

Հակոբ Նազարյանը, Գեւորգ Պետրոսյանն ու Նորա Առուստամյանը երեկ առաջին անգամ մասնակցեցին ԱԺ նիստին։ Նրանք «Ծառուկյան դաշինքի» այն պատգամավորներն են, որոնք խորհրդարանում հայտնվեցին մյուսների ինքնաբացարկների շնորհիվ։ Օրինակ՝ Մալաթիայից ընտրված Հակոբ Նազարյանից առաջ երկու հոգի ինքնաբացարկ է հայտնել, որպեսզի Մալաթիայի ԲՀԿ կառույցի ղեկավար Նազարյանը դառնա պատգամավոր։ «Ծառուկյան դաշինքում» սա համարում են քաղաքական, ջենթլմենական պայմանավորվածություններ եւ որեւէ սկանդալ չեն տեսնում, սակայն մամուլում այդ ինքնաբացարկներից հետո մեծ աղմուկ բարձրացավ, խոսվեց պարտադրանքով ինքնաբացարկ գրելու մասին։ Երեկ նորաթուխ պատգամավորից հետաքրքրվեցինք՝ նման իրադարձությունների արդյունքում խորհրդարանում հայտնվելը կարո՞ղ է կաշկանդող հանգամանք լինել իր համար։ «Բացարձակապես կոմպլեքսավորող կամ խոչընդոտող հանգամանք չի կարող հանդիսանալ, մամուլից բոլորը տեղեկացել են ամբողջ ընթացակարգին՝ ոնց են տեղի ունեցել դեպքերը, զարգացումները, ես օգտվել եմ իմ իրավունքից, իրենք օգտվել են իրենց իրավունքից, տվել են հրաժարական»,- ասաց նա։



- Ձեզնից առաջ երկու հոգի հրաժարվեցին մանդատից, որ Դուք դառնաք պատգամավոր։



- Նրանք արել են էն, ինչ որ արդեն բոլորին հայտնի է, տվել են հրաժարական, եւ կուսակցության ու կուսակցության առաջնորդի քննարկման արդյունքում այդ մանդատը վստահվել է ինձ, ինչի համար ես շատ շնորհակալ եմ, եւ շատ պարտավորեցնող է, եւ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Ազգային ժողովում ունենանք ակտիվ մասնակցություն եւ արդարացնենք էն հույսերը, որ կապում են ե՛ւ ֆրակցիան, ե՛ւ մեր կուսակցության ղեկավարը, ե՛ւ էն ընտրողները, ովքեր վստահության քվե են տվել։



- Ձեզ հետ կապված՝ ընտրությունների շրջանում ինքնաբացարկ գրելու որեւէ քաղաքական, ջենթլմենական պայմանավորվածություն եղե՞լ է։



- Որեւէ էդպիսի բան չի եղել, մնացած ամբողջ ընթացակարգին էլ ծանոթ եք։



- Բայց Իվետա Տոնոյանն ասաց, որ մյուսների հետ եղել է։



- Եթե Իվետա Տոնոյանն ասել է, միգուցե ինքը կասի, թե ինչպիսի պայմանավորվածություն է եղել։ Ես նման դիմում չեմ գրել։



- Դուք 3 հազար 569 ձայն եք հավաքել, ավելի քիչ, քան ցուցակում Ձեզնից առաջ գտնվածները, որոնք ինքնաբացարկ ներկայացրին։ Սա արդա՞ր է ընտրողների հանդեպ, փաստացի հրաժարվողներին ընտրողն ավելի շատ ձայն էր տվել։



- Մենք փաստն ենք արձանագրում, որ նրանք, ովքեր որ հրաժարականի դիմումներ են տվել, տվել են իրենց կամքով, եւ ես մասնակցել եմ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով, եւ, ուրեմն, իմ հավաքած ձայների քանակով այսօր հերթական քննարկման արդյունքում առաջարկվել է, որ ես պետք է ստանամ այդ մանդատը։



- Բայց զբաղեցնում եք ուրիշի մանդատը։



- Ես որեւէ մեկի մանդատը չեմ զբաղեցնում, ես զբաղեցնում եմ իմ մանդատը, որն ինձ է տրվել իմ անունով, իմ ազգանունով, ԿԸՀ-ի կողմից։



- Արդեն պատկերացում ունե՞ք, թե որ ոլորտում, որ հանձնաժողովում եք գործունեություն ծավալելու։



- Հանձնաժողովների մասին դեռեւս որոշման փուլում է, կորոշենք, կունենանք նաեւ օրենսդրական առաջարկություններ, դրա համար երկար ժամանակ ունենք, կաշխատենք, Դուք էլ ներկա կլինեք, կտեսնեք։



- Իսկ մինչեւ պատգամավոր դառնալը, թեկնածու եղած ժամանակ ունեի՞ք Ձեր ծրագրում մատնանշած խնդիրներ, թե ինչի շուրջ եք աշխատելու։



- Այո, սոցիալական ոլորտի հետ կապված առաջարկություններ կլինեն օրենսդրական, տարբեր ոլորտների հետ, Ընտրական օրենսգրքի հետ կապված՝ ունենք տարբեր մոտեցումներ, մնացածն էլ ընթացքում Դուք կիմանաք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ