Ետ վերցնել մեր դիրքերը, որ խաղաղ լինեն օրորոցները․․․

Ետ վերցնել մեր դիրքերը, որ խաղաղ լինեն օրորոցները․․․


Որ Բաղանիսն ու Ոսկեպարը նշանառության տակ են, այդ մասին չեմ ուզում խոսել, փաստ է։ Այլ այն մասին, որ գյուղերը նշանառության տակ են վերցվում այն դիրքերից, որոնք մի ժամանակ մերն են եղել։



Համեմատություն եմ ուզում անցկացնել Սյունիքի սահմանամերձ գյուղերի, քաղաքների հետ։ Նախկինում հրետակոծության տակ էին։ Հիմա նշանառության տակ չեն, որովհետև այն դիրքերը, որտեղից արձակվում էր կրակ, լռեցվել են, այդ դիրքերը դարձել են մեր պաշտպանական զրահը։



Այս երկու պարզ համեմատությունը կողք- կողքի դնելով, ուզում եմ պատկերացնել՝ ինչպե՞ս կարելի է թշնամուն թույլ տալ մտնել «մեր քթի տակ»՝ ակնկալելով խաղաղություն։ Կամ ինչպես կարելի է մեր պաշտպանական դիրքերը հանձնել մի այլ խաղաղապահ երկրի ու ասել՝ ապահովիր մեր անվտանգությունը։ Մեզանից լավ մեր անվտանգությունը ապահովող կլինի՞․․․ Մյուս կողմից էլ՝ ինչպե՞ս կարելի է դիրքը անվանել ամայի տարածք։



Կարդում եմ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, Սամվել Բեգլարյանի գրառումը․



«Մեր երեխան հրաշքով է փրկվել: Մեր տունը տուֆի քարերով պատված է, երկու տուֆի արանքով գնդակը եկել ու երկու տարեկան Հովհաննեսի օրորոցին է կպել: Պատկերացնում եք մեր վիճակը, մեր նյարդերը հո քարից չեն»։



Կարդում ու ակամայից հիշում եմ նախկինում գնդակոծվող Գորիս քաղաքը, գյուղերը։ Մեր տունը, որ թշնամու հրետակոծությունից մաղի պես ծակծկվել ու առ այսօր այդպես էլ մնում է։ Քանի՜- քանի՜ տարի գնդակը խաղում էր երեխաների օրորոցների շուրջ․․․ Մնում էր մի ելք՝ լռեցնել կրակող օջախը, որ խաղաղ լինեն օրորոցները․․․



․․․ Ու դա արվեց։ 



Սամվել Բեգլարյանը հենց դա է խնդրում Պաշտպանության նախարարից՝ ետ վերցնել մեր դիրքերը, տղերքը պատրաստ են։



․․․ Հասկանում եմ նաև, որ գերտերությունների օվկիանոսում այնքա՜ն դժվար է որոշում կայացնելը, այս պահին այնքա՜ն պայթունավտանգ․․․



Հասմիկ Բաբաջանյան