Սպիտակի վերելակների գործարանը քանդում-տեղափոխում են Քաջարան

Սպիտակի վերելակների գործարանը քանդում-տեղափոխում են Քաջարան

Սպիտակի վերելակների գործարանի մասին մենք նախորդ ամիս գրել էինք, որ սկսել են քանդել։ Սպիտակցիները դեմ են դրան, ասում են՝ Սովետական Միությունից ժառանգություն մնացած լավագույն կառույցներից մեկն է, սեյսմակայուն, հզոր պատերով եւ թանկարժեք կոնստրուկցիաներով։ Մեր հրապարակումները, սակայն, չնվազեցրին գործարանը քանդելու ցանկությունն այն անձանց մոտ, որոնք ձեռք են բերել այդ գործարանը։ Սպիտակի վերելակների գործարանը 2008 թվականին ձեռք է բերել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ աշխատեցնելու փոխարեն որոշել է քանդել այն։ Հիմա մետաղական կոնստրուկցիաներն ապամոնտաժում եւ տեղափոխում են Քաջարան՝ այնտեղ իրենց բիզնեսում օգտագործելու կամ որպես մետաղաջարդոն իրացնելու նպատակով։



Սպիտակի քաղաքապետն ու քաղաքի ավագանին դեմ են արտահայտվել այս որոշմանը, սակայն դա չի խանգարել, որ կոմբինատի ղեկավարությունը հետ չկանգնի իր մտադրությունից։ «Քաղաքապետարանը չի տվել թույլտվություն» հոդվածի հրապարակումից հետո մեզ հետ կապվելով՝ ասել էր քաղաքապետ Գագիկ Սահակյանը։ «Ես հիմա դիմել եմ ոստիկանություն՝ պարզելու համար, թե ով է քանդում»։ Իսկ 2008 թվականին Սպիտակի ավագանին ուղերձով դիմել էր սեփականատիրոջը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը, հայտնելով, որ նպատակահարմար չեն գտնում շենքի քանդումը։ Սակայն չնայած ավագանու որոշմանն ու քաղաքապետի՝ ոստիկանություն դիմելուն, շենքը քանդում են եւ այս մեկ ամսվա ընթացքում այդ գործում լավ «առաջ» են գնացել։ Սպիտակցիները վրդովված են փաստից՝ երեկ եւս նրանք ահազանգեցին, թե «քանդման աշխատանքները նոր թափ են հավաքել»։



Պայքարողների խմբին է միացել նաեւ Սպիտակի նախկին քաղաքապետ Նորիկ Մուրադյանը, որի օրոք էլ՝ 1989 թվականին, երկրաշարժից անմիջապես հետո, կառուցվել է այս գործարանը։ Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ վերելակների գործարանը կառուցելու համար ժամանակին Բելառուսից շատ մեծ քանակությամբ՝ մի քանի հազար տոննա մետաղական կոնստրուկցիաներ են բերել Հայաստան, որոնք 9 բալ սեյսմակայունություն ունեն։ «Հիմա լիֆտերի գործարանում մնացել է միայն կարկասը, ներսի եղած-չեղածը թալանել-ծախել են, էդ կարկասն էլ հիմա են քանդում, որ տանեն Քաջարանի պղնձամոլիբդենի կոմբինատ։ Տանում են, որ արտադրություն դնեն, 5 տարի է՝ չեն դնում արտադրություն, հիմա էլ քանդում են, որ տանեն-ծախեն»,- ասաց Նորիկ Մուրադյանը՝ նշելով, որ շենքը Քաջարանի կոմբինատը գնել է հենց քանդել-վաճառելու համար, ոչ թե արտադրություն հիմնելու։



Այժմ սպիտակցիները որոշել են նամակով դիմել ՀՀ պետական այրերին՝ ակնկալիքով, որ նրանք կկանխեն գործարանի քանդումը։ Մասնավորապես, «Սպիտակի մոռացված ժողովուրդ խորհրդի» նախագահ Համլետ Դիլբարյանն իր ՀԿ-ի անունից նամակ է գրել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին եւ իրենց տարածաշրջանի չորս պատգամավորներին՝ ՀՀԿ-ականներ Արկադի Համբարձումյանին, Կարեն Կարապետյանին, Վահրամ Բաղդասարյանին եւ «Ծառուկյան դաշինքից» Վանիկ Ասատրյանին։ «Եթե պետականությունը կա, պետականության փողերից օգտվողներ կան, հիմա մենք ո՞ւմ դիմենք, որ մեզ օգնեն»,- ասաց պարոն Դիլբարյանը՝ խնդրելով մի բան անել, օգնել, որ գործարանը չքանդվի։



Մեր հարցին, թե ինչպես են պատկերացնում գործարանի ճակատագիրը, Հ․ Դիլբարյանն ասաց, որ մտադիր են վերագործարկել գործարանը՝ հիմնելով եկամտաբեր արտադրություն․ այդ գործարանի նման կառույց աշխարհում շատ քիչ կա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ