Հանդուրժողականության ծիլեր Ադրբեջանում

Հանդուրժողականության ծիլեր Ադրբեջանում
Արձակագիրը չի ուզում հրապարակել այդ կազմակերպության անունը, որովհետեւ ադրբեջանցիները "գլխի են գցել", որ նրանց կարող է վտանգ սպառնալ: Լեւոն Ջավախյանի մրցանակը մեզ մոտ նույնպես միանշանակ չի ընդունվել: Վերջերս "Կետիկնոցում"՝ "Վերնիսաժ" սրճարանում, նրան է մոտեցել մի հայ գրող եւ "թուրք" բառից խուսափելով, նրան քուրդ է անվանել: Պարոն Ջավախյանը նրա անունը նույնպես չի ուզում հրապարակել, որովհետեւ վերջինս ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Լեւոն Ջավախյանը կարծում է, որ ոչ մի ժողովրդի անուն չի կարելի որպես պարսավանք ու վիրավորանք հնչեցնել: "Քուրդ կա՝ հարյուր հայ արժե",-ասում է արձակագիրը:

- Երեկ Դուք մրցանակի եք արժանացել: Ի՞նչ մրցանակ էր դա:

- Դա մի տարօրինակ մրցանակ էր, որի մասին մենք իմացանք երկու ամիս առաջ: Ժամանակին՝ երկու-երեք տարի առաջ, "Պանորամա" թերթում տպել եմ "Քիրվա" պատմվածքը, հա, հետո պատահական իմացա, որ էդ պատմվածքը ադրբեջանական ինչ-որ հասարակական կազմակերպության կողմից արժանացել է մրցանակի՝ Հարավային Կովկասում հանդուրժողականություն քարոզելու համար: Սա տարօրինակ մրցանակ է էն առումով, որ նախ, ես չեմ սպասել մրցանակի, եւ երկրորդ՝ հատկապես դետեկտիվ եղավ էդ մրցանակի շնորհումը: Մրցանակը ստացել եմ Թիֆլիսում հազար ինը հարյուր, որ թիվն ա հիմա, մայիսի քսաներեքին, փաստորեն երեկ եմ ստացել: Շատ տարօրինակ էր մրցանակը տալու կերպը: Ես սպասում էի, որ Բաքու չեմ գնալու, Թիֆլիսում են տալու մրցանակը: Նշված էր օրը, որ ամսի քսաներեքին պիտի ստանամ էդ մրցանակը: Բայց ես ոչ մրցանակ տվող կազմակերպությունը տեսա, ոչ մրցանակային հանդիսությունը, ոչ մրցանակ տվողին: Մեղավորը երեւի իրենք չեն, մեղավորը իրավիճակն ա: Պարզապես Ադրբեջանում իրավիճակն էնպես ա, որ հատկապես իրենց համար արտառոց ա, որ մի որեւէ հասարակական կազմակերպություն առանց վերադասի, առանց իշխանությունների թույլտվության խիզախում ա, համարձակվում ա մրցանակ տալ հայ գրողին: Էդ մրցանակը, ինչպես ես հասկացա, տալիս են տարին մեկ անգամ էդ անվանակարգով՝ Հարավային Կովկասում ամենալավ գրողին: Առաջին անգամ նրանք խիզախել են եւ համարձակվել են հայ գրողի տալ: Գաղտնիության պայմաններում տրվող, էդ ձեւով տրվող էդ մրցանակը գալիս ա էս իրավիճակից: Դա նաեւ խոսում ա Ադրբեջանում դեմոկրատիայի, ազատ խոսքի վիճակի մասին:  Չէի ասի, որ մեր մոտ ավելի լավ վիճակ է: Ուզում եմ ասել փառք ու պատիվ ադրբեջանցի էդ մարդկանց, նրա համար չեմ ասում, որ ինձ են տվել, այլ նրանց համարձակության ու խիզախության:

- Իսկ նրանց հանդիպեցի՞ք, ինչ-որ շփումներ եղա՞ն:

- Ես նրանց չեմ տեսել, էդ մրցանակը ստացել եմ գերգաղտնի պայմաններում: Ուրիշի միջոցով եմ ստացել:

- Այդ ուրիշը վրացի՞ էր:

- Չեմ կարող ասել ումից: Իրենք էնքան էին իրենց համար անհանգստացած, որ վերջի պոչի անունն էլ ես չեմ ուզում տալ: Մայիսի 23-ին հանդիսություն էր նշանակված, բայց վերջին պահին նրանք որոշել էին էդ էլ չանել:

- Իսկ Ձեզ տեղեկություն չի՞ հասել՝ նրանց սպառնացե՞լ են, թե՞ նրանք պարզապես զգուշանում են:

- Իրենք իրենց երկիրը լավ գիտեն, իրենց պայմանները լավ գիտեն, ըստ այդմ էլ զգուշանում են: Զգուշացրել էին նաեւ այն մարդկանց, ովքեր ինձ հետ հաղորդակցվել են մրցանակը տալիս:

- Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հայատյացության քարոզչություն է գնում: Մենք պիտի հանդուրժողականություն հանդես բերե՞նք:

- Վտանգը, որ լինում ա, միակողմանի չի լինում, երկուստեք ա լինում: Եթե Աստված ստեղծեց Ադամին եւ նրա կողից ստեղծեց իր տիկնոջը՝ Եւային: Աստված Ադամի տիկնոջը տվեց Ադամի կողը, իսկ ամենակարեւորը՝ մարդկությանը նվիրեց սերը: Մարդիկ էնպես չեն վարվում էդ սիրո նկատմամբ, ինչպես որ հարկն է: Դոստոեւսկին ասում էր, թե գեղեցկությունը կփրկի աշխարհը, հիմա, ըստ իս, ոչ թե գեղեցկությունը կփրկի աշխարհը, այլ գեղեցկության ստեղծողները՝ մարդը, մարդկային հարաբերությունները: Աշխարհը եւ մարդկությունը մեծ գործ ունեն անելու ժողովուրդների մեջ խաղաղություն, բարեկամություն, համերաշխություն ստեղծելու համար:

- Պատմությունը ցույց է տվել, որ այդ երկու ժողովուրդները շատ դժվար են իրար հետ ապրում:

- Ես քեզ ու ընթերցողին հարց եմ տալիս՝ էդ ինչի՞ մինչեւ Ռուս-թուրքական պատերազմը, մինչեւ Ռուսաստանի՝ իր քաղաքական շահերով այստեղ հայտնվելը այդպիսի կոտորածներ չեն եղել: Ես չեմ ուզում զրույցը քաղաքականացնել: Ես իմ պատմվածքի մեջ խոսում եմ պարտքի մասին: Մարդը պարտք ա մարդուն, մարդը պարտք ա մարդկությանը՝ բարեկամություն: Եթե էդ պարտքի զգացումով մենք մտնենք աշխարհ, ապա շատ կոնֆլիկտներ կհարթվեն:

- Մեզ մոտ ո՞նց ընդունեցին Ձեր մրցանակը:

- Մենք մեզ համարում ենք դեմոկրատ, մենք մեզ համարում ենք հանդուրժող, բայց էս խաբարը եղավ թե չէ՝ իմ առումով էնպիսի մի հարձակում սկսվեց, որ ես չեմ հասկանում իմ մեղքն ինչ ա: Էնպիսի պատմվածք եմ գրել, որ դուր ա եկել ադրբեջանցու: Դուր ա եկել՝ քիչ ա, մրցանակ էլ ա տվել: Է, թող իրանք տային մրցանակ: Իրանց ձեռը չի գնում մրցանակ տան, բայց դույզն ասած՝ ես մրցանակների համար չեմ գրում: Ես ոչ ադրբեջանցու, ոչ ռուսի, ոչ հայի, ես ընթերցողի, ընդհանրապես մարդու համար եմ գրում: Ինձ համար ամենամեծ մրցանակն էն ա, որ փողոցով գնալիս մեկը փեշիցս քաշում ա, ասում ա՝ կներեք, Լեւոն Ջավախյանը Դո՞ւք եք: Օրինակ, ինչ ասեմ ես "Իրավունք" կոչեցյալ թերթին, որի բեղլո խմբագիրը արդեն երկու-երեք անգամ իմ դեմ հոդված ա գրում, որտեղ ինձ մեղադրում ա ազգուրացության, ազգադավաճանության մեջ: Թերթի անունն էլ "Իրավունք" ա: "Իրավունք" գրում ա, բայց իմ իրավունքին, ընթերցողի իրավունքին կպչում ա, հա՞: Էդպիսի բեղլոներից մենք պիտի ազատագրվենք: Իմ կոլեգաները նույնիսկ միանշանակ չեն ընդունում: Էդ խմբագիրը ի՞նչ ա արել իր ժողովրդի համար որպես հայ: Ղարաբաղում կռվել ա՜, մարտնչել ա՜: Նա հայրենասիրությամբ ա զբաղված՝ իրա գործը չեմ տեսնում: Էդպես կուրծք ծեծելով հայրենասիրությամբ զբաղվելը շատ վատ բան ա: Էդպիսի մեկը կար հայրենասիրությամբ զբաղվող, ասում էինք՝ բա խի՞ չես գնում Ղարաբաղում կռվես, ասում էր՝ հենա մեր տունը սաղ օրը կռիվ ա, էլի: Հայրենասիրությամբ չեն զբաղվում, հայրենասիրությամբ գործում են: Մեզ հերոսներ պետք չեն, մեզ ազատ քաղաքացի է պետք:

- Պատերազմում տարած հաղթանակներից հետո մենք որոշ չափով ազատվեցինք մեր բարդույթներից, ադրբեջանցիները նոր են սկսել բարդույթավորվել: Սա ո՞ւր է տանելու:

- Մեր պատմությունը, եղեռնը, էն գեհենը, որի միջով անցել ա մեր ժողովուրդը, էդ ամբողջը բարդույթ ա, ու հեշտ էլ չի ազատվել էդ բարդույթից: Ինչի՞ հայ գրողները եւ հասարակությունը իրենց լավ են զգում, երբ Օրհան Փամուկն իր գրվածքում գոնե կիսաձայն խոստովանում է, որ եղեռն ա եղել: Մենք օվսաննա ենք ասում էդ գրողին, բայց եթե ինչ-որ հայ գրող ասում ա, որ իրենք էլ ժողովուրդ են, ինչպես մենք, չի կարելի դա ասել: Էդ թշնամանքը ո՞ւր ա տանելու: Էս մրցանակը ցույց է տալիս, որ Ադրբեջանում հանդուրժողականության ծիլեր կան: Հետո՝ պարտվողի ու հաղթողի հոգեբանությունը նույնը չի, մենք պիտի մի քիչ ներողամիտ լինենք: