Երդվյալների ինստիտուտ. փաստարկներ հօգուտ եւ ընդդեմ

Երդվյալների ինստիտուտ. փաստարկներ հօգուտ եւ ընդդեմ
Հարցազրույց փաստաբան Հայկ Ալումյանի հետ

- Ժողովուրդը դժգոհ է իրավապահ մարմիններից եւ հատկապես դատական համակարգից, դժգոհների թվում են նաեւ բազմաթիվ փաստաբաններ, որ հասկանալի է. Ձեր հաղթանակները եզակի են: Փաստ է, որ արդարացման դատավճիռները չեն կազմում քրեական գործերով դատավճիռների նույնիսկ 1 տոկոսը: Ի՞նչ է դա նշանակում:

- Դա նշանակում է երկուսից մեկը: Առաջինը, որ մեր ոստիկանությունն ու դատախազությունն այնքան անթերի են քննում քրեական գործերը, որ ոչ մի անգամ անմեղ մարդ չի հայտնվում ամբաստանյալի աթոռին: Եթե մենք ընդունում ենք այդ տարբերակը, նշանակում է, որ մեր այդ համակարգերը աշխարհում ամենակատարյալն են: Կամ եթե նրանք էլ, ինչպես այլ երկրներում, կարող են երբեմն սխալվել, նշանակում է, որ դատարանը պարզապես արդարադատություն չի իրականացնում, այլ ընդամենը վավերացնում են դատարան մտած մեղադրական եզրակացությունները: Անձը, որը մտավ դատարան մեղադրյալի կարգավիճակով, ունի մեկ ընտրություն՝ մեղավոր ճանաչվել ու դատվել խիստ, կամ մեղավոր ճանաչվել ու դատվել մեղմ: Բայց ոչ արդարացվել: Ինձ  բախտ է վիճակվել ներկա լինել ամերիկյան դատավարություններում: Դատավորներից մեկը մի անգամ  ասաց՝ եթե երդվյալները չլինեին, մենք տարիների ընթացքում կդառնայինք երկրորդ մեղադրող դատական պրոցեսում: Եթե դատավորը մեկի նկատմամբ կայացրեց արդարացման դատավճիռ, ինքն անմիջապես խիստ հակադրման է մտնում դատախազության հետ: Իսկ դատավորի համար դատախազության հետ կոնֆրոնտացիայի մեջ մտնելը հղի է ծանր հետեւանքներով: Դատավորը նաեւ կոնֆլիկտի մեջ է մտնում վերադաս դատական ատյանների հետ: Եւ որքան բարձր է դատական ատյանը, այնքան ավելի քիչ է այդ ատյանը հակված արդարացման դատավճիռ կայացնելուն: Այսօր ամենադժվարն է ակնկալել արդարացման դատավճիռ վճռաբեկ դատարանից:

- Մոտենում ենք գլխավոր հարցին՝ երդվյալ ատենակալների դատարանի վերաբերյալ:

-  Ես համոզված եմ այդ ինստիտուտի անհրաժեշտության մեջ: Իհարկե, երդվյալների մասնակցությունը պետք է լինի միայն այն դեպքերում, երբ կա ամբաստանյալի միջնորդությունը: Մինչեւ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը, այսինքն 1995 թվականի Սահմանադրությունը նախատեսում էր երդվյալ ատենակալների ինստիտուտը: Ոչ պարտադիր, բայց ձեւակերպումն այնպիսին էր, որ օրենքով սահմանված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալ ատենակալների մասնակցությամբ: Այդ հնարավորությունը կար, թեեւ չէր օգտագործվում:

- Իսկ չէր օգտագործվում, քանի որ դա կարող էին իրականացնել երդվյալների ինստիտուտի հակառակորդները:

-  Ավելին, նրանք նաեւ արմատախիլ արեցին Սահմանադրությունում նախատեսված այդ հնարավորությունը: Դրանով փակվեցին երդվյալ ատենակալների դատարանի ներմուծման բոլոր ճանապարհները:

- Մեզ ասում էին՝ իրավաբանությունից հեռու ինչ-որ մարդիկ գան-նստեն դատարանում ու որոշումնե՞ր կայացնեն:

- Այդ ասողները երեւի թե պետք է իմանային, որ հանցանքի որակավորումը տալիս են մասնագետները:  Դատավարության երկու կողմերը պետք է երդվյալ ատենակալներին, այսինքն սովորական քաղաքացիներին, ժողովրդին ապացուցեն, որ տվյալ անձը կատարել է այդ սպանությունը կամ չի կատարել, կամ՝ որ ապացույցները թույլ են: Ժողովրդի ներկայացուցիչները պիտի գնահատեն մի բան՝ փաստերը բավարա՞ր են, թե՞ ոչ: Այսինքն ժողովուրդը պետք է որոշի՝ տվյալ անձն իր արարքի համար արժանի՞ է դատապարտման, թե՞ ոչ:

- Շատերը կարծում են, որ դա պետության խնդիրն է:

- Ոչ: Պետությունը նրա համար չէ, որ որոշի՝ տվյալ անձը  կատարե՞լ է հանցագործություն, թե՞ ոչ: Նրա համար է, որ պայմաններ ստեղծի, որպեսզի ժողովուրդը որոշի, թե այդ մարդը պետք է  դատապարտվի՞, թե՞ ոչ: Պետությունը նրա համար է, որ ցանկացած մարդու, անկախ նրա դիրքից, գույքային հնարավորություններից եւ այլ հանգամանքներից,  կարողանա բերի-կանգնեցնի հանրության դատի առաջ: Եւ պետությունը նրա համար է, որ կարողանա հանրության կամքն իրականացնել՝ այդ մարդուն պատժել:

- Ի՞նչ փաստարկներ են ներկայացնում երդվյալների դատարանի քննադատները:

-  Առաջինը՝ որ այսչափ փոքր պետության մեջ երդվյալների դատարանը չի կարող գործել արդյունավետ: 3 միլիոնանոց պետության մեջ ոնց էլ լինի՝ ցանկացած ամբաստանյալ կարող է ելք գտնել, ճնշման լծակներ գտնել երդվյալների նկատմամբ: Ժամանակին, եթե չեմ սխալվում՝ 2003-ին, այս  փաստարկը հնչեց ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ քննարկվում էր երդվյալների ինստիտուտի անհրաժեշտության հարցը: Հրավիրված էր նաեւ ամերիկյան դատավորներից մեկը: Որպես օպոնենտ հանդես էր գալիս վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը: Նա ասաց, որ երկար տարիներ իր  դատական շրջանի բնակչության քանակը 30 հազար էր, եւ այդ 30 հազարի մեջ ամեն անգամ կատարվում էր երդվյալների ընտրությունը: Եղել են դեպքեր, երբ երդվյալների որոշումն իր համար այդքան էլ համոզիչ  չի եղել: Բայց երբեւէ նրանց որոշումն այնպիսին չի եղել, որ ինքը կասկածեր նրանց շահագրգռվածության մեջ: Եթե 30 հազարի պարագայում կարելի է իրականացնել արդարադատություն, ապա առավել եւս դա հնարավոր է 3 մլն. բնակչության պայմաններում:

Երկրորդ փաստարկը, որ անմիջապես հնչեց, վերաբերեց մեր ժողովրդի "մի քիչ ուրիշ" մենթալիտետին: Ճիշտն ասած, այստեղ ընդդիմախոսեցի ես: Երբ Ամերիկայում  ձեւավորում են հերթական երդվյալների դատարան, եւ  նրա կազմում լինում են հայեր, որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում, որ հայերն ընդունակ չեն արդար երդվյալ լինել: Իսկ մենք մեզ համարում ենք այդպիսին:

-  Երեւի թե հայերն է՞լ առիթ չեն տվել նման կարծիք ստեղծելու համար: Լինելով երդվյալ, մարդը զգում է պատասխանատվության մեծ բեռը, ու նրա մենթալիտետը փոխվում է դեպի լավը:

- Մարդը կերպարանափոխվում է, երբ զգում է իր պատասխանատվության չափը: Ես տեսել եմ ԱՄՆ երդվյալների մասնակցությամբ դատավարություններ, տեսել եմ, թե ինչպիսի պատասխանատվությամբ են ամենահասարակ քաղաքացիները մոտենում իրենց պարտականություններին, կլանված լսում ամեն բառ, որ հանկարծ չսխալվեն: Դա թերեւս ամենաճիշտ ձեւն է դատարանի նկատմամբ հարգանք առաջացնելու: Այսինքն, երբ որ հանրությանն ասում ես, որ ոչ թե դատարանը, այլ դուք այս մարդուն դատեցիք ու մեղավոր ճանաչեցիք, ժողովուրդը չի կարող վստահությամբ չմոտենալ իր իսկ որոշումին:

- Երրորդ փաստարկն իհարկե կվերաբերեր մեր բյուջեի՞ն:

- Ճիշտ այդպես: Եւ այստեղ հիշենք, թե ինչ ճանապարհ է անցել մեր դատական ռեֆորմը: Մի ժամանակ դատարանում կային դատավոր, նիստի քարտուղար ու մի քանի աշխատող գրասենյակում: Ռեֆորմի ընթացքում  ավելացավ օգնական, հետո՝ գործավար, հետո՝  աշխատակազմի ղեկավար... Իսկ վճռաբեկ դատարանի աշխատակիցների թիվը երեւի տասնապատկվեց կամ քսանապատկվեց: Դրանց համեմատ երդվյալների ծախսերն այդքան սարսափելի չեն: Արդարադատությունն ընդհանրապես ծախս պահանջող ոլորտ է: Մենք այսօր ունենք դատապարտվածներ, որոնք ոչ մի կապ չունեն այդ հանցագործությունների հետ: Ի՞նչ արժեքի վերածել այդ մարդկանց տառապանքները: Ի՞նչ գումարային արտահայտությամբ չափել այն անարդարությունը, երբ  իրական հանցագործն ազատության մեջ է, իսկ մեկ ուրիշը նրա պատիժն է կրում: 14 տարվա փաստաբանական աշխատանքի ընթացքում ես դեռ չեմ հանդիպել մարդու, որը վստահի դատարանին:  Իսկ դա ինչպե՞ս չափենք:

- Ինչպե՞ս պատահեց, որ այս հարցում մենք չհետեւեցինք Ռուսաստանի օրինակին:

- Զարմանալի ընդունակություն եմ նկատել մեր օրինաստեղծների մոտ: Ցանկացած երկրից վերցնում են այն օրենքները, որոնք առավելագույնս սահմանափակում են մարդու իրավունքները: Եթե նույն Ռուսաստանում կարելի է, ասենք, լսել գործը դատարանում մեղադրյալի բացակայության պայմաններում, մենք դա անմիջապես կնկատենք ու կվերցնենք: Կամ վանդակ տեսնենք դատական դահլիճում, արագ կերպով կտեղադրենք, որ հետո՝ 10 տարի պայքարից հետո, այն էլ Եւրադատարանի օգնությամբ դրանք վերացնենք: Բայց երբ  Ռուսաստանը գործունեության մեջ դրեց երդվյալների դատարանը, մենք դա չնկատեցինք: