Կրկնում ենք առաջին հանրապետության սխալը

Կրկնում ենք առաջին հանրապետության սխալը
Եթե մենք համեմատենք 1918թ. ստեղծված առաջին հանրապետությունը երրորդ հանրապետության զարգացումների հետ, ակնհայտ է, որ տարբերությունները շատ են: Նախեւառաջ 1991թ. ստեղծված Հայաստանը շատ արագ կարողացավ որոշակի հաջողություններ ձեռք բերել միջազգային ասպարեզում, պատերազմի դաշտում, տնտեսության վերափոխման, ժողովրդավարության տարածման մեջ: Սահմանադրություն ընդունվեց, օրենսդրական ասպարեզում էլ փոփոխությունները շատ արագ կատարվեցին եւ այլն: Փաստորեն, 94թ. զինադադարից հետո երկիրը մտավ որոշակի զարգացման փուլ: Որոշակի հարցեր կային, ասենք՝ Ղարաբաղի հարցը, որը Հայաստանի համար բավականին պրոբլեմատիկ էր այն առումով, որ իր հետեւից բերում էր  շրջափակում: Ահա այդ հարցի վրա Հայաստանը, փաստորեն, լռվեց, իշխանափոխություն տեղի ունեցավ՝ դեմագոգների եւ շահախնդիր  օտարամոլների ձեռքով: Իսկ առաջին հանրապետությունն ուղղակի չկարողացավ ոչինչ անել իր գոյությունը պահպանելու համար: Նկատի ունենանք, որ առաջին հանրապետությունն ընդամենը 3 փաստաթուղթ է ստորագրել իր գոյության 2,5 տարվա մեջ: Փաստորեն, երեքն էլ՝ եւ Բաթումի խայտառակ պայմանագիրը, եւ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, եւ երեւանյան պայմանագիրը գրանցում են Հայաստանի պարտությունները:  Երեւանյանն ընդհանրապես երկիրը հանձնելու պայմանագիր էր: Փաստորեն, հենց նույն բանն էլ տեղի է ունենում այժմ: Հայաստանը, փաստորեն, 2008-ին սառեցրեց հարաբերություններն իր հարեւանների հետ եւ որեւէ միջոց չի կարողանում գտնել: Փաստորեն, վերջին 10 տարում Ադրբեջանը հավաքեց տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հայտարարությունների մի հսկայական տրցակ, որը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում հօգուտ Ադրբեջանի է: Այսինքն, կրկին նույն սխալն ենք կատարում. մեր հարցերը լուծելու փոխարեն թողնում ենք, որ ուրիշները լուծեն: Ռուսաստանը միշտ այդ ուրիշներից մեկն է եղել, եւ վերջիվերջո, երբ որ նա է խառնվել հարցերի լուծմանը, մենք միշտ վնաս ենք կրել: Այդքան պատմական փորձի պայմաններում էլ մենք որեւէ իրավունք չունեինք կրկնելու առաջին հանրապետության սխալը: Առաջին հանրապետության միակ լուսավոր կողմն այն էր, որ ստեղծվեց հայկական պետականություն: Բայց այն ժամանակվա քաղաքական ուժերն ու գործիչներն այնքան թույլ ու ոչ իրատես էին, որ չկարողացան այդ երկիրն առաջ տանել եւ անկախությունը պահպանել: Հիմա նույն իրադրությունն է առաջացել: Վերջին 12 տարում հայկական դիվանագիտություն գոյություն չունի: Չկա այդպիսի բան: Մենք գրեթե բոլոր ասպարեզներում ենք սխալ ուղղությամբ գնացել: Խոսքը իշխանությունների եւ իբր թե ընդդիմության դեր կատարողների, կեղծ ընդդիմության մասին է: Որեւէ քայլ չի կատարվել, որ մեր հարցերը հարեւանների հետ լուծելը նախընտրելի համարվի: Սա արդեն դառնում է հիվանդություն եւ հայ ժողովրդին շատ վատ ապագա է խոստանում: Դրա համար ես կարծում եմ, որ եթե առաջին եւ երրորդ հանրապետության միջեւ համեմատություն ենք փնտրում, ապա դա Հայաստանի վերջին 12 տարիների բացարձակապես անշարժ, ստատիկ դրությունն է, նրա արտաքին քաղաքական գործունեության կատարյալ ձախողումը, որը վտանգում է երկրի գոյությանը: