Թե ինչ է լինում, երբ դեսպանները զբաղվում են ներքին խնդիրների լոբբինգով

Թե ինչ է լինում, երբ դեսպանները զբաղվում են ներքին խնդիրների լոբբինգով
Մինչ իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ձեւացնում են, թե 2216 հայտնի բանաձեւում ինչ-որ դրական բաներ են տեսնում, իրականում պարզվում է` նախագահականում ահագին զայրացած են, եւ այս օրերին որոտ ու շառաչ է թափվում Եւրամիության երկրներում Հայաստանի դեսպանատների ուղղությամբ: Այնպես որ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանին ազատելը թերեւս  միակը չլինի: Իսկ այն, որ առաջինը կանգ առան հենց նրա վրա, ըստ իրազեկ աղբյուրների, պայմանավորված է նրանով, որ Եւրամիության բանաձեւին կողմ են քվեարկել այս կառույցում ընդգրկված հիմնականում բրիտանացի  պատգամավորները: Չնայած մամուլում եղած լուրին, երեկ ամբողջ օրը նախագահական կայքում Վահե Գաբրիելյանի ազատման մասին որեւէ հրամանագիր տեղադրված չէր, իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ի պատասխան Գաբրիելյանի մասին լուրը հերքել կամ հաստատելու խնդրանքի, հայտարարեց, որ, համաձայն Սահմանադրության, դեսպաններին նշանակում եւ ազատում է ՀՀ նախագահը: Ոչ պաշտոնական խողովակները, սակայն, փոխանցում են, որ Վահե Գաբրիելյանն աշխատանքից ազատված է, եւ միայն որպես պաշտոնակատար դեռ մի քիչ էլ կմնա Մեծ Բրիտանիայում, մինչեւ որ Սերժ Սարգսյանը նոր դեսպան նշանակի: Այն, որ եւրոպական երկրներում Հայաստանի դեսպանները, որպես կանոն,  "սանատորիայում" են, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նույնը, փոքր վերապահումով, կարելի է ասել արտերկրում գտնվող դիվանագիտական կորպուսի շարքային անդամների մասին, որի արական հատվածը գոնե կես դրույք վարորդ կամ "չամադան բռնող է աշխատում", դիմավորում եւ ճանապարհում է Եւրոպա այցելած հայաստանյան ղեկավարներին ու նրանց կանանց: Պատահում է նաեւ, որ նրանց տիկնանց ուղեկցում է "Լուի Վիտոնի", "Քրիստիան Դիորի" ու "Շանելի" խանութներ: Իսկ դիվանագիտական աշխատակազմերի իգական հատվածն էլ, ըստ "ականատեսների", հիմնականում   նվիրված է սուրճ ու թեյ պատրաստելու գործին: Մեր այս պնդումը, սակայն, մի վիճելի կողմ էլ ունի. մեր երկրի դեսպանները, ի տարբերություն Ադրբեջանի դիվանագետների, կատարելապես ձախողելով  Հայաստանի ու Ղարաբաղի համար արտաքին քաղաքական հարցերի լոբբինգը, իրականում ստվերային շատ լուրջ աշխատանք են տանում միջազգային կառույցների "եւրոպաշտոնյաներին",  դիտորդական առաքելությունների ղեկավարներին ու զեկուցողներին հաճոյանալու գործում: Մասնավորապես, Հունգարիայում, Չեխիայում,  Սլովակիայում եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանին հայկական լրատվամիջոցներից մեկը մոտ երկու տարի առաջ  ֆիքսել էր Վիեննայի օդանավակայանում առավոտյան ժամը 6-ին Ջոն Պրեսկոտին դիմավորելիս: Դեպքը տեղի է ունեցել,  համաձայն բրիտանական մամուլի, կաշառակերության մեջ նախկինում մեղադրված Պրեսկոտի՝ Հայաստան կատարած հերթական այցից հետո, երբ բրիտանացի պատգամավորը պետք է նախապատրաստեր Հայաստանի վերաբերյալ զեկույց: Միաժամանակ 4 երկրներում մեր դեսպանը կարող էր այդ 4 երկրներից գոնե 4 հոգու համոզել, որ բանաձեւը չհակասի գոնե Լ’Աքուիլայի համաձայնագրին, որում, ճիշտ է, հպանցիկ, բայց նշվում է "ինքնորոշում" բառը: Կամ ինչով է զբաղված Ֆրանսիայում մեր դեսպանատունը, որը, համաձայն մեր աղբյուրների, 2008 թվականի մարտյան դեպքերին հաջորդած արտակարգ իրավիճակի հաստատումից հետո լծված էր  եւրոպական փաստաբանական ու իրավապաշտպանական շրջանակների հետ աշխատանքին, որ հետ կանգնեն Մարդու իրավունքների դատարան եւ այլ ատյաններ դիմումների նախապատրաստման աշխատանքից, օբյեկտիվ զեկույցներ չտրամադրեն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Ընդ որում, այս գործին լծված էին նաեւ Երեւանից Փարիզ գործուղվող հայաստանյան մի շարք մտավորականներ ու անգամ լրագրող: Բայց վերջին հաշվով, եթե ելնում ենք այն տրամաբանությունից, ինչի մասին վերջին մեկ տարում անընդհատ գրում է ընդդիմադիր մամուլը, այդ թվում` շրջանների վերադարձի մասին, ապա 2216 բանաձեւի հարցում միայն դեսպաններին մեղադրելն անարդարացի է: Եթե անգամ Հայաստանի խորհրդարանում այն ժամանակվա պաշտպանության նախարարը եւ ներկայիս նախագահը  հայտարարում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, ապա դեսպաններից պահանջել, որ նրանք հզոր լոբբիստական աշխատանք տանեն ԵՄ բանաձեւի դեմ, որով կոչ է արվում ազատագրված շրջաններից հանել հայկական զինուժը, տրամաբանական չէ:

ՀԳ - "Հրապարակ" զանգահարած ընթերցողներից մեկը մի լրացում կատարեց մեր թերթի երեկվա համարում տպագրված լուրի առնչությամբ, որ ԱՊՀ տարածքում հայկական դիվանագիտական կորպուսը ավտոմեքենաների դիվանագիտական համարներ է տրամադրում տարբեր անձանց, եւ դա արժե 10 հազար ԱՄՆ դոլար: Ըստ այդմ, այս գոտում էլ մեր դեսպանները ներգրավված են կոնյակի եւ շոկոլադի բիզնեսներում: