Օրերս խմբագրություն էին զանգել գիտնականներ եւ իրենց դժգոհությունն էին հայտնում Հայաստանում "Քենդլ" միջազգային կենտրոնի նախագծի վերաբերյալ, որի նպատակն է Երեւանում ստեղծել գիտական կենտրոն` առնվազն հինգ փորձարարական կայաններով, որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ եւ նյութեր: Նման արագացուցիչների գեներացված փնջերի էներգիաները ամենահարմարն են կենսաֆիզիկայի, նյութագիտության, միկրոկոնստրուկցիայի, կենսաբժշկության եւ նանոտեխնոլոգիայի բնագավառներում օգտագործման համար: Նման կենտրոններ սկսել են կառուցել Իսպանիայում, Չինաստանում ու Ավստրալիայում, իսկ Մեծ Բրիտանիայում ու Ֆրանսիայում դրանք շուտով պատրաստ կլինեն: Այնինչ մեր խմբագրություն ահազանգած մասնագետները պնդում էին, որ այս արագացուցիչը շատ վտանգավոր է շրջակա միջավայրի համար՝ ռադիոակտիվ ճառագայթման առումով: Նրանց խոսքով՝ նման արագացուցիչների ստեղծման համար անհրաժեշտ է կառուցել պատյան, որով հնարավոր կլինի կանխել ճառագայթների արտահոսքը: Իսկ համապատասխան պատյան կառուցելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ, ինչի հնարավորությունը մեր երկիրը չունի: Նրանք ապշած էին, որ այս նախագիծը հավանության է արժանացել մեր կառավարության, մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, որը համաձայնել է պետբյուջեից ֆինանսավորել նախագծի 25 տոկոսը: Մնացածը կֆինանսավորվի արտերկրից, որտեղ շատ ուրախ կլինեն, որ այս վտանգավոր սարքը տեղադրվի ոչ թե իրենց երկրներում, այլ հեռավոր Հայաստանում: Ֆիզիկոսները կարծում են, որ նման արագացուցիչ Հայաստանում տեղադրելու դեպքում կունենանք նոր "Սեմիպալատինսկ", որտեղ բարձր ճառագայթման հետեւանքով նորմալ կենսական միջավայրը մեռած է: Գիտնականների մտահոգությունների վերաբերյալ զրուցեցինք "Քենդլ" գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, այս նախագծի կնքահայր, ազգությամբ հրեա Վասիլի Ցականովի հետ: "Պրոյեկտն անցել է աշխարհում ամենաբարձր մակարդակի կոմիսիայով: Պրոբլեմ չկա, կան եզրակացություններ, ինձ համար նոր չի, որ այդպիսի բաներ են ասում մարդիկ, ես նույնիսկ կարող եմ ասել, թե ով է այդպիսի բաներ ասել",- գիտնականների ահազանգի մասին լսելուց հետո ասաց Ցականովն ու զանգողների "գլուպսծը" ընդգծելու համար նախապես զգուշացրեց՝ չզարմանալ, որ հանկարծ զանգեն ու ասեն, որ "էդ պրոյեկտը հատուկ սարքում են, որ սպիդով հիվանդներին բերեն Հայաստանում բուժեն: Թող բարեհաճեն ներկայանալ ու փաստարկներով ներկայացնել մտահոգությունները": Ինչ վերաբերում է ռադիոակտիվ ճառագայթներին, ապա այդ առումով "աբսալյուտնը անվտանգ է"՝ հավաստիացրեց պարոն Ցականովը, հիշեցնելով, որ նման արագացուցիչ կառուցվել է նաեւ Փարիզում, Բեռլինում: "Սա գետնի տակ չի կառուցվելու, բայց անվտանգությունն ավելին է, քան սովորական ռենտգենը, որ մարդիկ հետազոտվում են. դրանից 10 անգամ ցածր է, լույսն էլ է ճառագայթ",-վստահեցրեց դոկտորը: "Այս ճառագայթումը հատուկ լույս է տալիս՝ բջջային ատոմային մակարդակով ուսումնասիրելու ցանկացած նյութ բժշկության, քիմիայի, կենսաբանության, նանոսարքավորումների արտադրության եւ այլ բնագավառներում": Անդրադառնալով պաշտպանիչ պատյանների անհրաժեշտությանը՝ ասաց. "Այս ծրագիրը մշակվել է՝ բոլոր հարցերն ուսումնասիրելով ամենաբարձր միջազգային պահանջների շնորհիվ": Այս գիտահետազոտական կենտրոնը նախատեսված է կառուցել այնպիսի տեղ, որը 10-15 կմ հեռու կլինի Հայաստանում գտնվող ինստիտուտներից, ավելի կոնկրետ՝ Աբովյան քաղաք տանող ճանապարհի հատվածում:
Կարծիքներ