Ժողովրդական երգիչները հայ երգի մասին

Ժողովրդական երգիչները հայ երգի մասին
Երեկ մինչ ասուլիս սկսելը ժողովրդական երգչուհի Մանիկ Գրիգորյանը, հովանոցով իրեն հով անելով՝ բողոքեց սաստիկ շոգից, ասաց, որ ինքն ապրում է Լուսավանում, որտեղ հով է, եւ քամի կա, անգամ թեյ խմելու անհրաժեշտություն է ունենում, նաեւ ասաց, որ "գիլաս" է հավաքում իրենց ծառերից... մի խոսքով՝ Երեւանը ապրելու տեղ չէ: Դե, իսկ քանի որ "Հայելի" ակումբ հրավիրված ասուլիսի երկու հյուրերն էլ ժողովրդական երգիչներ էին՝ Մանիկ Գրիգորյանը եւ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, թեման էլ իհարկե հայ երգն էր: Մրոն պատմեց իր հետագա ծրագրերից, նա պատրաստվում է բարեգործական համերգ տալ. "Հունիսի 29-ին կլինի համերգ, որի նախաձեռնությունն իմն է: Համերգը կոչվում է "Լավագույնը մեր ազատամարտիկներին": Ես անընդհատ մտածում եմ՝ կան մարդիկ, որոնք ձեռք են կորցրել, դրա համար ես այսօր ձեռք ունեմ, կան մարդիկ, որ ոտք են կորցրել, որ ես ոտք ունենամ, կյանք են կորցրել, որ այսօր ես կյանք ունենամ: Կյանքը այսօր մենք վայելում ենք իրենց արյամբ ազատություն ձեռք բերած զինվորների շնորհիվ: Եւ ես, որպես հասարակության մի մասնիկ, ի՞նչ կարող եմ անել նրանց համար: Ցուցակագրել ենք 32 առաջին կարգի հաշմանդամի, որոնք սայլակի վրա են: Ամբողջ համերգի հասույթը կտրամադրվի նրանց՝ հենց համերգի ընթացքում: Ես կուզենայի, որ բոլորս ուշադիր լինենք մեր ազատամարտիկների հանդեպ, մեր զոհված ազատամարտիկների ընտանիքների հանդեպ:  Ես գտնում եմ, որ եթե տարվա մեջ ունեմ 10 համերգ, պարտավոր եմ մեկը նվիրել... եւ սա ավանդույթ է դառնալու, մենք պետք է ցույց տանք մեր հասարակական վերաբերմունքը մեզ կյանք պարգեւողներին": Մրոն կարեւորեց այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են սփյուռքում հայապահպանման գործընթացը զարգացնելուն: Ըստ նրա՝ մենք այսօր շատ անելիքներ ունենք հենց սփյուռքում. "15-20 օր առաջ եմ վերադարձել Լատինական Ամերիկայից, հայկական համայնքներում հայ երգը տարածելու եւ վերապրեցնելու նպատակով էի այնտեղ: Հավատացնում եմ ձեզ՝ այնտեղ սարսափելի վիճակ է. 80 տոկոսը օտարի հետ են ամուսնանում, լրիվ օտարացել են, հատկապես այս համայնքներում է պետք տարածել հայկական երգը: Պետք է գործենք, պետք է մի բան անենք, Աստված ասում է. "Ել, եւ ես քեզ կօգնեմ", պետք է մի բան սկսես, հետո Աստծո օգնությամբ ամեն ինչ կստացվի": Ըստ Մրոյի, ինքն այսօր հայ երգը տարածելու շարժ է տեսնում, այդ մտքի հետ Մանիկ Գրիգորյանն այդքան էլ համաձայն չէր. "Այո, շարժ կա, բայց շարժը մի քանի 10 հոգու համար է նորից, դուք որեւէ համերգներում տեսե՞լ եք օրինակ ինձ, այսինքն կա մի խումբ, որ այդ խմբից այն կողմ ոչ ոք չի կարող մտնել: Նույն "ապրանքն" անընդհատ առաջ է տարվում: Մեր երիտասարդները կամաց-կամաց տարբերում են իսկական երգիչներին "աստղերից": Ես այսօր նախանձով, հաճախ չուզենալով, միացնում եմ Թուրքիայի ալիքները եւ տեսնում, թե ամբողջ օրը ոնց են կպած իրենց ազգային երգին, այ սա է մեզ այսօր պակասում":