Մեր լեզուն, ձեր խոսքը

Մեր լեզուն, ձեր խոսքը
Այս իրողությունը թեպետ վաղուց է հաստատվել Սահմանադրությամբ "Ազատ, անկախ" հռչակված Հայաստանում, սակայն միայն վերջերս է հասել ժողովրդական, այն էլ ոչ այնքան լայն զանգվածների գիտակցականին, օտարալեզու դպրոցներ բացելու մասին պետական ծրագրի հրապարակման առիթով: Մինչ այդ Հայաստանում շատ քչերն էին դժգոհում հանրային ոլորտներում, հատկապես հեռուստատեսությամբ ռուսերեն լեզվով հարցազրույցներ, ֆիլմեր, գովազդներ ու նույնիսկ ամբողջ հաղորդաշարեր հեռարձակելու փաստից: Հայաստանում արդեն քանի տարի է՝ գոյություն ունի նաեւ իշխանական հայերենը, որը որպես նորամուծություն կամ բանասիրական լեզվով՝ "նեոլոգիզմ", ոչ ուսումնասիրվել, ոչ դատապարտվել, ոչ էլ պատշաճ գնահատականի է արժանացել: Միայն տպագիր մամուլում է գալուստսահակյանների հայերենը ենթարկվել ծաղրի ու ժառանգվել հետագա սերունդներին՝ որպես ուսումնասիրության նյութ: Իսկ Հայաստանի մամուլի գլխին կախված դամոկլյան սուրը, որի "գործառույթը" հանձնված է Լեզվի պետական տեսչությանը, իր ամբողջ ներուժը սեւեռել է թերթերում սպրդող վրիպակներն ու տառասխալները հաշվելու եւ մենտորական ոճով թերթերի խմբագիրներին սպառնալից նամակներ հղելու գործին: Մինչդեռ հայերենն արդեն հասցրել է իջնել թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակ Հառիճում նստակյաց կյանք ընտրած ղփչաղների ցեղի լեզվի մակարդակին, երբ, չունենալով գրեր, նրանք փոխառեցին հայերեն տառերը՝ իրենց տարեգրությունը թողնելու նպատակով: Նույն կերպ Երեւանը ողողված է "Գլենդել Հիլզ", "Լիբիդո բար", "Սիթի սենթըր", "Երեւան Սիթի", "Սթար" ու հազար ու մի նման այլ հայատառ վահանակներով, չհաշված ռուսատառերը, որ փակցված են բնօրինակով: "Մեր լեզուն, մեր խոսքի" պահպանությունն իրենց վերագրած "դոկտոր-պրոֆեսորները" այս իրողությանը երբեք չեն անդրադարձել: Եւ ահա օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարը կարծես թե կյանքի է կոչել "հային ետին խելքը": Թվում էր, թե հայերենը վերջնականապես բնաջնջելու պատմական փորձը պետք է հարուցեր ժողովրդական ալիք, ինչպես 1903-1905 թվականներին՝ Գանձակում, Շուշիում, Թիֆլիսում, Էջմիածնում, երբ մտավորականությունն ու ժողովուրդը ընդվզում էր Կովկասի փոխարքա Գոլիցինի նախաձեռնությամբ հայոց եկեղեցու շարժական ու անշարժ գույքը բռնագրավելու, հետեւաբար՝ հայերեն դպրոցները փակելու Նիկոլայ Երկրորդի  հրամանի դեմ: Նույնիսկ Լոռվա Դսեղ եւ Մարց գյուղերի թվով հազար բնակչությունը դեմ ելավ կազակների ջոկատներին ու կարողացավ պահպանել դպրոցը, իսկ Ելիզավետպոլում համաժողովրդական բողոքի ցույցերի ժամանակ զոհվեց 80 մարդ: Օտարալեզու դպրոցների դեմ բողոքող ժամանակակից ՀՀ քաղաքացիների շարքերը, սակայն, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի մոտ շատ ավելի նոսր էին, քան վիրտուալ տարածքներում, ասենք՝ Facebook-ում այդ գաղափարի դեմ կազմակերպված ստոագրահավաքի մասնակիցներն, էլ չենք խոսում պատմական տարբեր շրջաններում օտարահպատակ հայերի բողոքող զանգվածներից: Եւ որ ամենահետաքրքրականն է՝ ժամանակակիցների շարքերում չկային ոլորտի պատասխանատուները՝ դասախոսների, ուսուցիչների, ուսանողների, գիտնականների ստվար, կազմակերպված խմբեր: Բողոքի  ակցիան գլխավորում էին երիտասարդ դաշնակցականներ, որոնց միացել էին հասարակության տարբեր շերտերը ներկայացնող անհատներ: Ինչո՞ւ է այդպես: Փորձեցինք պարզել ոլորտի ներկայացուցիչներից: Կրթության եւ հատկապես գիտության նախկին նախարար, Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ չի խոսի հիմա, կխոսի հետո, բայց նշեց, որ ինքը կարծիք ունի, պարզապես սպասում է, որ բոլորը քննարկեն-պրծնեն: Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուլզադյանը օտարալեզու դպրոցներ բացելու իշխանության նախաձեռնությունը գնահատեց որպես ապազգային քայլ: "Եթե իշխանությունը լիներ ազգային, ապա կլիներ գոնե Էստոնիայի պես: 30% ռուսալեզու ազգաբնակչություն ունեցող Էստոնիան  օրերս կայացրեց որոշում՝ ռուսական դպրոցներում յոթերորդ դասարանից առնվազն վեց առարկա անցնել էստոներեն: Իսկ մեր միատարր հանրապետության ղեկավարությունը ճիշտ հակառակն է անում՝ մեր ազգային պետությունը դարձնում է օտարի տուն: Իշխանության ապազգային քաղաքականության պատճառներից մեկը, ըստ պարոն Գյուլզադյանի, դրսից տրամադրվող դրամաշնորհներն են եւ ներմուծված գաղափարախոսությունը: Նրա կարծիքով, օտարալեզու դպրոցներ բացելու գործընթացը կարող է ունենալ խիստ բացասական հետեւանք ոչ միայն ազգային ինքնության պահպանության, այլեւ կրթության որակի վրա:



Մեր հարցին, թե որքանով են հիմնավոր այն կարծիքները, որ սա ռուսական էքսպանսիա է, պարոն Գյուլզադյանը պատասխանեց. "Սա համաշխարհային էքսպանսիա է, որը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին: Տարվելով օտարալեզու դպրոցների խնդրով, մենք աչքաթող արեցինք մի հանգամանք, որից ԱԺ-ն շատ լավ օգտվեց: Դա հեռուստառադիոյի մասին նոր օրինագիծն էր, որից հանվեց օտարալեզու հաղորդումները հայերեն թարգմանելու մասին պահանջը: Թեպետ կարող ենք նույնիսկ լեզվի մասին օրենք չունենալ, բայց Սահմանադրությունը հստակ նշում է, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Մեր մտավոր կենսագործունեության բոլոր ոլորտներում պիտի լինի հայերենը": Հետաքրքրվեցինք, թե որքանով են էֆեկտիվ մարդկանց փոքր խմբերով իրականացվող բողոքի ակցիաները, եթե դրանց չեն միանում ոլորտի պատասխանատուները՝ ուսուցիչներ, դասախոսներ, գիտնականներ: "Սա ճարտասանական հարց է եւ պատասխանն ամփոփում է իր մեջ: Կուսակցությունները շարունակում են առաջնորդվել 90-ականների շարժման տգեղ կարգախոսով՝ "Որքան վատ, այնքան լավ": Անշուշտ, իրենք էլ դժգոհ են եւ գիտեն, որ դժգոհողներ շատ կան: Բայց սպասում են, որ համբերության բաժակը լցվի, որ հայտնվեն ժողովրդական շարժման կիզակետում ու հանդես գան առաջնորդի դերում: Բայց ես այդտեղ մեծ վտանգ եմ տեսնում՝ լեզվական, ազգապահպան հարցերը կարող են հայտնվել հեղափոխական կարգախոսների տակ":



Թեպետ հայերենի պահպանության մասին է խոսքը, բայց առաջ է գալիս ռուսական գրականությունից մեզ փոխանցված ամենաարդիական հարցը՝ "Ի՞նչ անել", բայց այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է պատասխանել հաջորդ հարցին՝ "Ո՞վ է մեղավոր": Դավիթ Գյուլզադյանը, սակայն, գիտի առաջինի պատասխանը:  "Նախ ասեմ, որ վիրավորված է իմ մարդկային եւ ազգային արժանապատվությունը: Ես այն համոզմանն եմ, որ հարցերի փունջը՝ լեզվակրթական եւ օրենսդրական, կարող են լուծվել հետեւյալ քայլերով՝ կրթության ու մշակույթի նախարարությունները եւ Լեզվի տեսչությունը պիտի ապակուսակցականացվեն եւ դրվեն քաղծառայության համակարգի մակարդակում: Պետք է ստեղծվի մտավորականների խումբ, որոնց հավանությամբ միայն պետությունը պաշտոններ կնշանակի այդ ոլորտներում: Լեզվի տեսչությունը պետք է լինի անկախ պետական գերատեսչություն, որպեսզի կարողանա հսկողություն սահմանել",-ասաց: Նա նաեւ նախազգուշացրեց. "Լեզվի տաճարն ավերողը պետություն չի կարող կոչվել: Սա մեր պետությունը չէ: Իսկ հայոց լեզուն միայն հայերենի քերականությունը չէ, միայն գեղարվեստական գրականությունը չէ: Հայերենով դասավանդվող յուրաքանչյուր առարկա հայոց լեզուն է՝ կենսաբանությունը, ֆիզիկան, աստղագիտությունը, մաթեմատիկան եւ այլն: Թող չփորձեն թյուրիմացության մեջ գցել ժողովրդին":