Անիծեմ՝ հայոց լեզվի թեստ գրես

Անիծեմ՝ հայոց լեզվի թեստ գրես
Alt textՄինչ հազարավոր դիմորդներ սպասում են իրենց աշխատանքների բողոքարկման արդյունքներին, թեստերի հեղինակներն ու նրանց ընդդիմախոս լեզվաբանները երեկ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում կրքոտ քննարկում էին անորակ, անգրագետ ու հայոց լեզուն վարկաբեկող թեստերը:  "Մեղադրյալի" աթոռին թեստը կազմող Փառանձեմ Մեյթիխանյանն էր, նրա "դատապաշտպանը"՝  ԳԹԿ նախկին տնօրեն, այժմ կառավարման խորհրդի նախագահ եւ կրթության ու գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Թեստի մյուս հեղինակ Աշխեն Ջրբաշյանը լուռ վկայի դերում էր, նա ամբողջ ընթացքում ոչ մի բառ չասաց  ի պաշտպանություն իր գործընկերոջ: ԳԹԿ ներկայիս տնօրեն Գուրգեն Խաչատրյանն էլ դեկորատիվ բնույթ էր կրում: Քննադատությունների տեղատարափն ուղղված էր Փառանձեմ Մեյթիխանյանին, մեղադրողներն էին հայտնի լեզվաբաներ Աշոտ Աբրահամյանը, Յուրա Ավետիսյանը, Դավիթ Գյուրջինյանը,  Ֆրիդրիխ Խլղաթյանը, Սեյրան Գրիգորյանը, ինչպես նաեւ մի շարք ուսուցիչներ: Քննարկման սկիզբը բավականին խոստումնալից էր, քանի որ նախատեսվում էր խնդրահարույց առաջադրանքները քննարկել, ապա որոշում կայացնել հօգուտ դիմորդի: Սակայն ընթացքում ԳԹԿ նեղլիկ սենյակը, որտեղ մի քանի տասնյակ մարդ էր հավաքված, վերածվեց "սոդոմ-գոմորի":  Լեզվաբաններն իրար չէին հասկանում, առանց հերթ տալու՝ իրենց տեսակետն ու կարծիքն էին պնդում համեմելով փոխադարձ մասնագիտական ու անձնական որակումներով: Հարցը բարձրացվում էր,  ընդդիմախոսները հիմնավորում էին սխալ լինելը, սակայն Մեյթիխանյանն ու Մանուկ Մկրտչյանը մեջտեղից ճղվելով՝ պաշտպանում էին իրենց գրածը: Կարճ ասած, ամեն մեկն իրենն էր պնդում, ու ոչինչ չէր հասկացվում: Մեյթիխանյանը կարեւորում էր, որ "դպրոցն ավարտող դիմորդը իմանա իր հեղինակած հարցերի պատասխանը, քան նախորդ տարվա թեստ կազմողներինը": Մանուկ Մկրտչյանի հովանավորյալները իրենց ուղղված արդարացի որակումներից ու մեղադրանքներից պաշտպանվում էին հակամեղադրանքներով՝ անցած տարվա թեստերն էլ մի բան չէին, կրքերը բորբոքվում էին, եւ ընդդիմախոսները պահանջում էին հանգիստ թողնել անցած տարին ու պատասխան տալ այս տարվա զարհուրելի վիճակի համար, որի պատճառով հազարավոր դիմորդներ խոր դեպրեսիա են ապրում: Քննարկումը շարունակվում էր, սակայն ոչ մի լուծման չէին հանգում: Ընդդիմախոսները պահանջեցին կետ առ կետ քննարկել թեստերում առկա մասնագիտական սխալները, սակայն Մկրտչյանը պնդեց, որ մասնագետները սկսեն իր նախատեսած այն հարցերից, որոնց շուրջ ավելի շատ են բողոքները: Այդպես էլ եղավ, սակայն Մեյթիխանյանը ոչ մի կերպ չէր հանձնվում: Սեյրան Գրիգորյանը, որը նախորդ երեք տարիներին թեստեր կազմողներից է եղել, փաստելով "այս տարվա հայոց լեզու ու գրականություն առարկայի հետ կապված սարսափելի ողբերգությունը", անդրադարձավ  իրենց ուղղված քնադատություններին: "Ջրբաշյանն ու Մեյթիխանյանը անցած տարի քննադատում էին մեզ՝ թեստ կազմողներիս, իսկ մենք հավատարիմ էինք մնացել դպրոցական դասագրքին: Ես կարծում եմ, որ մեզ քննադատողները բարոյական իրավունք չունեին այս տարի թեստ կազմելու",-ասաց Սեյրան Գրիգորյանը՝ հայտարարելով, որ ինքը երբեք թեստ չի կազմի եւ քննարկմանն էլ եկել է չուզելով: Վերջինիս ելույթի ավարտից հետո դարձյալ դիսկուսիա սկսվեց, ու ռեպլիկներ հնչեցին՝ ուղղված Մեյթիխանյանին, ինչը կատաղեցրեց փոխնախարարին, որը տիկնոջ փոխարեն մինչեւ հոգու խորքը վիրավորված, կոչ արեց տղամարդու՝ ջենտլմենի պահվածք դրսեւորել: Իսկ Մեյթիխանյանը, քաջաբար դիմադրելով որակումներին, կիսահուզված ինքնապաշտպանվեց: "Ես, իբրեւ մասնագետ, կարծում եմ, որ կազմել եմ թեստեր, որոնք երեխայից պահանջում են անալիտիկ մտածողություն, թարմություն",-ապա ձայնալարերի ամբողջ հզորությամբ  գոռգոռաց, որ ինքը ճիշտ է, իսկ մնացածը բողոքում են, որովհետեւ իրենց դիմորդները ցածր են ստացել: Այս ամենին, որպես հակափաստարկ, ուսուցչուհիներից մեկը արտասանեց "Անլռելի զանգակատնից" մի հատված եւ պահանջեց Մեյթիխանյանին պատասխանել, թե որ ղողանջից  է, սակայն տիկնոջ պաշտպան Մկրտչյանն օգնության հասավ՝ "ընկել են Ֆրեյդի զգացմունքային  ենթագիտակցության մակարդակ", խորհուրդ տալով հարցն ուղղել աշակերտներին, ու  անսպասելի փակեց թեման: Մի խոսքով, կատարյալ գժանոց: Եւ այդպես էլ պարզ չդարձավ, թե բողոքարկված առաջադրանքների հետ ինչպես են վարվելու, եւ դիմորդների ճակատագիրն ինչ է լինելու: Միայն վերջում  այդ խժդժոցի մեջ կողմերը, նույնիսկ Մեյթիխանյանն ու Ջրբաշյանը, խոստովանում էին, որ անեծք էր թեստ գրելը, որի "տակ իրենք այլեւս չեն մտնելու": Հիշեցնենք, որ վերոնշյալ անեծքը  մասնագետներին պատվիրում է ԳԹԿ-ն: