Համացանցում (16.06.2010)

Համացանցում (16.06.2010)
Անձամբ ես կարծում եմ` չափազանցություն չէ, երբ Երեւանի էկոլոգիական վիճակի եւ կանաչի պրոգրեսիվ նվազման մասին իրենց ձայնը բարձրացնող հասարակական նախաձեռնություններն ու կազմակերպությունները իրավիճակը որակում են աղետալի: Համատարած շինարարամոլության անխուսափելի հետեւանքները` պարապ տարածությունների կտրուկ նվազման հետեւանքով, ծառահատումն ու կանաչ գոտիների վերացումն են: Այսօր "Ֆեյսբուք" սոցիալական ցանցի հայկական տիրույթում իր ակտիվությամբ դժվար գերազանցելի խմբերից մեկը հենց բնապահպանական ուղղվածություն ունեցող "Մենք ենք այս քաղաքի տերը" շարժման ստեղծած խումբն է: Արդեն դժվար է ասել` խումբն է առաջինը ստեղծվել, թե՝ շարժումը, քանի որ ժամ առ ժամ թարմացվող լրատվությունը` քննարկումներով, մեկնաբանություններով հանդերձ, այնքան առատ է, որ դժվարամատչելի է դարձնում ավելի վաղ արված գրառումների սկզբնաղբյուրները: Բայց էականը դա չէ, այլ այն, որ այս խմբի շնորհիվ շարժման ակտիվն ամեն օր ստանում է նոր հետեւորդներ, այստեղ են ձեռք բերվում հիմնական պայմանավորվածությունները համատեղ գործողությունների վերաբերյալ, այստեղ են ճշտվում գրաֆիկներն ու անելիքները, խումբն ունի արդեն մոտ երեքուկես հազար անդամ (ինչպես նկատեց ծանոթներիցս մեկը` համապատասխան տեխնոլոգիաների կիրառման դեպքում այսպիսի թվաքանակով կարելի է կանաչների հեղափոխություն իրականացնել): Վերջերս շարժման նախաձեռնությամբ հավաքվել էր մոտ 20 հազար ստորագրություն` Ուսանողական այգում սրճարանի կառուցումը կասեցնելու պահանջով: Իսկ ներկայումս "Մենք ենք այս քաղաքի տերը" քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել է կոլեկտիվ դատական հայցի ներկայացում` Ուսանողական այգում շինարարությունը վիճարկելու եւ այգին հանրությանը վերադարձնելու պահանջով: "Ֆեյսբուք" սոցիալական ցանցում կարդում ենք խմբի եւ շարժման ղեկավարներից մեկի` Վահրամ Սողոմոնյանի հայտարարությունը. "Երեւանի քաղաքային իշխանությունը, արհամարհելով երեւանցիների բողոքի ձայնն ընդդեմ Ուսանողական այգում 2 շինօբյեկտների կառուցմանը, մինչ օրս որեւէ քայլ չի ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ: "Մենք ենք մեր քաղաքի տերը" նախաձեռնել է դատական կոլեկտիվ հայց: Հայցին արդեն միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ նաեւ հայտնի մտավորականներ, ինչպիսիք են Թամանյանի թանգարանի տնօրեն Հայկ Թամանյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, ԵՊՀ տեսական փիլիսոփայության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը եւ տասնյակ այլ դասախոսներ, գիտնականներ, ուսանողներ եւ հարակից տարածքում բնակվող, ուսանող եւ աշխատող ՀՀ քաղաքացիներ: Հայցվորների ցուցակագրումը դեռեւս շարունակվում է: "Մենք ենք այս քաղաքի տերը" նախաձեռնությունը հետեւողական կերպով կօգտագործի բոլոր իրավական քայլերն ու հասարակական բողոքի միջոցները՝ հանրային զբոսայգին Երեւանի բնակիչներին վերադարձնելու օրինական պահանջի բավարարմանը հասնելու համար":



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ