Աշոտյանը կարոտել էր լրագրողներին

Աշոտյանը կարոտել էր լրագրողներին
Առանց հեռախոսների, առանց հուշող թերթիկների՝ շպարգալկաների, եւ լոգարիթմով ու սինուսներով հաշվիչների: Այս պայմաններն ապահովելուց հետո միայն երեկ ժամը 9:50-ին մեկնարկեց մաթեմատիկայի պետական միասնական քննությունը: Ընդհանրապես, ամբողջ Հայաստանի տարածքում տեղակայված է 36 քննական կենտրոն, որից 12-ը՝ Երեւանում, իսկ մաթեմատիկայի քննությանը մասնակցում էր 9 հազար 290 հոգի ամբողջ հանրապետության տարածքից:



Քննությունից առաջ Երեւանի պետական տնտեսագիտական  համալսարանում տեղակայված քննական կենտրոն ժամանեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:  Մինչ քննական կենտրոն մտնելը Աշոտյանը ստիպված էր անցնել ծնողների բազմության միջով: Իհարկե, նա չէր կարող հենց այնպես անցնել, մեծ ցանկության դեպքում էլ չէր կարող, որովհետեւ ծնողները միանգամից շրջապատեցին ու իրենց դժգոհություններն ու թուք ու մուրը թափեցին Աշոտյանի գլխին: Ծնողները բողոքում էին, որ քննական թեստի տարբերակները շատ տարբեր են միմյանցից. "Մի թեստը հեշտ է լինում, մյուսը՝ դժվար: Դիմորդներից մեկի բախտը բերում է, ու հեշտ տարբերակ է ընկնում, մյուսինը՝ ոչ: Ինչո՞ւ միանման, նույն բարդությամբ չեն կազմվել թեստերը": Սակայն Աշոտյանին հաջողվեց գլուխն ազատել ծնողների բողոքներից. պատճառաբանեց, որ պետք է ներս մտնի ու ազդարարի քննության սկիզբը: Քննության սկիզբն ազդարարելուց հետո Աշոտյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նախ քծնեց, թե կարոտել էր լրագրողներին, ու անցավ առաջադրված հարցերին: Քննությունների շուրջ ծավալված աղմուկը, ըստ Աշոտյանի, նորմալ է. "Ես չեմ կարծում, որ մյուս տարի քննությունների հետ կապված աժիոտաժ չի լինի: Քննությունները Հայաստանում երբեք անաղմուկ չեն անցել: Մենք չենք կարող հեղափոխություն մտցնել հասարակական գիտակցության մեջ": Հետաքրքիր է, որ այս տարի բավական նվազել է դիմորդների թիվը: 20 հազար 500 տեղի համար պայքարում է 18 հազար դիմորդ: Այսինքն յուրաքանչյուր դիմորդ, որ կհավաքի անգամ նվազագույն անցումային միավորներ, կընդունվի որեւէ պետական ուսումնական հաստատություն: Աշոտյանն անդրադարձավ  հայոց լեզվի ու գրականության քննությունների արդյունքներին, ասաց, որ միավորների բարձրացում սպասվում է, բայց ոչ շրջանառվող 3 միավորի չափով:



Զրուցեցինք նաեւ ծնողների հետ, փորձեցինք պարզել նրանց սպասելիքները: "Ոչ մի լավ սպասելիք չունենք: Էս նախարարն էլ, որ էկել ա, լրիվ շոու ա: Նստած ենք էստեղ, ժամուկես ուշացած դիմորդներ են գալիս, ու նրանց ներս են թողնում: Ամեն քննության մի սյուրպրիզ ա սպասվում: Արդեն ամեն ինչի սպասում ենք, տեսնենք, թե հիմա ինչ կապիկություն կանեն",- վրդովված բողոքում էր մի ծնող: Իսկ քննությունը սկսելուց առաջ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի գլխավոր մասնագետ, քննական կենտրոնի ղեկավար Սեւակ Մելիքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ "մինչեւ 9:30 րոպեն հատուկ սահմանված կարգով թույլատրվում է դիմորդների մուտքը": Մի քանի ծնողներ էլ դժգոհում էին քննության կազմակերպման որակից. "Մենք մինչեւ հիմա դեռ չգիտենք՝ քննությունը սկսվել ա, թե ոչ: Ոչ մի տեղ փակցված չի: Երեխան ժամը 8-ից եկել ա, ու 10-ին նոր  միայն քննությունը սկսվում ա, պատկերացնո՞ւմ եք նրանց ապրումները": Ասենք, որ քննասենյակի մուտքի դռանը փակցված էին քննության սկզբի եւ ավարտի ժամերը, սակայն ծնողների մուտքն այդ տարածք արգելված էր: Կային նաեւ ծնողներ, որոնք դրական սպասելիքներ ունեին քննությունից. "Չնայած մաթեմատիկան այնպիսի առարկա է, որ դժվարություններն անխուսափելի են, սակայն հուսով ենք, որ ամեն ինչ հաջող կանցնի": Իսկ թե որքանով կարդարանան ծնողների սպասելիքները, պարզ կդառնա քննության  արդյունքները հրապարակելուց հետո: