Կապրենք` կտեսնենք

Կապրենք` կտեսնենք
Ավան թաղամասի Նարեկացի 44, 41, 35 շենքերի բնակիչները անհանգստացած են իրենց մշակած այգիների համար: Այս շենքերի տակ է գտնվում ՀՀԿ տեղական նշանակության շտաբը: Բնակիչները կարծում են, որ ինչպես ծառերը արմատախիլ արվեցին ու դրանց տեղում կառուցվեց շտաբը, այնպես էլ ծառահատումներ են գնալու ավտոմեքենաների կայանատեղի սարքելու համար: Կանաչապատման ծառայության աշխատակիցներին բնակիչները քանդող բրիգադ են ասում, որովհետեւ նրանք քանդում են այգիների ցանկապատները եւ անտեր վիճակում թողնում այգիները: Այդ շենքի բնակիչ Գագիկ Շահվերդյանն ասում է, որ մյուս համայնքների հետ համեմատած իրենց համայնքում եւ աղբահանությունը, եւ կանաչապատումը անհամեմատ լավ վիճակում է, նա հիացած է շենքերի վերեւում կառուցված նոր այգիով եւ հատկապես այգում տեղադրված անավարտ "Նարեկի" արձանով, որովհետեւ "այն ոչ թե անձի է նվիրված, այլ գրքի", բայց նա անհանգստանում է այդ այգիների հետագա ճակատագրի համար: Պարոն Շահվերդյանը մեզ մի զվարճալի եւ տխուր պատմություն պատմեց, թե ինչպես համատիրության մի տիկին շենքերի երեխաներին կոկա-կոլա է բաժանել, որ ծառերը ջարդոտեն:  Մեկ ուրիշ բնակիչ ասաց, որ խտրականություն կա՝ մի մասի ցանկապատները քանդում են, մի մասինը ոչ եւ քանդել են հատկապես այն հատվածը, որտեղ պատրաստվում են մեքենաների կայանատեղի կառուցել: Զառիվարի վրա մշակված այդ փոքրիկ այգիները հիմնականում պտղատու ծառերից են կազմված, եւ այդ ծառերը բաղչատերերի համար նաեւ ապրուստի միջոց են: Պարոն Շահվերդյանը կարծում է, որ եթե ցանկապատները հանեն, այգիները անտերության կմատնվեն եւ կչորանան: Ամեն օր Գագիկ Շահվերդյանը պլասմասսե շշերով ջուր է իջեցնում ներքեւ եւ ջրում շենքի շրջակայքում բուսնած ծառերը, դրան մասնակից դարձնելով իր թոռներին ու շենքի երեխաներին: Բնակիչները կարծում են, որ ծառերը չորացնելու քաղաքականություն է տարվում, որպեսզի դրանց տեղում ինչ-որ բան կառուցեն: Իսկապես, այն տեղերում, որտեղ ցանկապատ կա, կա նաեւ փարթամ բուսականություն, իսկ որտեղ ցանկապատ չկա, ծառերի ճյուղերը ջարդոտված են, անխնամ վիճակ է: Գրեթե բոլոր բնակիչները նույն բանն էին ասում, որ ավելի լավ է ծառերը քոքից կտրեն, իմանան, որ չկան, քան թե տեսնեն, թե ինչպես են ջարդոտվում եւ չորանում: Եթե չասենք այգիների տերերը, դրանց տիրություն անող բնակիչները պնդում են, որ թեեւ ցանկապատված են, այգիները բոլորինն են. բոլորն էլ մտնում եւ օգտվում են դրանցից: Բնակիչների հիմնական պահանջն ու ցանկությունն այն է, որ ծառերը  պարբերաբար ջրվեն: Երբեմն բնակիչներն իրենց նախաձեռնությամբ ջրի մեքենա են բերում եւ ջրում են, բայց նրանք ուզում են, որ իրենց ջանքին գումարվի նաեւ պատասխանատու մարդկանց ջանքը: Խնդիրը համակողմանի ներկայացնելու համար մենք կապվեցինք նաեւ Ավան վարչական շրջանի ղեկավար  Մանվել Ջավադյանի հետ: Պարոն Ջավադյանն ասաց. "Պարբերաբար Ավան համայնքում այն բաղչաները, որոնք բնակիչները ինքնակամ վերցրել-փակել են, մեր կանաչապատման աշխատակիցներն այդտեղ մաքրում են, զաբոռները հանում են, որպեսզի կարողանան ծառերը խնամել: Դա  արվել ա, որ մարդիկ իջնեն, կոնկրետ բոլոր բնակիչները իջնեն, իրենց հանգիստը վայելեն: Դուք կարող եք իրենց ասել, որ անհոգ լինեն, եթե չհավատան Ձեզ, թող գան ինձ մոտ: Ոչ ոք չի արգելում իրենց մոտենալ, էդ ծառերը ջրել, խնամել, չնայած, նորից եմ ասում, մեր կանաչապատումը դա անելու ա: Բաղչաները վերածվում են կոնկրետ այգիների": Պարոն Ջավադյանը վստահեցրեց, որ ավտոկայանատեղի, կամ ինչ-որ ուրիշ բան այգու փոխարեն չի կառուցվելու: Կապրենք՝ կտեսնենք: