Օձերը հասել են բնակարանները

Օձերը հասել են բնակարանները
Սյունիքի մարզում այս տարի շատացել են օձերը. դրանք հասել են նույնիսկ բարձրահարկ շենքեր: Չորեքշաբթի  Կապանի Շինարարների թաղամասի 22 շենքի առաջին հարկում գտնվող թիվ 26 բնակարանի  տանտիրուհին ցանկացել է լվացվել ու սարսափած ճչացել է: Լոգարանի սալահատակին դարչնագույն գալարված օձ է եղել պառկած: Անմիջապես զանգել է ամուսնուն ու դուրս եկել տնից: Ենթադրվում է, որ օձը լոգարան է հասել կոյուղու եւ ջրի խողովակների մոտով: Ամուսինը` Կարեն Բեգլարյանը, տուն հասելով` հարեւաների հետ սպասել է օձի հայտնվելուն: Միայն երեկոյան ժամը 18-ի կողմերը խոհանոցի հատակի տակից օձի գլուխն է երեւացել: Անմիջապես քանդել են ամբողջ հատակը, բայց այդպես էլ օձին չեն գտել: "Հետո հատակը նորից վերականգնեցինք, ծեփեցինք բոլոր անցքերը, տեսնենք ինչ կլինի",-ասում է տանտերը` Կարեն Բեգլարյանը: Մի քանի տարի առաջ շենքի բնակիչները բակում էլի օձի ճուտ էին տեսել։ Հունիս ամսին մեկ այլ թաղամասի` Հ. Ավետիսյան շենքերից մեկի երկրորդ հարկի բնակարաններից մեկն էր օձ մտել: Վերջինս ոչ ավել, ոչ պակաս հայտնվել էր նորածին երեխայի մոտ, որը բազմոցին էր պառկած եղել: Հարեւանները սպանել էին մոտ 60 սմ օձին: Կապանի Ձորք թաղամասի 12 շենքի բնակիչներն էլ մեկ շաբաթ է, ինչ ուշադիր են քնում: Ընդհանրապես ցերեկով էլ աչալուրջ են: Շենքի բնակչուհի  Սեդա Մարգարյանի խոսքով, դիմացի շենքից են նկատել, որ օձը տուն է մտնում: "Ասացի արագ փակեք պատուհանները, փակեցինք, հլա էսպես բան չի եղել",-ասում է տիկին Սեդան: Այդ օրվանից այս շենքը օձի շենք են կոչում: Բնակիչները մտավախություն ունեն, որ օձը դեռ շենքում է, չի հեռացել: Մտածում են, որ ձվադրել է, շուտով շենքը օձերով կլցվի:  Սյունիքի մարզային փրկարարական ծառայության աշխատակիցները փորձել են ծածկասալի տակից  գտնել օձին:  Կրակ են վառել, բայց խորամանկ սողունը, ըստ երեւույթին,  կարողացել է  փախչել: Սա միայն բնակարաններում: Վիճակն ավելի մտահոգիչ է այգիներում ու բանջարանոցներում: Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված մարդիկ օձի խայթոցից հիմնականում տուժել են դրսում: Կենտրոնն ապահովված է անհրաժեշտ հակաթույնով: Մասնագետները ենթադրում են, որ օձերի ակտիվությունը շարունակվելու է մինչեւ հոկտեմբեր, քանի որ եղանակները ուշ են տաքացել այս տարի: Ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչից է նման վիճակ ստեղծվել: Սյունիքում ավելի շատ տարածված են գյուրզա եւ իժ տեսակի օձեր։ Մեղրիի տարածաշրջանում, ծովի մակերեւույթից 2000 մ բարձրության վրա, լոսանջելեսյան մի կազմակերպություն այս օրերին գիտական հետազոտություն է անցկացնում օձերի շրջանում։ Ուսումնասիրում են հայկական իժերը։ 10 օձի վրա հատուկ սարքեր են տեղադրում, ստուգում են նրանց ջերմությունը, հետեւում տեղաշարժին։ Այս մասին տեղեկացրեց Շիկահողի արգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը՝ հերքելով այն տեղեկությունը, թե արգելոցում 60 օձ են բազմացնում։ "Նման բան հնարավոր չէ, օրենսդրությունը թույլ չի տալիս",-ասաց Ռ. Մկրտչյանը:



Արմեն

ԴԱՎԹՅԱՆ