Ֆուտբոլը սոցիոլոգիա չի ճանաչում

Ֆուտբոլը սոցիոլոգիա չի ճանաչում
Այդքան չարչրկված ու փիառված ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավ հնարավորություն էր ժողովրդի աչքում վերականգնելու ֆուտբոլի բարի համբավը: Սկսվեց աշխարհի առաջնությունը եւ արեց այն, ինչ չէր կարող անել "Ֆուտբոլային դիվանագիտությունը": Իշխանությանը հլու գյուղապետ ու չարքաշ կյանքով ապրող գյուղացի, խոշոր գործարար ու մանր առեւտրական, պատգամավոր ու բանվոր, հնչակ ու դաշնակ մի կարճ ժամանակ դարձան շարքային երկրպագու եւ ամեն խաղից առաջ բաժանվեցին երկու խմբի, եւ կարող էր այնպես ստացվել, որ, ասենք, դաշնակն ու հնչակը, սոցապ նախարարն ու թոշակառուն, ֆայլաբազարի բանվորն ու վարչապետը երկրպագուների նույն բանակից լինեին, ուրախության ու տխրության նույն  պահերն ապրեին, տարբեր տեղերում միաժամանակ հուզվեին պարտությունից հետո հոնգուր-հոնգուր արտասվող իտալացիների համար, մեկը բուքմեյքերական կետում միլիոն տանուլ տար, մեկը հարեւանին մի շիշ գարեջուր: Աշխարհի առաջնությունը շատերին ստիպեց նայել մի ուղղությամբ՝ հեռուստացույցի էկրանին, եւ մի ալիք՝ Հանրային հեռուստաընկերությունը: Նրանք, ովքեր Հ1-ը վտարել էին հեռուստաալիքների իրենց ցանկից, ստիպված եղան նորից փնտրել ու գտնել այդ հաճախականությունը: Իջավ սերիալների ու տարատեսակ հումորային շոուների ռեյտինգը, ծաղկեցին ու բարգավաճեցին բուքմեյքերական կետերը: Նկարվեցին զվարճալի լինելու չափ տափակ գովազդային հոլովակներ, որոնցից մեկում Կամերունի հավաքականի երկրպագուի կողքին կանգնածն ասում է. "Ապեր, Կամերունի հավաքականը սկի կիսաեզրափակիչ դուրս չի եկել": Սպասում ես, որ հիմա Կամերունի հավաքականի երկրպագուն կշրջվի ու կասի. "Այ հոգնած, Հայաստանի հավաքականը չի էլ կարող եզրափակիչ փուլի մասին երազել", բայց այդտեղ գովազդը վերջանում է: Պակաս զվարճալի չէր ֆուտբոլային մեկնաբանների բանավոր խոսքը: Նրանք ջանք ու եռանդ չէին խնայում խաղի մեկնաբանությունը հետաքրքիր դարձնելու համար, այդ նպատակի համար ծառայեցնելով իրենց գիտելիքների ողջ պաշարը, եւ նրանց համար կարեւոր չէր, թե որ ոլորտից: Հիշենք միայն մի դրվագի մեկնաբանություն, որտեղ Դանիայի հավաքականը պարտվում էր. "Եթե հանճարեղ հեքիաթագիր Անդերսենը հիմա ողջ լիներ, նա մի կախարդ կհորիներ, որն իր հրաշագործ փայտիկով հրաշք կգործեր եւ կօգներ հայրենակիցներին, բայց ավաղ Անդերսենը ողջ չէ": Խաղի ընթացքում մեկնաբաններն անընդհատ ասում էին, թե ֆուտբոլն անկանխատեսելի խաղ է, եւ անընդհատ "կանխատեսում" էին խաղի արդյունքը, բայց նրանցից շատ ավելի լավ դա անում էր "գերմանացի" ութոտնուկը, եւ նույնիսկ ավելի լավ, քան սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, որը Գերմանիա-Իսպանիա խաղի ժամանակ նախապատվությունը տվել էր Գերմանիային եւ սխալվել: Մենք դուրս էինք եկել փողոց հարցախույզ անցկացնելու, որ իմանանք, թե մեր հայրենակիցները որ հավաքականին են չեմպիոնի առավել հավանական թեկնածուն համարում, եւ մեկ էլ, ի՜նչ ուրախություն, պատահաբար տեսանք հանրահայտ սոցիոլոգ Ադիբեկյանին եւ մտածեցինք՝ էս ճռճռան շոգին այդքան մարդ հարցաքննելու փոխարեն կարելի է սոցիոլոգի հետ զրուցել եւ իմանալ, թե ինչ են մտածում մեր հայրենակիցները: Բայց պարզվեց, որ ֆուտբոլային դիվանագիտության թեժ ժամանակ ակտիվորեն աշխատած պարոն Ադիբեկյանը ֆուտբոլի այս առաջնությունից ոչինչ չի աշխատում՝ պատվեր չկա: "Սոցիոլոգիական հարցումը,-ասաց պարոն Ադիբեկյանը,-դա շատ թանկ հաճույք ա, դա պիտի ինչ-որ մեկը պատվիրի: Թվում ա, թե դատարկ բան ա, բայց պիտի ընտրես քանի հոգու, ում մեջ, մշակես, բան անես... Այնպես որ, տենց բան անհնար ա": Մեր այն հարցին, թե բուքմեյքերական կետերը պատվեր չե՞ն տվել, պարոն Ադիբեկյանը պատասխանեց. "Չէ, չէ, իրանք մեթոդիկա ունեն, ու ոնց որ հասկացա, այդ մեթոդիկան բավականին սխալ ա: Տոտոն, դա Տոտո ա մնում, զառ գցելու նման մի բան ա":  Մենք պարոն Ադիբեկյանին բան չասացինք, բայց հիմա գրում ենք՝ վատ չէր լինի, որ ընտրությունների ժամանակ Ձեր հրապարակած տոկոսներն էլ վիճակ գցելով լիներ, ոչ թե պատվերով: Այն էլ ասենք, որ պարոն Ադիբեկյանը "պատվո պատվանդանին" Հոլանդիայի հավաքականին է տեսնում, որովհետեւ նրանք "տեխնիկան ու ատլետիզմը նույն մակարդակի են հասցրել": Եթե մարդ կա, որ դեռ հավատում է պարոն Ադիբեկյանին, կարող է գնալ, բուքմեյքերական կետում Հոլանդիայի հավաքականի հաղթանակի վրա "զառ գցել", իսկ մենք Իսպանիային ենք երկրպագելու եւ ոչ միայն այն պատճառով, որ Ադիբեկյանին չենք վստահում: