Հակառուսական տրամադրություններ ռուս դիվանագետի ձեռքո՞վ

Հակառուսական տրամադրություններ ռուս դիվանագետի ձեռքո՞վ
Օտարալեզու դպրոցների դեմ բողոքի նոր ալիք է բարձրացվել: Պաստառապատ այդ բազմությանը հազար ու մի այլ հոգս ունեցող երեւանցու աչքն արդեն սովորել է, ինչպես ընտելացել է նաեւ "ռուսախոս-հայախոս" բաժանմանը, ռուսական եւ հայեցի կրթության կրողների լեզվակռիվներին, որոնք "գարուն-աշուն" 2010-ին կտրուկ թեժացան: Այս բանավեճի մասնակիցների անվերջանալի շարքին չմիանալով, միայն մեկ ասպեկտ ենք ուզում շեշտել, որն առայժմ չի արծարծվել: Անսպասելի էր, որ հակառուսական տրամադրությունների հրահրմանը մասնակցեցին նաեւ ռուսներ:



Վերջերս "Նովոյե վրեմյա" թերթում հանդես եկավ Հայաստանում "Ռուսաստանյան համագործակցության" նախագահ, դիվանագետ, 1990-1991 թթ. Խորհրդային Միության ՆԳՆ օպերշտաբի պետ Վիկտոր Կրիվոպուսկովը: Հայ հանրությանը նա առավել հայտնի է որպես "Խռովահույզ Ղարաբաղը" գրքի հեղինակ՝ գիրք, որն առաջին անգամ հանգամանալի եւ դետալավորված հայ հանրության համար ի հայտ բերեց Պոլյանիչկոյի եւ ռուսական բանակի այլ սպաների վայրագությունները ԼՂԻՄ գյուղերում, "Կոլցո" օպերացիայի մանրամասները:



Իր վերջին հարցազրույցում ՆԳՆ նախկին սպա Կրիվոպուսկովը խոսում է Հայաստանում ռուսական կրթության մեծ պահանջարկի, ռուս-հայկական տնտեսության եւ մշակույթի սերտաճման մասին, որի պայմաններում առանց ռուսերենի իմացության հայ ժողովրդի առաջընթացը դժվարանում է: Պատմում է ՌԴ ուսումնական ծրագրերի մասին, որոնց նպատակը ռուսաց լեզվի իմացության տարածումն է: "Փաստ է, որ ռուսալեզու կրթությունը Հայաստանում պահանջված է: Մի շարք եվրոպական, ռուսաստանյան, հայկական  գործակալությունների կատարած հարցումները վկայում են, որ ծնողների 70-75 տոկոսը ցանկանում է, որ իրենց երեխաները լավ իմանան ռուսերեն: Արդյո՞ք մենք առարկում ենք: Ռուսերենի խորացված ուսուցման դպրոցները, նաեւ այլ դպրոցներ պատրաստ են ավելացնել աշակերտների ընդունելությունը, բայց Հայաստանում կա օրենք լեզվի մասին եւ Լեզվի տեսչություն":



Կրիվոպուսկովի այս խոսքը միանգամայն բնական է հնչում կայսրական հավակնություններ ունեցող երկրի ներկայացուցչի շուրթերից, մի երկրի, որը որոշել է իր պլանտացիան դարձնել աբորիգենների մի փոքրիկ կղզյակ: Հենց այսպես կմտածի հայ ազգայնականը, լեզվի ջատագովն ու "ոչ" ասող շարժման միտինգավորը, որին բորբոքելու համար բավական են միայն պարոն Կրիվոպուսկովի խոսքերը: Արդյոք նա չի՞ պատկերացնում, որ հենց այսպես էլ կարձագանքի "առողջ" հայը: Մինչդեռ դիվանագետից եւ այլ, մեծ երկրի ներկայացուցչից առնվազն լոյալություն է պահանջվում փոքրի լեզվին եւ  մշակույթին առնչվող հարցերում: Ի դեպ, Կրիվոպուսկովի այս հարցազրույցին արձագանքած թերթերից մեկն իր այդ հրապարակումը վերնագրել է՝ "Դիվանագետ, թե գեներալ-գուբերնատոր":



Զարմանալի է, որ ինքը՝ Վիկտոր Կրիվոպուսկովը, կադրային սպա, փորձառու օպեր-աշխատակից, նաեւ մի շրջան ՌԴ դեսպանատան դիվանագիտական խորհրդատու լինելով, որն առաքելություններ է իրականացրել նաեւ այլ պետություններում, չի հաշվարկել, որ իր ելույթը հենց հակառուսական ռեակցիա է հրահրելու: Գուցե հենց սա՞ է նպատակը: Նույնն են վկայում Կրիվոպուսկովի ավելի վաղ արած հայտարարությունները: Օրինակ, 2006 թվականին տված հարցազրույցներից մեկում ռուս դիվանագետն ասում է. "Այսօր, ինչպես նաեւ Գորբաչովի օրոք, Ռուսաստանում Ղարաբաղի հարցի շուրջ, փաստորեն, տեղեկատվական շրջափակում է ստեղծվել:



Պետք է արձանագրեմ, որ Ռուսաստանի լայն քաղաքական վերնախավը շատ վատ է տեղեկացված ղարաբաղյան հակամարտության մասին", եւ քիչ ներքեւ. "ՌԴ-ն, որպես Խորհրդային Միության իրավահաջորդ, անհատական պատասխանատվություն է կրում 1921 թվականին բոլշեւիկյան Ռուսաստանի ղեկավարության մեղքով հայկական Լեռնային Ղարաբաղը Հայաստանից օտարելու համար, եւ ուրեմն պատասխանատու է նաեւ ղարաբաղյան խնդրի արդար լուծման համար": ԽՍՀՄ բարձրաստիճան սպայի խոսքերն արդարացի են իհարկե, բայց համաձայնեք, որ առնվազն տարօրինակ են հնչում ռուս դիվանագետի շուրթերից:



Ի դեպ, դա այն ժամանակն էր, երբ հայ-ռուսական բարեկամությունը տեղը տեղին փչացավ "Գույք պարտքի դիմաց" պրոյեկտի արդյունքում, որի հետեւանքով հակառուսական տրամադրությունները Հայաստանում նաեւ տնտեսական հող ստացան: Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Ռուսաստանն էլ է դժգոհ "Գույք պարտքի դիմաց" ծրագրից: ԶԼՄ-ներում, նաեւ ռուսական, բազմաթիվ հրապարակումներ եղան ռուս-հայկական ձեռնարկություններում ֆինանսական "մութ" զարգացումների մասին, փողերի լվացման, յուրացումների, որոնց արդյունքում տուժեց ոչ միայն ՀՀ, այլեւ ՌԴ  բյուջեն:



Այդ տնտեսական ծրագրերի օգտակար գործողության միակ գործակիցը Հայաստանում  հակառուսական տրամադրությունների հրահրումն էր: Բայց ո՞ւմ էր ձեռնտու այդ գործակիցը: Բացառված չէ, որ նույն ուժերին, որոնք այսօր գործում են "լեզվի" ոլորտում՝ հաշվարկների հիմքում զանգվածային հոգեբանությունը եւ ազգային մտածողության առանձնահատկությունները դնելով: Եվ ինչպես երեւում է՝ դեռ չեն սխալվել: