Հիմա հերքո՞ւմ եք, որ Քոչարյանի համար կլիենտ եք ապահովում, թե՞ հաստատում

Հիմա հերքո՞ւմ եք, որ Քոչարյանի համար կլիենտ եք ապահովում, թե՞ հաստատում
«ՀայՌուսգազարդ» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը երեկ հերքել է սեպտեմբերի 9-ի համարում տպագրված ««ՀայՌուսգազարդը» պատվեր է ապահովում» հոդվածը, որտեղ մենք գրել էինք, որ այս ընկերության աշխատակիցներին պարտադրում են ապահովագրվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, ավելին՝ պարտավորեցրել են յուրաքանչյուր աշխատակցի 5-ական ավտոմեքենայի տեխանձնագիր ներկայացնել այդ ընկերությունում ապահովագրելու համար:  Հակառակ դեպքում տվյալ աշխատակիցը կարող է կորցնել աշխատանքը: Եվ քանի որ «Նաիրի Ինշուրանսը» պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն, մենք եզրակացրել էինք, որ «ՀայՌուսգազարդը» պատվերներ է ապահովում նախկին նախագահի բիզնեսի համար:



«ՀայՌուսգազարդի» պաշտոնական պատասխանում ասված է. «Շուկայի ուսումնասիրություն կատարելուց հետո, սկսած 2008 թվականից  մինչ այժմ, ընկերությունը պայմանագիր ունի «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի հետ, համաձայն որի՝ իրականացվում են բժշկական ապահովագրության, հրդեհից ու վտանգներից գույքի ապահովագրության ծառայություններ, իսկ 2009 թվականից` նաեւ «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ի հետ: Ապահովագրության ինստիտուտի ներդրումը «ՀայՌուսգազարդի» համակարգում  բխում է ՀՀ օրենսդրությունից, ընկերության սոցիալական քաղաքականությունից, ինչպես նաեւ աշխատողներին  ուղղված սոցիալական պատասխանատվության գործընթացից:



Ապահովագրության ծառայությունների ներդրումը «ՀայՌուսգազարդը» համարում է անհրաժեշտ գործընթաց եւ ցավում, որ առայժմ այն կատարվում է նվազագույն չափով` այդ նպատակով հատկացվող ազատ միջոցների սղության պատճառով: Այդուամենայնիվ, աշխատանքները շարունակական են, եւ ընկերությունը նախատեսում է ժամանակի ընթացքում ընդլայնել ծառայությունների շրջանակը` ներգրավելով նաեւ ապահովագրական այլ ընկերություններ: Ինչ վերաբերում է գործընկեր կազմակերպությունների ընտրությանը, ապա այն կատարվում է շուկայի ուսումնասիրության արդյունքում, բավականին  թափանցիկ եւ ընկերության շահերից ելնելով: Որեւէ թելադրանք կամ անձնավորված հարաբերություններ այս գործընթացում բացառվում են»:



ՀԳ - Նկատենք, որ ապահովագրությունը մեզանում կամավոր գործընթաց է, եւ միայն այն փաստը, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը պայմանագրեր է կնքել երկու կազմակերպությունների հետ եւ իր աշխատակիցներին պարտավորեցնում է օգտվել հենց այդ, այլ ոչ թե ուրիշ ապահովագրական կազմակերպությունների ծառայություններից, խոսում է պարտադրանքի առկայության մասին: Ինչի մասին էլ, ի դեպ, հենց մենք գրել էինք: