Արձագանքում են «Հրապարակին»

Արձագանքում են «Հրապարակին»
Երբեմն անչափ դժվար է ըմբռնել մեր չինովնիկների եւ ձեռներեցների տրամաբանությունը: Նրանք արձագանքում են անգամ այն հրապարակումներին, որոնց առարկելու ոչինչ չունեն: Արձագանքում են՝ մտավախությամբ, որ անկախ թերթում իրենց հասցեին գրվածը կարող է իրենց դեմ օգտագործվել: Քիչ չեն դեպքերը, երբ մարդը հերքում է փաստված ու բազում մարդկանց կողմից հաստատված իրողությունը: Դե, սուտ ասելը մեզանում չի դատապարտվում: Սուտը բռնվելու պարագայում ոչ մի հետեւանք չի ունենում՝ մարդիկ էլ օգտվում են այդ իրավիճակից: Հանրային հեռուստատեսությունում տիրող վիճակի՝ տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի՝ աշխատանքից ազատվելու մտադրությանը մամուլը  բազմիցս անդրադարձել էր: Ամեն անգամ Հ1-ից հերքել էին, թե նման բան չկա: Ի վերջո, այլեւս հնարավոր չէր թաքցնել այն, որ մարդը չի ուզում աշխատել այդ պաշտոնում եւ ընդհանրապես աշխատանքի չի գալիս: Անցած շաբաթ հայտարարվեց, որ Ամիրյանը նախընտրում է ռադիոյում աշխատանքը, իսկ առայժմ Հ1-ի պրոդյուսեր, ապա տնօրեն է նշանակվելու Գագիկ Բունիաթյանը: Մենք հիշեցրինք, որ ամիսներ շարունակ հերքում էին անհերքելին, եւ նկատեցինք, որ Հանրայինում բարվոք վիճակ չի տիրում:



Հաջորդ օրը եւեթ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը, Արմեն Ամիրյանն ու Գագիկ Բունիաթյանը ասուլիս հրավիրեցին, որի մասին մենք տեղեկացանք ասուլիսն ավարտվելուց հետո, եւ հայտարարեցին, որ իրենք մի թիմ են, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել եւ այլն: Իսկ արտառոցն այն է, որ Հանրային հեռուստատեսությունը չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները՝ չի ծառայում հանրությանը տեղեկատվություն տրամադրելուն: Բաց եւ թափանցիկ կառույց չէ՝ ոչ ոք չգիտի, թե պետական բյուջեից, հարկատուների գրպանից նրան հատկացվող ահռելի միջոցներն ինչի վրա են ծախսվում: Եվ ընդհանրապես, հայտնի չէ, թե ինչ հանրային պատվեր է կատարում այդ կառույցը, եթե կատարում է, ապա ինչպես է ձեւավորվում այդ պատվերը եւ այլն:



Անցնող շաբաթվա ուշագրավ արձագանքներից էր Վահան Բաբայանի կուսակցության՝ ՀԵԿ-ի երիտասարդ ակտիվիստների այցելությունը մեր խմբագրություն: 50-60 երիտասարդներ որոշել էին գալ խմբագրություն եւ մեզ տեղում բացատրել, թե իրենք ով են, ինչ են ուզում, ինչ ծրագրեր ունեն: Նրանք մի գրություն էին պատրաստել եւ նախապես տարածել ինտերնետային լրատվամիջոցներով, ապա նույն գրությունը ձեռքներին ժամանել «Հրապարակ»: Լավ է, որ ջահելներն ակտիվ են ու նախաձեռնող, բայց վատ է, որ սրա-նրա ձեռքին խաղալիք են դառնում եւ ենթարկվում առավել հասուն առաջնորդներին: Ամեն դեպքում, մենք լուսաբանել ենք եւ լուսաբանելու ենք տարբեր քաղաքական հոսանքների ու խմբերի գործունեությունը, որքան էլ որ դրանք անլուրջ լինեն, ծիծաղելի եւ ուղղորդվող: Մենք դատավոր չենք, բայց ունենք սեփական կարծիք, նաեւ համակրանքներ ու հակակրանքներ, ինչն անխուսափելիորեն արտահայտում ենք մեր հոդվածներում, որքան էլ դա ոմանց դուր չգա:



Այս շաբաթ մեծ թիվ էին կազմում կրթական համակարգին նվիրված հրապարակումներն ու դրանց արձագանքները: Գուցե սեպտեմբեր ամիսն է՝ դրանից է: Իսկ գուցե կրթության ոլորտն այն քիչ ոլորտներից է, որտեղ ինչ-որ բան կատարվում է, փոխվում է՝ դրանից: Ամեն դեպքում, դպրոցներին, նրանց տնօրեններին, կրթության համակարգի պատասխանատուներին վերաբերող մեր հրապարակումները բուռն արձագանքների են արժանանում: Մեզ մեղադրում են սրան-նրան թիրախ դարձնելու, այս ու այն թեմայի հետ կապված «պատվեր» կատարելու, փաստերը խեղաթյուրելու մեջ: Բայց քանի որ մեր գրածներն ի վերջո տեղ են հասնում, դրանք հետեւանք են ունենում, կնշանակի մենք այնքան էլ սխալ չենք: Այնպես որ, այս թեմայով հրապարակումները եւս կշարունակվեն: