Գառնու ձորի քարերի սիմֆոնիան սալահատակ է դառնում (ֆոտոշարք)

Գառնու ձորի քարերի սիմֆոնիան սալահատակ է դառնում (ֆոտոշարք)
«Մեր հեծանվորդները մի քանի շաբաթ առաջ եղել էին քարերի սիմֆոնիայի տարածքում և տեսել էին առանց համարանիշի բեռնատար, որի մեջ դատարկում էին այդ քարերը,-այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բնապահպան Մարիամ Սուխուդյանն ու իր խոսքը մանրամասնեց մի քանի փաստերով,- ասում են` գյուղացիներն են անում, բայց մենք գիտենք, որ գյուղացիներն ընդամնեը կատարողներ են: 



Մենք նաև գիտենք, որ օրինակ քարերի սիմֆոնիայի քարաբեկորներով է կառուցված Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի առանձնատունը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կենտրոնը, որը հենց արգելոցում է գտնվում, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցվող եկեղեցու մանրահատակը»,-նշեց Մարիամն ու ավելացրեց, որ դժվար չէ քարերից պարզել, թե էլ ո՞ւմ տունն է կառուցված այդ քարերով:



«Երբ մենք 2007թ-ին հարց բարձրացրեցինք, կառավարությունից մեզ ասեցին, որ քարերի սիմֆոնիան ընդգրկված չէ բնական հուշարձանների ցանկի մեջ, ուստի որևէ մեկը չի կարող պատժվել: Մեր բարձրացրած աղմուկից հետո այն գրանցեցին, բայց դարձյալ էլի ոչ ոք չի պատժվում»,-նշեց Մարիամն ու ավելացրեց, որ իրենց հարցումներին սովորաբար այսպես են պատասխանում,- օրենքը թույլ է տալիս ընկած քարը տանել, ու եթե չեք տեսել, որ լոմով ջարդում են, ուրեմն կարող են տանել:



Նախարարությունը մեզ ասաց, որ մի տեսուչ կնշանակի, ով ամբողջ օրը կհսկի տարածքը ու չի թողնի, որ անգամ թափված քարերը տանեն, բայց ես դրանից հետո էլ եմ գնացել, փորձել եմ ինքս տեղաշարժել քարերը, բայց ոչ ոք չի մոտեցել, այսինքն դա էլ էր բլեֆ»:



«Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ» նախաձեռնող խմբի անդամ Վահագն Փիլիպոսյանն էլ իր հերթին արձանագրեց, որ Գառնու ձորում գտնվող քարերի սիմֆոնիան ամբողջությամբ աղբանոցի է վերածվել, իսկ գետն ամբողջությամբ աղբով է լցված. «Ամեն անգամ տեսնում ենք, որ այդ քարերը ներքևի հատվածից փորած են, որոնք մարդիկ գողանում տանում են:



Եթե այդպես շարունակվի, առաջիկայում հնարավոր է նաև, որ այդտեղ փլուզումներ լինեն»: Ըստ նրամ այդ ամենի մեղավորները հենց տեղաբնակներն են՝ նույն Գողթն ու Գառնի գյուղերի բնակիչները, որ գնում են ուխտի ու այդ ուխտը վերածում վանդալիզմի: