Սաքունցը` դիտորդական խմբի նախագահ (հարցազրույց)

Սաքունցը` դիտորդական խմբի նախագահ (հարցազրույց)
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություններում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող  հասարակական դիտորդների նախօրեին կայացած հավաքում քննարկվել է նոր նախագահի ընտրության հարցը, քանի որ արդեն ավարտվել էր Արման Դանիելյանի պաշտոնավարման ժամանակը: Դիտորդական խմբի նոր նախագահ է նշանակվել խմբի անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:



- Ինչպե՞ս եք զգում Ձեզ նոր պաշտոնում:



-   Եկեք դա պաշտոն չհամարենք, հա՞: Ուղղակի դա մեր գործառույթն է: Դիտորդական խումբը պարբերաբար ընտրում է համակարգող, որը պատասխանատվություն է վերցնում խմբի գործունեության իրականացման համար: Արդեն չորրորդ նախագահն ենք ընտրում: Այնպես որ, դա պաշտոն չէ, մինչ այդ էլ եմ խմբի անդամ եղել, հիմա էլ խումբը վստահել է ինձ՝ համակարգելու աշխատանքը:



- Առաջադրված այլ թեկնածուներ կայի՞ն դիտորդական խումբը նախագահելու համար, թե՞ միայն Ձեր թեկնածությունն էր:



- Ընտրությունը եղել է ժողովրդավարական եւ առաջադրված են եղել մի քանի թեկնածուներ: Բայց դա հիմա էական չէ:



- Ինչպիսի՞ն էր դիտորդական խումբը նախկինում, եւ ինչպիսի՞ն եք պատկերացնում այն Ձեր նախագահության ժամանակ: Էական փոփոխություններ սպասվո՞ւմ են:



- Որպես այդպիսին՝ նոր բան չի ավելանալու: Խումբը շարունակելու է իր գործունեությունը՝ քրեակատարողական հիմնարկներում կալանավորների եւ դատապարտյալների իրավունքների պաշտպանությունը, հիմնարկների բարեփոխումները, ահազանգեր առանձին դեպքերի վերաբերյալ եւ այլն, բայց հիմնականում շեշտը կդրվի դիտորդական խմբի գործունեությունն առավել հրապարակային դարձնելու վրա, որպեսզի այն ավելի հասկանալի լինի լրատվամիջոցներին: Ընթացքում պարբերաբար լրատվամիջոցներին հաշվետվություններ կտրվի խմբի գործունեության մասին:



- Ասում են` դիտորդական խմբի գրասենյակը նախկին նախագահը՝ Արման Դանիելյանը, դարձրել էր իր կազմակերպության գրասենյակը՝ «երկուսը մեկում» տարբերակով: Դուք շարունակելո՞ւ եք աշխատել այդ գրասենյակում:



- Այո, դիտորդական խումբն ուներ գրասենյակ, որն այս դեպքում համատեղվում էր կոնկրետ մեկ կազմակերպության  գրասենյակի հետ: Հիմա անպայման գրասենյակը կլինի առանձին եւ որեւիցե այլ կազմակերպության գրասենյակի հետ չի նույնականացվի: Խումբն իր գործունեության համար ձեռք կբերի նոր տարածք: Հիմա տարածք ենք փնտրում, որ վարձակալենք:



- Պարոն Սաքունց, ասում էին, որ հենց այն պատճառով, որ այդ գրասենյակում այլ կազմակերպություն է գործում, Դուք խմբի նիստերին չէիք մասնակցում:



- Ես դրա մասին հայտարարություն արել եմ արդեն: Բայց այստեղ խնդիրը վերաբերում է նրան, որ դիտորդական խումբը տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների խումբ է, եւ պետք չէ, որ խմբի գրասենյակը նույնականացվի կոնկրետ մի կազմակերպության գրասենյակի հետ: Պետք է ի սկզբանե բացառել շահերի բախումը:



- Իսկ ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվում եւ իրականացնում իր գործունեությունը դիտորդական խումբը:



- Խմբի գործունեությունը միշտ էլ գրանտների միջոցով է եղել: Հիմա էլ մեր գործունեությունը շարունակելու ենք իրականացնել գրանտային ծրագրերի միջոցով:



- Ասում են՝ Արման Դանիելյանը նաեւ արդարադատության նախարարությանը կից կոլեգիայի անդամ է, ինչը կասկածելի էր դարձնում խմբի անկախ լինելու փաստը: Այդպե՞ս է:



- Արդարադատության նախարարության կոլեգիայի անդամ լինելու մասին բան չեմ կարող ասել, սակայն կոլեգիայի նիստ է եղել, որին ինքը հրավիրվել է մասնակցելու:



- Իսկ նման հրավերներ լինելու դեպքում Դուք կմասնակցե՞ք:



- Այս պահին ես չեմ կարծում, որ կոլեգիան այն մարմինն է, որտեղ ես կմասնակցեմ նիստերի: Բայց եթե հարցեր լինեն, որոնք կվերաբերեն քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբին, ապա կմասնակցեմ, բայց ոչ մշտապես: Ասենք, եթե ինչ-որ խորհրդակցություն է լինում, որը մեզ չի վերաբերում, ինչո՞ւ պետք է մասնակցեմ: Իսկ արդարադատության նախարարության հետ համագործակցությունը կշարունակվի քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի փոփոխման ուղղությամբ: Բայց այդ համագործակցության շրջանակները հստակ սահմանվում են:



- Արման Դանիելյանը շարունակելո՞ւ է մնալ դիտորդական խմբում:



- Նա լիազորությունները վայր է դրել, բայց մենք՝ խմբի անդամներով, որոշեցինք, որ նա, ինչպես նաեւ մի քանի հոգի, որոնք նույնպես վայր են դրել լիազորությունները, կմնան խմբում որպես փորձագետ: