Հացադուլ է հայտարարել` բանի տեղ դնող չկա

Հացադուլ է հայտարարել` բանի տեղ դնող չկա
Հունիսի 23-ի համարում «Լուսաբացին նա բարձրացավ կախաղան» հոդվածում մենք անդրադարձել էինք մի զավեշտալի եւ միաժամանակ ցավալի պատմության, երբ Սաթուշ Թաթարյանը հարկադրված ոստիկանների ձեռքն էր հանձնել իր հարբեցող որդուն՝ Արտակ Հակոբյանին, իսկ ոստիկաններն էլ, առիթից օգտվելով, «սարքել» էին տղայի գլխին: Տիկին Թաթարյանի պատմելով՝ բազմիցս դիմել է ոստիկաններին, խնդրելով որդուն հարկադիր բուժում նշանակել, բայց մերժում է ստացել: Ոստիկանությունից պատճառաբանել են, թե չափահաս մարդուն մեր երկրի օրենքներով առանց իր հոժար կամքի չի կարելի հարկադիր բուժման տանել, կտանեն, եթե հանցանք գործի: Ամանորին Արտակը նորից հարբած է եղել: Տիկին Սաթուշը, իր պատմելով, կատակով ասել է, թե ուզում է կախվել: Հարբած որդին էլ ասել է՝ եթե ուզում ես, գնանք՝ կախվիր:



Կատակը, բարեբախտաբար, չի լրջացել. օղակը գցել է մոր վիզը, ապա հանել, իսկ հաջորդ օրը նորից հարբել է եւ սպիտակ տենդի մեջ ընկել: Մայրն էլ, մտածելով, որ որդուն հարկադիր բուժման ուղարկելու հարմար պատրվակ է, զանգահարել է ոստիկանություն եւ ասել, որ որդին ուզեցել է նախօրեին կախել իրեն: Ոստիկաններն արագ ձերբակալել են Արտակին եւ գործ հարուցել՝ սպանության փորձ մեղադրանքով: Արդյունքում դատարանը նրան դատապարտել է 9 տարի ազատազրկման, չնայած  դատախազը 8 տարի է պահանջել, իսկ մայրը արցունքն աչքերին պնդում է, որ որդին իրեն վնաս տալու մտադրություն չի ունեցել:



Տիկին Սաթուշը, կայացված դատավճռից սարսափած, հիմա խմբագրություններ է այցելում, մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպանների է դիմում, որ որդու դատավճիռը փոխեն: Արտակը հիմա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նախօրեին դատապարտյալի մայրը խմբագրություն էր եկել եւ լացակումած խնդրում էր, որ փրկենք որդուն, որն օգոստոսի 26-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան իր հանդեպ կայացված անհիմն որոշման: Տիկին Սաթուշի փոխանցմամբ, սակայն, ՔԿՀ-ում Արտակին բժիշկ չի այցելել, նույնիսկ առանձին խուց չեն տեղափոխել: Մայրը տեսակցության ժամանակ որդուն ահավոր հյուծված վիճակում է գտել: Փորձել է մտնել պետի մոտ, բայց նա չի ընդունել:



Աշխատողներն էլ ասել են. «Էդ իրա գործն ա, հացադուլ ա հայտարարել, թող հայտարարի»: «Բայց տղաս կենդանի դիակ ա դարձել»,- լացակումած ասում էր տիկին Սաթուշը: Նրա պատմելով՝ բժիշկը մի քանի օրը մեկ գալիս, ճնշումը չափում-գնում է: Մայրը նույնիսկ գնացել է նախագահական նստավայր, որտեղ, բնականաբար, նրան չեն ընդունել: Անգամ օմբուդսմենը հայտարարել է, թե նման հարցերով ինքը չի զբաղվում:



Մենք զանգահարեցինք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ պարզելու Արտակի վիճակը: Այնտեղից մեզ ասացին, որ զանգենք ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանին: 3 օրվա ընթացքում Ա. Բաբայանին վերջապես հաջողվեց պարզել, որ Արտակը հիմա ստացիոնար հսկողության տակ է եւ տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված հատուկ խուց: Վիճակը գնահատվում է բավարար: Բաբայանը փոխանցեց նաեւ, որ այս ընթացքում քրեակատարողական հիմնարկի հոգեբանները պարբերաբար աշխատանք են տանում Արտակի հետ, որպեսզի նա հրաժարվի հացադուլից: Սակայն ապարդյուն. Արտակը դեռ շարունակում է հացադուլը, եւ տիկին Սաթուշի փոխանցմամբ, գնալու է մինչեւ վերջ: