Արտակ Զեյնալյան. Պարտադրանքի մեխանիզմ չկա

Արտակ Զեյնալյան. Պարտադրանքի մեխանիզմ չկա
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը պարտադիր իրավական ուժ չունի, բայց այդ փաստաթուղթը կարող է որոշակի ազդեցություն ունենալ այն իմաստով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում կարող է առաջնորդվել դրանով: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից գերեվարված հայ հովվի մահվանը, ապա նրա մահվան հետ կապված Ադրբեջանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան կարող են գանգատ ներկայացնել ինչպես նրա հարազատներն ու ազգականները, այնպես էլ, տեսականորեն՝ Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ կատարվածը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է` կոնվենցիայի անդամ պետության կողմից:



Ադրբեջանցի դիվերսանտի հետ կապված` նույնպես Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ կարող է ներկայացվել, եթե հաստատվի, որ դիվերսանտը մուտք է գործել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ պետության տարածք, բայց, կարծում եմ, դա չի արվի, որովհետեւ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ արդյունավետ վերահսկողության հարց կարող է բարձրանալ: Ադրբեջանցի դիվերսանտի դիակը վերադարձնելու հարցում հետեւյալ խնդիրը կա. դեպքը տեղի է ունեցել Արցախում, որը Հայաստանի Հանրապետության տարածք չի համարվում եւ Արցախը մաս չի կազմում ոչ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ոչ էլ Ժնեւյան կոնվենցիայի:



Ադրբեջանը վկայակոչված կոնվենցիաներին անդամակցող  պետություն  է, դրանք վավերացրել է եւ իր պարտավորությունները պետք է կատարի: Արցախի Հանրապետությանը նման պարտավորություններ կատարել պարտադրելու մեխանիզմ չկա, քանի որ նա կոնվենցիայի անդամ չէ: Արցախի Հանրապետությունը, որպես բարի կամքի դրսեւորում, կարող է դա անել, բայց ոչ որպես պարտավորություն եւ պարտադրանքի արդյունք:



Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆ

Իրավապաշտպան, իրավաբան