ՀՅԴ-ն էստի համեցեք չի ասում

ՀՅԴ-ն էստի համեցեք չի ասում
«Մենք որևէ համագործակցության առաջարկ չենք մերժել, բայց մեր առաջարկները, եթե անգամ դրանք վերաբերել են բնապահպանական թեմաներին, ՀԱԿ-ի երիտասարդները մերժել են, ասելով՝ եթե տակը գրված չի Սերժ Սարգսյան հեռացիր, մենք չենք մասնակցելու»,-այսօր «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը:



Ի լրացում գործընկերոջ խոսքերին, ԲՀԿ երիտասարդության հարցերի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանն էլ իր դիտարկումն արեց, որ անգամ «Բազե»  համահայկական հավաքին հրավիրված բոլոր քաղաքական ուժերի երիտասարդական թևերից միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» էին մերժել:



Այն հարցին, թե երիտասարդական թևերը իրենց կուսակցությունների ներսում ունե՞ն ձայնի իրավունք, թե՞ հանձնակատարի դեր են կատարում, ՕԵԿ երիտասարդական միության նախագահ Առաքել Առաքելյանը պատասխանեց, որ իրենց կուսակցությունում երիտասարդի տեսակետը միշտ ենթակա է քննարկման, ու իրենց ավագ գործընկերների հետ էլ միշտ համագործակցում են:



ԲՀԿ ներկայացուցիչն էլ նշեց, որ իրենց կուսակցության երիտասարդները ոչ միայն ներգրվված են օրենսդիր և գործադիր աշխատանքներում, այլև հոկտեմբերի 1-3 տեղի ունեցած իրենց 7-րդ համաժողովի ժամանակ ստորագրել են մի փաստաթուղթ, որտեղ ասված է, որ ԲՀԿ-ն առաջիկա ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակներում կապահովի երիտասարդների նվազագույնը 10 տոկոս մասնակցություն:



Դաշնակցական Արթուր Ղազարյանն էլ նշեց, որ իրենք որոշումները ընդունում են քննարկումը սկսելով ներքևի շարքերից, այսինքն տվյալ դեպքում՝ երիտասարդներից. «Ինչպես շարքերը ցանկություն են հայտնում, այդպես էլ լինում է: Օրինակ, երբ Իրաք զորք ուղարկելու քննարկման ժամանակ երիտասարդները դեմ հանդես եկան, կուսակցությունն էլ այդ օրինագծին դեմ քվեարկեց»:



Լրագրողները հարց ուղղեցին երիտասարդ կուսակցականներին, թե ինչպես են վերաբերվում «Ժառանգության» «Հայք» ուսանողական միության արած հայտարարությանը, թե ՀՀԿ-ն միջոցառումների անվան տակ քարոզչություն է իրականացնում բանակում ու բուհերում: ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ իրենք ընդհանրապես դեմ են կրթական համակարգում ուսանողների կուսակցականացմանը, ավելացնելով, որ բոլորին է հայտին է, թե ով ինչպես է ներգրավում երիտասարդներին իրենց կուսակցության շարքերը և, որ իրենք էստի համեցեք չեն ասում:



«Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը երբեք օրինակ ԵՊՀ-ի բյուջեի հաշվին միջոցառումներ չի անում»,-նշեց Արթուր Ղազարյանն ու մատնանշեց բուհերի կուսակցականացված ուսանողական խորհուրդները, որոնց մեծ մասը կամ ԲՀԿ-ից են կամ ՀՀԿ-ից, ինչին ԲՀԿ ներկայացուցիչն ուրախությամբ արձագանքեց, որ դա հաճելի փաստ է, ու ոչ ոքի բռնի չեն կուսակցականացնում:



Բռնին բռնի չեն կուսակցականացնում, բայց, երբ լրագրողներից մեկը նշեց, որ օրինակ իր աղջկան ուսխորհուրդ չեն վերցրել, որովհետև Ջավախքից չէ, բանախոսները նախ ծիծաղեցին, հետո տվեցին երիտասարդ կուսակցականին հատուկ դիվանագիտական ճիշտ պատասխան՝ նման բան չկա: