Սոս Գիմիշյան. Ֆորումն անարդյունք չանցավ

Սոս Գիմիշյան. Ֆորումն անարդյունք չանցավ
Կարծում եմ, որ ԵԽ ամենամյա ֆորումը Հայաստանում անցկացնելու հարցում լուրջ ջանքեր են ունեցել նաեւ Հայաստանի իշխանությունները: Ֆորումն իսկապես չէր նախատեսում Հայաստանի ներքին հարցերին անդրադառնալ, բայց Կոնգրեսի կողմից կազմակերպված պիկետը, այն պահանջները, որոնք ներկայացվել են, ի վերջո արդյունք են տվել: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Պրեսկոտի հետ, վաղը հանդիպում է Յագլանդի հետ: Սա բավականին լուրջ արդյունք է: Պիկետի շնորհիվ էլ կուլուարներում ֆորումի տարբեր մասնակիցներ մշտապես քննարկել են պիկետի բարձրացրած խնդիրները:



Այնպես որ, չեղավ այն, ինչ նախատեսում էր իշխանությունը, որովհետեւ ֆորումի մասնակիցներն ու կազմակերպիչները հանդիպեցին ընդդիմության հետ: Դա շատ կարեւոր է եւ նշանակում է, որ իրենք չեն կարողացել խուսափել Հայաստանում տիրող իրավիճակի քննարկումից: Խոսք է գնացել եւ քաղբանտարկյալների, եւ «Ա1+»-ի բացման մասին: Կարծում եմ, որ ֆորումի անցկացումը Հայաստանում անարդյունք չի լինելու, չնայած որ Հայաստանն ուզում էր թոզ փչել աշխարհի երեսին, ցույց տալ աշխարհին, որ ինքը ժողովրդավար երկիր է եւ ամեն ինչ արել էր, որ ֆորումն անցկացվեր Հայաստանում:



Եթե ոչ մի արձագանք չլիներ, չլինեին հանդիպումներ ընդդիմության հետ, իսկապես մի խայտառակ պատկեր կստեղծվեր այն իմաստով, որ միջազգային ժողովրդավարներն ու հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում եւ ֆորում են անցկացնում մի երկրում, որտեղ քաղբանտարկյալներ կան: Բայց լրիվ այլ բան տեղի ունեցավ: Եվրոպացիները տեսան մարդկանց բողոքը, ինչը լուրջ ազդեցություն թողեց: Նրանք քննարկեցին Հայաստանում տիրող իրավիճակը եւ իրար մեջ, եւ Կոնգրեսի ղեկավարության հետ:



Այն, ինչ հաջողվեց անել, Կոնգրեսի համար լուրջ հաջողություն էր: Բոլորի ուշադրությունը հրավիրվեց քաղբանտարկյալների խնդրի վրա, եւ ես հույս ունեմ, որ սա արդյունք է տալու: Տա աստված, որ քաղբանտարկյալներին բաց թողնեն, եթե ոչ, չեմ կարծում, որ դա անհետեւանք կլինի Հայաստանի իշխանությունների համար:



Սոս ԳԻՄԻՇՅԱՆ

«Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ