Պետք է բարձրացնենք սպաների կրթության մակարդակը (հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ)

Պետք է բարձրացնենք սպաների կրթության մակարդակը (հարցազրույց Սեյրան Օհանյանի հետ)
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվում էր  2011 թվականի բյուջեի նախագիծը: Եթե ԱԱ եւ ՆԳ մասով քննարկումը տեղի էր ունենում դռնբաց, պաշտպանությանը վերաբերող հատվածը քննարկվեց առանց լրագրողների: Նիստի ավարտից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց մեր հարցերին:



- Պարոն Օհանյան, այս բյուջեն զինված ուժերի հատկապես ո՞ր ոլորտին է ուղղելու իր հիմնական միջոցները:



- Այս բյուջեով մենք փորձել ենք պահպանման ծախսերն իրականացնել այնպես, ինչպես իրականացրել ենք 2010-ին: Սակայն նախատեսել ենք զինծառայողների աշխատավարձերը բարձրացնել 10 տոկոսով, ինչպես նաեւ բարձրացրել ենք կապիտալ ներդրումների չափը, որը մեզ հնարավորություն կտա այն ծառայեցնել սպառազինություն եւ այլ նյութական միջոցների ձեռքբերման նպատակներին:



- Բարեփոխումները հաշվի առե՞լ եք:



- Մենք արդեն մի քանի տարի է, ապրում ենք «Զինված ուժերի պատրաստությանը նոր որակ, բարեփոխումներին՝ հաստատուն ընթացք» կարգախոսի ներքո: Այս տարի արդեն մեզ հաջողվել է ձեւավորել «հաստատուն ընթացքը», հաջորդիվ լինելու է բարեփոխումների առաջընթացը:



- Պայմանագրային զինծառայողների թվաքանակն ավելացնելու ծրագրեր լինելո՞ւ են:



- Պայմանագրային զինծառայողների թիվը, որպես առանձին եւ կարեւոր խնդիր, ընկած է մեր զինված ուժերի բարեփոխումների գործընթացի  առանցքում եւ, իհարկե, տարեցտարի ավելանալու է: Ուզում եմ, որ մեր հասարակությունը եւ նրանք, ովքեր հետաքրքրված են մեր զինված ուժերով, իմանան, որ մենք պայմանագրային տարրի ընդլայնման հետ մեկտեղ, փորձում ենք ավելացնել պրոֆեսիոնալ ստորաբաժանումների քանակը: Այսինքն՝ բանակի համալրումն իրականացնում ենք  խառը սկզբունքով՝ ժամկետային զինծառայողներ, պայմանագրային զինծառայողներ եւ պրոֆեսիոնալ ստորաբաժանումների կազմավորում:



- Պարոն Օհանյան, բանակում առկա բացասական երեւույթները բացառելու նպատակով զորամասերում տեսաձայնագրող սարքերի տեղադրման համար հատկացումներ նախատեսե՞լ եք, կամ եթե ոչ, գոնե նման գաղափարներ քննարկվո՞ւմ են:



- Նման գաղափարներ կան, իհարկե, բայց բյուջեում չենք նախատեսել: Կարծում եմ, որ մեր զորամասերում տեսախցիկները դա հրամանատարական կազմի աչքերն են: Գիտեմ, որ ցավոք սրտի կան զորամասեր, որտեղ հրամանատարները հետեւողական չեն կամ ունեն ցածր որակի պատրաստվածություն:



- Պարզապես նրանց աչքերը լավ չեն ցույց տալիս, չէ՞:



- Անկեղծորեն ձեզ պետք է ասեմ, առանց ավելորդ գովաբանության, իմացեք, որ այդ աչքերը տարեցտարի  ավելի լավ են տեսնում եւ եթե մենք ինչ-որ մի բան հայտնաբերում ենք եւ ներկայացնում հասարակությանը, դա նշանակում է, որ ավելի բաց ենք ժողովրդի առջեւ եւ հասարակությունը իրազեկված է: Նման դեպքերը նախկինում են եղել եւ այսօր էլ կան ու Աստված մի արասցե, որ պատահեն, մեծ կառույց է: Բայց մենք ժողովրդից թաքցնելով, առաջընթաց չենք գրանցի: Ուզում եմ նշել նաեւ, որ ոչ մի հրամանատար չի ուզենա, որ իր զորամասում դժբախտ դեպք պատահի:



- Այդ դեպքում կադրային սպաների պատրաստության հարց է առաջանում: Կա՞ն ծրագրեր այդ ուղղությամբ՝ սպաների պատրաստման եւ վերապատրաստման մասին է խոսքը:



- Իհարկե, կրթական ոլորտը միշտ մեր ուշադրության կենտրոնում է եւ բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը: Սպայական եւ կրտսեր հրամանատարական ու պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ուսուցման մակարդակի բարձրացումն անհրաժեշտ է: Գտնում եմ, որ այս հարցում մենք հասարակության կրթական ոլորտի հետ պետք է համագործակցենք, որովհետեւ շատ դեպքերում մենք ենք ստիպված լինում լրացնել քաղաքացիական ոլորտի կրթական համակարգի թույլ տված այն բացթողումները, որոնք էլ հենց հանդիսանում են բանակում տեղի ունեցող բացասական երեւույթների պատճառներից մեկը: