Գիրք-հուշամատյան՝ ազատամարտի զոհերի հիշատակին

Գիրք-հուշամատյան՝ ազատամարտի զոհերի հիշատակին
Հոկտեմբերի 21-ին Արցախի զոհված ազատամարտիկների թանգարանի սրահում կայացել է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում նահատակված հայ քաջերի հիշատակին նվիրված գիրք-հուշամատյանի շնորհանդեսը, որի նյութերը հավաքել ու կազմել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը։ «ԼՂՀ ազգային-ազատագրական պայքար» վերնագրով շուրջ 900 էջանոց գիրք-հուշամատյանը տպագրվել է Ստեփանակերտում։ Գրքում լուսանկարներով զետեղվել են Արցախի ազգային-ազատագրական պայքարում նահատակված ազատամարտիկների անունները՝ համառոտ կենսագրությամբ։



Այնտեղ, պատերազմի տարիներին Արցախում զոհված ու անհայտ կորած քաջորդիների, կամավորական ջոկատների մարտիկների անուններից բացի, տեղ են գտել նաեւ զոհված խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության ժամանակ նահատակված հայորդիների անունները։ Շնորհանդեսի ժամանակ իր խոսքում Գալյա Առստամյանը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նյութապես աջակցել են գրքի տպագրությանը, լուսանկարներ ու նյութեր տրամադրել։



Ելույթ ունեցողներն արժեւորել են Գալյա Առստամյանի եւ նրա գլխավորած միության կողմից կատարված մեծ աշխատանքը, որը գործով ապացուցում է, թե դեռեւս կան մարդիկ, որոնց համար իրոք «ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ