ԱԼՄ-ն հենց այնպես «փասա-փուսեն» չի հավաքի գնա

ԱԼՄ-ն հենց այնպես «փասա-փուսեն» չի հավաքի գնա
ՀՌԱՀ-ում երեկ բացվել են լիցենզավորման մրցույթին դիմած 9 հեռուստաընկերությունների առաջարկների փաթեթները: Յուրաքանչյուր փաթեթ ներկայացնելու համար հատկացվել է 30 րոպե: Նախ լսվել են հանրապետական սփռման համար հայտ ներկայացրած «Արմենիա TV»-ի, «Շանթ»-ի, «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի, «Կենտրոն»-ի  եւ «Երկիր մեդիա»-ի առաջարկները:  Այնուհետ՝ մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերություններինը: Մայրաքաղաքային սփռման, երիտասարդական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի փաթեթները եւս երեկ են բացվել:



Սա 18  մրցույթների մեջ մրցակցություն պարունակող երկու մրցույթից մեկն է: «ԱԼՄ հոլդինգ»-ը եւ «Երեւան»-ն են պայքարում այդ ուղղվածության համար: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «ԱԼՄ հոլդինգ»-ի տնօրեն Տիգրան Կարապետյանը, իրենք 600 միլիոն դրամանոց ծրագիր են ներկայացրել, ունեն 83 հոգանոց աշխատակազմ եւ բարեկեցիկ շենքային պայմաններ: «Երեւան»-ի ներկայացրած ծրագրի արժեքը 400 միլիոն դրամ է, իսկ աշխատակազմը՝ 42 հոգի: «Իրենք ակնհայտորեն խառնված էին»,-մրցակցի վերաբերյալ կարծիք հայտնեց Տիգրան Կարապետյանն ու հավելեց, որ բացի բիզնես-պլանից, ինքը «մեխը դրել» է այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանից եկել ու ներդրում է  կատարել եւ հենց այնպես «փասա-փուսեն» չի հավաքի գնա, այլ կպայքարի:



«Մենք ձգտում ենք մնալ դաշտում, որովհետեւ ահագին ծախսեր ունենք արած եւ, փաստորեն, ունենք լսարան: Մենք ԱԼՄ-ում երիտասարդական թոք-շոուներ էինք անում, որտեղ երիտասարդներ էին գալիս, ուսխորհուրդների նախագահներ: Մեր տաղավարից են դուրս եկել եւ Շարմազանովը, եւ Աշոտյանը», -ասաց Տիգրան Կարապետյանը՝ խոսելով ԱԼՄ-ի մասին: Մյուս 9 փաթեթները կբացվեն այսօր եւ վաղը: Այսօր կլսվեն նաեւ մայրաքաղաքային սփռման, միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության մրցույթին դիմած «Արմնյուզ»-ի ու «Ա1+»-ի փաթեթները:



Սա լիցենզավորման համար երկրորդ իրական մրցույթն է լինելու, որտեղ այլընտրանքային առաջարկ կա՝ երկու հայտատու են մրցում միմյանց հետ: Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր «Ա1+»-ի հիմնադիր, «Մելտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, իրենք ներկայացրել են լուրջ ծրագիր եւ հաղթելու վճռականություն ունեն: Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքները պարզ կդառնան մրցույթը հայտարարելուց հետո 150-րդ օրը՝ դեկտեմբերի 16-ին: