Մեդվեդեւը չայցելեց հայկական հուշարձան

Մեդվեդեւը չայցելեց հայկական հուշարձան
Մեզ հասած տեղեկություններով` Աստրախանում տապալվել են ՀՀ իշխանությունների գործադրած բոլոր ջանքերը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուշադրությունը տեղի հայկական հուշարձանի բացման միջոցառմանը սեւեռելու ուղղությամբ: Այդ գործին է լծվել իշխանական ողջ ներուժը, սակայն Մեդվեդեւն այդպես էլ չի մասնակցել այդ միջոցառմանը, որին մասնակցել է Սերժ Սարգսյանը: Երեկոյան միայն, Ալիեւ-Սարգսյան հանդիպումից հետո, Մեդվեդեւը ճաշել է Սերժ Սարգսյանի հետ: Միեւնույն ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը չի զլացել այցելել Հեյդար Ալիեւի կիսանդրու եւ նրա անվան հրապարակի բացմանը:



Իսկ Սերժ Սարգսյանը մինչ նախագահների հանդիպումը միայնակ է այցելել քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան եւ ծաղիկներ դրել հուշարձան-խաչքարին, որը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռեւս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու: Սերժ Սարգսյանի հետ հայկական հուշարձան են այցելել Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հովիվը, տեղի իշխանությունների ու հայ համայնքի ներկայացուցիչները:



Ինչ խոսք, չի կարելի ասել, որ սա ադրբեջանական կողմի հաղթանակն էր: Ավելի շուտ՝ կատարվածը բացահայտում է ՌԴ-ի եւ Հայաստանի իշխանությունների հարաբերությունների պատկերը: «Չեմ կարող ասել` դա Ռուսաստանի նախագահի՞ թույլ տված մեծ սխալն էր իր ռազմավարական դաշնակցի հանդեպ, թե՞ ՀՀ իշխանությունների ապաշնորհության հետեւանքը, բայց այնուամենայնիվ մի բան ակնհայտ է, որ եթե նույն վայրում նախատեսվում էին երկու կողմերի համար կարեւոր միջոցառումներ, որոնք պիտի պատվեին նախագահի մակարդակով, ապա ՌԴ նախագահն առավել քան պարտավորված էր ներկա գտնվել նաեւ Հայաստանի համար կարեւորվող միջոցառմանը` հատկապես, երբ Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է»,- երեկ մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` շարունակելով. «Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դուրս են ռազմավարական իրավահավասար հարաբերությունների դաշտից եւ դրա առաջին մեղավորը ՀՀ իշխանություններն են»:



«Դա ոչ պաշտոնական արարողություն էր: Հայաստանի նախագահը հանդիպեց հայ համայնքի հետ»,- կատարվածի առթիվ երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ՀՀ իշխանությունների տապալված ջանքերի մասին մեր հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Ձեր տեղեկությունները մտացածին են»: Մեր դիտարկմանը, թե այնուամենայնիվ ՌԴ նախագահը չպե՞տք է երկուսի միջոցառմանն էլ մասնակցեր, Շարմազանովը հայտարարեց. «Մեդվեդեւը հանդիպել է երկու նախագահների հետ էլ, երեկոյան էլ ճաշել է մեր նախագահի հետ: Մեդվեդեւի վերաբերմունքը դրսեւորվել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ պետական այցի ժամանակ, երբ որ նա ասել է, որ ՀՀ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ բարձր, ռազմավարական եւ գործընկերային մակարդակի վրա են»:



Ի դեպ, Սարգսյան-Ալիեւ հանդիպման ավարտից անմիջապես հետո` երեկ խորհրդարանում հետաձգվեց «Ժառանգության» հեղինակած «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին» բանաձեւի քննարկումը: Կոալիցիան Գալուստ Սահակյանի ձայնով ազդարարեց, որ չի մասնակցելու այդ քվեարկությանը, չնայած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը համայն հայության երազանքն ու նպատակն է։ Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ միակողմանի  ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի  որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին եւ զորակցում է խորհրդարանական կոալիցիան»:



«Ժառանգությունը» համաձայնեց ժամանակ տալ կոալիցիային մինչեւ դեկտեմբերի 9-ը: «Խիստ անհավանական է, որ որեւէ բան փոխվի մինչեւ Աստանա կամ դրանից հետո, մեր մեջ ինչ-որ բան պիտի փոխվի, եւ եթե մեծամասնության համար մի փոքր ժամանակ է պետք, մենք դեմ չենք»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, թե համաձայն են հարցի քվեարկությունը հետաձգել երկու քառօրյայով:



Ակնհայտ էր, որ ԼՂՀ ճանաչման թեման թեժացավ հատկապես Սարգսյան-Ալիեւ բանակցությունների ժամանակ ու հետաձգվեց հանդիպման ավարտից անմիջապես հետո: Տպավորություն կարող է ստեղծվել, որ օրինագծի քննարկումը նախապես համաձայնեցված էր: «Բացարձակապես որեւէ պայմանավորվածություն չկա: Կապ չուներ բացարձակապես: Ինչպես է ազդել դա բանակցությունների վրա` մենք չենք կարող ասել, բայց ժամանակացույցը, որով ընթանում է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը, բացարձակապես կապ չունի որեւէ նման միջազգային հանդիպումների, ժամանակացույցի հետ»,- մեր դիտարկմանն ի պատասխան հայտարարեց Ստեփան Սաֆարյանը` կոալիցիայի հայտարարության առթիվ հավելելով. «Կոալիցիայի այսօրվա հայտարարությունը մեզ հիմք է տալիս ասելու, որ անգամ իրենք չեն վստահում բանակցային գործընթացին»: