Կապանում պանիր չի վաճառվում

Կապանում պանիր չի վաճառվում
Արդեն մի քանի օր է, ինչ Սյունիքի մարզկենտրոնի խանութների մի մասում հրաժարվում են պանիր վաճառել: Չկա՝ ասում են վաճառողներն ու ավելացնում, որ թանկանում է: Բայց հետո առաջարկում են խորհրդային ժամանակներից եկած մեթոդը՝ «տակից թանկ վաճառել»: «Խի՞ պիտի ծախեմ, մի օրում 20 տոկոս պանիրը թանկացավ, էլի ա թանկանալու, տուք տիլիվիզոր չե՞ք նայում»,-ասաց տիկին Ալինան: Օրերս լինելով Սյունիքում, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը պանրի թանկացումը բացատրեց պահանջարկով: «Կաթի գինն էլ է թանկացել: Այն խոշոր ֆերմերները, որոնցից կաթ ենք մթերում, այսօր մեկ լիտրը 160 դրամով են վաճառում»,-ասաց նախարարը:



Սակայն հանրապետության թիվ 1 գյուղատնտեսի կարծիքով, պանրի թանկացումը սեզոնային բնույթ է կրում, մարտ-ապրիլ ամիսներին էժանանալու է: Գյուղնախարարի հետ տեղացիները  համաձայն չեն: «Ո՞նց կարող ա մի պենը թինգյանա, հետո իժանանա, խաբում են, էլի»,-ասում են կապանցիները: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ գյուղնախարարն ասաց, որ պանրի թանկացումը չկապեն կառավարությունում վարչապետի վերջերս արված՝ հայկական պանրի արտահանման մեծ հեռանկարների մասին ելույթի հետ: «Հարցը կկարգավորվի, համբերությամբ լցվեք»,-ասաց նախարարը:



Իսկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չորեքշաբթի որոշեց ուսումնասիրություն սկսել պանրի շուկայում` պանրի գնի բարձրացման պատճառները բացահայտելու նպատակով: Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, պանրի գնի բարձրացումը հասարակական մեծ արձագանք է ստացել, մամուլը եւս թանկացման վերաբերյալ տարբեր վարկածներ է առաջ քաշել: Նա խնդրել է պանրի գնի բարձրացումը մեկնաբանող բոլոր կառույցներին ու անհատներին աջակցել հանձնաժողովի ուսումնասիրությանը` ներկայացնելով խնդրին առնչվող կոնկրետ փաստեր եւ հանգամանքներ: