Գյունտեր Գրասը` գնչուների պաշտպան

Գյունտեր Գրասը` գնչուների պաշտպան
1999թ. Նոբելյան մրցանակի արժանացած գերմանացի աշխարհահռչակ գրող Գյունտեր Գրասը նամակ է ուղարկել ԳՖՀ նախագահ Քրիստիան Վուլֆին, որտեղ պահանջել է դադարեցնել Կոսովոյի գնչուների արտաքսումը երկրից: Այս տարվա ապրիլին Կոսովոյի եւ Գերմանիայի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է աստիճանաբար «հայրենիք» վերադարձնել կոսովացի 14 հազար փախստականներին, որոնք ժամանակավոր ապաստան էին ստացել Գերմանիայում: Փախստականների մեծ մասը՝ մոտավորապես 100 հազար հոգի, գնչուներ են:



Կոսովյան հակամարտության ժամանակ գնչուները ենթարկվեցին բռնության, եւ մեծ մասը լքեց Կոսովոն: Մեծանուն գրողը կարծում է, որ այժմ էլ նրանց լավ բան չի սպասվում Կոսովոյում, եւ գերմանական իշխանությունների գործողությունները համարել է մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում: «Մշտապես ճնշված, վտանգների ենթարկված ժողովուրդն այդպես էլ բարոյական փոխհատուցում չստացավ իր այն սարսափների համար, որոնք ապրեց անցյալ դարում: Ժամանակակից գերմանացիներին հնարավորություն է տրված ապացուցել, որ նրանք կարող են այլ կերպ վարվել, քան իրենց նախորդները»,-ասել է Գյունտեր Գրասը: