Օգուտը մեկ-մեկ վնաս է բերում

Օգուտը մեկ-մեկ վնաս է բերում
Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, 103 երկիր միավորող կինոյի, սպորտի եւ հեռուստատեսության միջազգային FIKTC դաշնության Միլանի 28-րդ փառատոնի ժամանակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն արժանացել է գլխավոր մրցանակին: Այս մրցանակի եւ «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի մասին զրուցեցինք փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ:



- Պարոն Խաչատրյան, ինչի՞ համար «Ոսկե ծիրանին» տրվեց մրցանակը եւ համագործակցության ի՞նչ ծրագրեր կան FIKTC-ի հետ:



- Մրցանակը տրվեց արվեստը տարածող լավագույն կենտրոններից մեկը լինելու համար: Իրենք ցանկություն ունեն, որ մեր երկիրը միանա, ուզում են, որ մենք մասնակցենք իրենց ձեւաչափին: Մեծ ֆոնդ ունեն: Արվեստի  միջոցով սպորտի տարածման կողմնակիցներն են: Բայց ես չեմ կարծում, որ մեր փառատոնը պետք է զբաղվի դրանով: Մրցանակը տվեցին, շնորհակալություն իրենց: Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է սա փոխանցենք մեր մարզական ընկերություններին կամ օլիմպիական կոմիտեին: Իսկ մեր ցանկությունը հոգեւոր մշակույթ, կինոյի լեզու տարածելն է:



Ամեն դեպքում շատ հաճելի է, որ  Հայաստանը ճանաչում են «Ոսկե ծիրանով»: Ինձ համար այնքան կարեւոր չեն մեծ կամ փոքր մրցանակները, ինչքան այն, որ Հայաստանի անունը շոշափվում է: Չեմ կարծում, որ մենք մտնենք այդ ասոցիացիայի մեջ, բայց ես այս քանի օրը կհանդիպեմ սպորտի  ղեկավարության հետ եւ կառաջարկեմ, որ FIKTS-ի անդամ դառնան եւ սպորտային ֆիլմերի փառատոն անցկացնեն: Ես կօգնեմ ամեն ինչով, որովհետեւ դա ոչ միայն պարտավորություններ են, այլեւ օգուտ է Հայաստանին, որովհետեւ ֆինանսավորում կստանան:



- Իսկ հնարավո՞ր է, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում սպորտային թեմաներով ֆիլմերի հատուկ ծրագիր լինի:



- Հնարավոր է, բայց մենք կշեղվենք... Գիտեք ինչ՝ կան շատ առաջարկություններ ու հնարավորություններ, որոնցից կարող ես օգտվել: Եթե դու սկսես աջից ձախ թպրտալ, որ օգտվես, դու կկորցնես քո դեմքը: Հիմա Հայաստանում շատերն են իրենց դեմքը կորցրել, որովհետեւ մեկ այս կուսակցության մեջ են, մեկ այն կուսակցության մեջ են, մեկ էս արվեստի մեջ են, մեկ էն գործի մեջ են, որովհետեւ ամեն տեղից օգուտ են ուզում ունենալ եւ դեմք չեն ունենում: Ոչ դեմք, ոչ բնավորություն: Չեմ կարծում, որ պետք է մտնել ամեն ինչի մեջ: Վաղը կասեն՝ ցույց տվեք գովազդային հոլովակներ, էն մյուս օրը կոմերցիոն կինո, սերիալներ ցույց տվեք, եւ այս փառատոնը, որ CNN-ի կարծիքով հեղինակային կինոյի ամենակարեւոր փառատոնն է, կկորցնի այդ որակը: Օգուտը մեկ-մեկ շատ վնաս է բերում: Ինձ թվում է՝ սպորտի ղեկավարությունը կբացի նման փառատոն, որ էլի շատ օգուտ է Հայաստանին, որովհետեւ շատ կարեւոր ինֆորմացիա կտարածվի աշխարհով մեկ, հատկապես, որ սպորտի վիճակը լավ է Հայաստանում՝ շախմատի հավաքականը, ծանրամարտիկները: Այսինքն արժի, որ դրանով զբաղվեն:



- Փառատոնը աստիճանաբար ավելի լայնորեն է ներգրավում հայկական ծագում ունեցող ռեժիսորներին: Վտանգ չկա՞, որ այն գնալով կվերածվի զուտ համահայկական փառատոնի:



- Մենք ունենք քաղաքականություն, որ տարբեր ուղղությամբ է գնում: Առաջինը՝ Հայաստան բերել եւ ցույց տալ աշխարհի լավագույն ֆիլմերը՝ հեղինակային կինոյի, արվեստով կինոյի, մշակութային կինոյի, որ մեր երիտասարդները տեսնեն եւ ախորժակները բացվի, եւ բերել այնպիսի մարդկանց, որ սիրեն Հայաստանը, հայկական կինոն, հայ մարդուն եւ տարածեն դրա մասին աշխարհով մեկ: Ծրագրերից մեկը նաեւ այն է, որ աշխարհի ծագումով հայ բոլոր ռեժիսորներին  բերեն Հայաստան, ծանոթացնեն այս երկրի հետ, նաեւ առաջարկեն ֆիլմեր նկարել, եւ մենք շուտով բացելու ենք մի միություն, որ կոչվելու է Աշխարհի հայ կինոռեժիսորների միություն, որոնք կիմանան, որ կա մի ֆոնդ, որտեղ իրենք կարող են գոնե մի քիչ օգնություն ստանալ ֆիլմ նկարելու համար: Դա լուրջ քաղաքականություն է:



Կարծում եմ՝ դա կընդունվի եւ հասկացողի կողմից, եւ չհասկացողի, որովհետեւ տարբեր ազգերի մեջ ապրող հայազգի ռեժիսորները մեկ-մեկ ձեւանում են հրեա, մեկ-մեկ՝ սերբ, մեկ-մեկ՝ կապույտ, մեկ-մեկ՝ սպիտակ, որ ֆիլմ նկարելու համար օգնություն ստանան: Նաեւ մի մեծ ծրագիր ունեմ ես, որին՝ կարծում եմ, որ հասկացող եւ երկրի մասին մտածող մարդիկ օգնեն, հինգ կամ վեց մեծագույն ռեժիսորները, որ կապվել են Հայաստանի հետ, ասենք՝ Յո Սթելինգ, Վիմ Վենդերս, Աբաս Քյարոսթամի եւ այլն, որպեսզի նրանք ամեն մեկը տասը րոպե տեւողությամբ ֆիլմ նկարեն Հայաստանի մասին:



- Վերջին «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակը ստացավ թուրք ռեժիսոր Ռահա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմը, ինչն ակնհայտորեն դուր չէր եկել ոչ հանդիսատեսին, ոչ մասնագետներին: Շատերը այդ մրցանակը կապեցին Հայաստանի «նախաձեռնողական» քաղաքականության եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ:



- Ընդհակառակը, այդ ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լրիվ փոխվել էր: Եթե մի տարի առաջ ոգեւորված էին թուրքական հարցերով, ինչ-որ մի ժամանակից հետո եղավ մի պահ, որ լրիվ մերժեցին թուրքականը: Բայց արվեստը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: Միգուցե եւ շատ կապ ունի, բայց շատ ավելի խորը քաղաքականություն է, որովհետեւ տարբեր ճանապարհներ են:  Դա որոշում է ժյուրին, դա չի որոշում փառատոնի տնօրենը: Առաջին օրը մենք հանդիպում ենք ժյուրիին եւ խնդրում ենք մրցանակ տալ լավագույն արվեստին: Միգուցե եւ սխալվում են, միգուցե եւ ճիշտ են անում, բայց իրենց որոշումն է: