Երջանիկները կարդում են, իսկ դժբախտները` հեռուստացույց դիտում

Երջանիկները կարդում են, իսկ դժբախտները` հեռուստացույց դիտում
Մերիլենդի  համալսարանի սոցիոլոգները վերլուծել են սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք անցկացվել են 30 տարվա ընթացքում` 1975-2006 թվականներին: Հետազոտմանը մասնակցել են համարյա 30 հազար հասուն մեծահասակներ: Համեմատության համար ընտրել են տվյալների 2 տեսակ: Առաջինը 24-ժամյա օրագրերն են, որտեղ մասնակիցները գրառել են այն բոլորը, ինչ արել են օրվա ընթացքում: Նաեւ այն, թե ինչքան ուրախություն են ստանում յուրաքանչյուր իրադարձությունից: Երկրորդ` հարցումների արդյունքները ուսումնասիրության բոլոր տարիների ընթացքում:



Դրանցից ընտրել են այն մասերը, որտեղ մասնակիցները պատմել են, թե ինչպես են սովորաբար անցկացնում ժամանակը եւ ինչքան երջանիկ են զգում իրենց: Սոցիոլոգները զարմանքով հայտնաբերել են, որ տվյալների երկու հավաքածուն համարյա ամբողջովին համընկնում է: Բացառություն է կազմել հեռուստացույցի հանդեպ վերաբերմունքը: Պարզվում է, որ երջանիկ մարդիկ սոցիալապես ավելի եռանդուն են: Նրանք ավելի հաճախ են եկեղեցի այցելում, հաճույքով են քվեարկում եւ ավելի շատ են գիրք ու թերթ կարդում: Իսկ ահա դժբախտ մարդիկ ազատ ժամանակն ավելի հաճախ են անցկացնում հեռուստացույցի առաջ:



Համեմատելով եկամուտները, տարիքը եւ ընտանեկան վիճակը, պարզվել է, որ իրենց դժբախտ համարողները  20 տոկոսով ավելի շատ ժամանակ են հատկացնում  հեռուստացույցին, քան իրենց երջանիկ համաքաղաքացիները: Սակայն օրագրերի տվյալները մի փոքր այլ արդյունքներ ցույց տվեցին: Քանի որ «իրական  ժամանակում» հարցի պատասխանը շատ ավելի մոտ է ներկա, իրական կյանքին, ապա հետազոտողներին հաջողվեց գտնել այն պատճառները, ըստ որոնց՝ ամերիկացիները (եւ ոչ միայն) հեռուստացույցը գերադասում են աշխարհի հետ շփման ցանկացած այլ տեսակից:



Սոցիոլոգներն այն կարծիքի են, որ հեռուստացույցը  զբաղմունքի, ժամանցի թեթեւ եւ հասարակ ձեւ է: Մարդը կարիք չունի հագնվել, գեղեցկանալ, տնից դուրս գալ, ընկերակցություն որոնել: Հարկ չկա նաեւ նախօրոք ծրագրավորել իր ժամանցը: Սրան գումարվում է նաեւ էներգիայի ակնհայտ խնայողությունը եւ, որ պակաս կարեւոր չէ՝ դրամները: Եվ ահա մարդը թիկնում է որեւէ հարմարավետ տեղ եւ ձեռքը վերցնում հեռակառավարման վահանակը:



Ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս նաեւ, որ դժբախտ մարդկանց 51 տոկոսը մեծաքանակ լրացուցիչ ժամանակ ունի, որը չգիտի ինչպես վատնել: Համեմատության համար նշվում է, որ երջանիկ մարդիկ ազատ ժամանակի խնդիր համարյա չունեն: Միայն 19 տոկոսն է նշել դրա առկայության մասին: Չափազանց շատ ազատ ժամանակ եւ գաղափարների բացակայություն. սրանք երկու լուրջ հիմնախնդիրներ են, որոնք կարող են դժբախտացնել ում ասես: Դրա փոխարեն հեռուստացույցը տալիս է բազմաթիվ կարճ, սակայն վառ «բավականություններ»: Մասնագետները դրանք համեմատում են թմրամոլության բավականությունների հետ:



«Գրավիչ պատկերը թույլ է տալիս ակնթարթային ուրախություն ստանալ, իսկ հետո տառապանքի եւ ափսոսանքի զգացում է թողնում: Այն մարդիկ, ովքեր խոցելի են նմանօրինակ կախվածության հանդեպ, միտում ունեն սոցիալական կամ անձնային  անլիարժեքության: Եվ այդպիսի մարդու համար յուրատեսակ  օփիում կարող է ծառայել հենց հեռուստատեսությունը: Դա կախվածության ամենահասարակ եւ հեշտ ձեռք բերվող տեսակն է»:



Ըստ «Social indicators Research»-ի