Ուսանողն է մեղավոր, որ դասախոսը կաշառակեր է

Ուսանողն է մեղավոր, որ դասախոսը կաշառակեր է
Այն, որ Հայաստանում կրթական համակարգն ամենակոռումպացված ոլորտներից մեկն է, վկայում են ոչ միայն տեղական եւ միջազգային փորձագետների ուսումնասիրությունները, այլեւ հանրային կարծիքը: Անժխտելի է նաեւ փաստը, որ բուհական համակարգը կոռուպցիոն դրսեւորումների «չափերով» համակարգի առաջատարն է: «Բուհում ավելի շատ կաշառակերության մասին պետք է խոսել, քան թե կոռուպցիայի, կոռուպցիան այստեղ, ըստ էության, վերածվում է մանր-մունր կաշառակերության: Մենք պայքարում ենք դրա դեմ: Իմ ընտրության առաջին օրից, արդեն 5 տարի է, ես 18 դասախոս եմ հեռացրել»,-կոռուպցիայի դեմ պայքարելու իրենց մեխանիզմները ներկայացնելիս նշում է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:



Նա վստահեցնում է, որ իրենք այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք են տանում եւ շատ լուրջ համագործակցում են ուսխորհուրդների հետ, որ ռեկտորի «դուռը բաց է» իր ուսանողների առաջ ցանկացած հարցով: «Ուսխորհրդի ներկայացուցիչներն արդեն մասնակցում են դասախոսների հեռացման... ուսանողների ճակատագրի որոշման ժամանակ»,-նշում է ռեկտոր Թոքմաջյանը՝ հավելելով, որ իրենց բուհի ուսանողն  իրավունք ունի իր գնահատականը բողոքարկել, ուսխորհուրդն էլ կարող է բողոքարկել արհեստականորեն բարձր դրված գնահատականը:



«Մեխանիզմներ ենք մշակել բակալավրիատից մագիստրատուրա անցնելու ճանապարհը հարթեցնելու ուղղությամբ, դա ոչ թե քննությամբ է արվում, այլ արվում է մեխանիկորեն. եթե 4 տեղ է տրված, ապա առաջին 4 ուսանողները, որոնք 4 տարվա ընթացքում ունեն ամենաբարձր ցուցանիշները, մեխանիկորեն անցնում են մագիստրատուրա: Այստեղ ռեկտորի կամ դեկանի հնարավորությունները զրո են՝ ո՞ր մեկին անցկացնի»,-ներկայացնում է ռեկտորը՝ ավելացնելով. «Ուսանողներն իրենք պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին»:



ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եւս չի ժխտում մայր բուհում կոռուպցիոն երեւույթի առկայությունը: Նրա խոսքով՝ կոռումպացված դասախոսներին բուհից հեռացնելը կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ տարբերակը չէ:



«Չի կարելի պայքարել կոռուպցիայի դեմ՝ առանց ապահովելու հակակոռուպցիոն մթնոլորտ: Այսինքն՝ ուսանողն ինքը պետք է հասկանա, որ նա կրկնակի վնաս է կրում, վճարում է որոշակի գումար՝ ուսումը եւ ձեւական գնահատականները ստանալու համար»,-նշում է ԵՊՀ պրոռեկտորը, հավելելով, որ քանի դեռ այս գիտակցությունն ուսանողության մեջ չկա, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարել հնարավոր չէ:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ