Միայնակ մարդիկ. ովքե՞ր են նրանք

Միայնակ մարդիկ. ովքե՞ր են նրանք
Միայն տխրությամբ կարելի է կարդալ «News.am» լրատվական գործակալության այն հաղորդագրությունը, որ Հայաստանում ամեն օր ինքնասպանության միջինը 1 դեպք է գրանցվում: Սա նշանակում է ամիսը՝ 30 դեպք, տարեկան` մոտ 350 ինքնասպանություն... Սա սարսափելի վիճակագրություն է: Հիմնական պատճառը, ենթադրվում է, գործազրկությունն է: Սակայն սա ընդամենը ենթադրություն է: Միայն Աստծուն են հայտնի մարդու վերջին մտքերը: Խիստ բարեկեցիկ Շվեդիան գերազանցում է բոլորին ինքնասպանությունների թվաքանակով: Պարզ է մի բան՝ բոլոր դեպքերում մարդը միայնության մեջ է մահանում...



Ինչի՞ շնորհիվ հաջողության հասավ «Բիթլզ» լեգենդար երաժշտական խումբը: Իրենց երգերում նրանք արտահայտեցին հասարակության մեջ իշխող տրամադրությունները, եւ մարդիկ ծափահարում էին նրանց: «Էլեոնոր Ռիգբի» երգում այսպիսի խոսքեր են հնչում. «Միայնակ մարդիկ, ովքե՞ր են նրանք»:



Եվ այսպես, 350 մահ լիակատար մենության մեջ: 350 մարդ, չունենալով սոցիալական, կենսական, հոգեւոր որեւէ հենք, գերադասում է ձեռք բարձրացնել սեփական կյանքի վրա: Հենց սկզբից ասենք, որ սրանցից ոչ մեկն ինքնին պատճառ չէ կյանքին հրաժեշտ տալու համար: Ինքնասպանությունը, բոլոր դեպքերում, այլընտրանք ունի` կյանքը, եւ շեշտադրենք` Աստծո պարգեւած կյանքը:



Երբ նշանավոր գրող Վիլյամ Սարոյանն այցելեց Հայաստան, հասկացավ խորհրդային կյանքի ողջ «առավելություններն ու նվաճումները», այսպիսի մարգարեական խոսքեր գրեց. «Մինչեւ այս երկրում «Աստված» բառը մեծատառով չգրվի, այստեղ ոչ մի փոփոխություն չի լինի»: Նկատենք, որ միայնության կարող են հասցնել հոռետեսությունը, սոցիալական սանդղակում ցածր դիրք գրավելը, աղքատությունը, հասարակական կյանքից կտրվածությունը: Կան, իհարկե, այլ` ավելի «վեհ» պատճառներ. նպատակների չիրականացում, սթրես, կորուստ եւ այլն:



350 մարդն արժե նրան, որ բոլորս խորհենք եւ փորձենք հասկանալ ծնող պատճառներն այն բանի, թե ինչու է մարդը լիակատար միայնականություն ապրում:



Մերօրյա լարված մարդկային փոխհարաբերությունները, հարուստ-աղքատ սահմանագծումները, սոցիալական կյանքում պասիվ դերակատարում ունենալը, երիտասարդության գովք-գովազդը (որն ինքնին վատ չէ) կարող է ավելորդության զգացումներ առաջացնել որոշ մարդկանց մոտ, հատկապես տարեցների: Գոյություն ունեն նաեւ այլ նրբերանգային պահեր, որոնք կարող են օտարացնել մարդուն ինքն իրենից եւ շրջապատից, անտեսել նրան` որպես  հասարակության ամենաբարձր արժեքի:



Այդպես կարող է լինել, երբ հասարակությունում սկսում է իշխել նյութիզմը, որին զարկ է տալիս գովազդային ահռելի արդյունաբերությունը, գերազանց մշակված տեխնոլոգիաներով` մեքենա, կահույք, բնակարան, սառնարան ու լվացքի մեքենա եւ այլն: Այսօր շեշտադրվում է նաեւ ինքնադրսեւորումը՝ որպես կյանքի նպատակ: Դա այսպես է ձեւակերպվում՝ «գտնել իրեն», «բացահայտել իր ես-ը»: Իսկ սա նշանակում է սիրել իրեն, մագլցել հասարակական աստիճանակարգով (ընդունելի է նաեւ սրան-նրան ոտնատակ տալը): Լավ, իսկ եթե մարդու մոտ չի ստացվում այդ «իրեն գտնելը», ի՞նչ պետք է անի նա: Եվ անհաջողության հեռանկարը գցում է նրա ինքնահարգանքն իր իսկ աչքում: Մարդն սկսում է մեկուսանալ, ինչին դժվար է դիմանալ: Շատերս ենք տեսել մի կողմ քաշված ծերերի, որոնք պարզապես դիտում են իրենց կողքով անցնող կյանքը:



Միայնակ մարդիկ. ովքե՞ր  են նրանք: Ովքեր իրենց կյանքի ղեկը ինքնակամ հանձնել են բախտի քմահաճույքի՞ն, ովքեր չգիտեն դեպի ո՞ւր եւ ինչպե՞ս ուղղորդել իրենց կյանքի ղեկը: Արդյո՞ք նրանց մասին է գրում նշանավոր գրող Ջոն Չիվերը «Սաթն Փլեյսյան  պատմություն»-ում. «Ռենեն իր համար էր լաց լինում: Լալիս էր, որովհետեւ միայնակ էր աշխարհում եւ վախենում էր, որ մի գիշեր էլ ինքը կմեռներ, քանի որ հուսահատ եւ դատարկ կյանքն ինքնին արդեն ոչ թե նախերգանք էր, այլ վերջաբան: Եվ այդ ամենի միջից նա տեսնում էր կոպիտ ու դաժան դագաղը»:



350 մարդ: Ի՞նչ պատասխանատվություն ունի մեզնից յուրաքանչյուրը նրանց առաջ: Դժվար է պատասխանել այս հարցին: Հնարավո՞ր է հետեւյալ պատմությունը  պարզություն մտցնի հարցի մեջ:



Կենսաբան Թոմաս Խակսլին ուշանում է ժամանել այն քաղաքը, որտեղ պետք է դասախոսություն կարդար: Նա թափով բարձրանում է կառքը եւ բացականչում. «Քշի՜ր առաջ...»: Կառապանը հնազանդ մտրակում է ձիերին, եւ կառքի անիվները կատաղի արագությամբ առաջ են ընթանում: Հոգնած Խակսլին տեղավորվում է նստարանին եւ մի քիչ թուլանում: Հետո ուշքի է գալիս եւ հարցնում կառապանին. «Լսիր, գոնե գիտե՞ս, թե ուր եմ գնում ես»: - «Ոչ, պարոն,- պատասխանում է կառապանը,- բայց ես գնում եմ այնքան արագ, որքան հնարավոր է»:



Հովիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ