ՀԲ փողերով, մեր աշխատուժով

ՀԲ փողերով, մեր աշխատուժով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին 3 ամսում երկրորդ անգամ Սյունիքի մարզում էր: Այս անգամ այցը, ի տարբերություն հոկտեմբերյան այցի, կարճատեւ էր: Ուղղաթիռով երեկ նա վայրէջք կատարեց Գորիսում ու մասնակցեց քաղաքի բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Ռուբեն Յոյլյանի անվան հիվանդանոցի ու Գորիսի պոլիկլինիկայի վերամիավորման արդյունքում կառուցվել է նոր առողջապահական համալիր։ Կահավորված, արդիական սարքավորումներով, վիրահատարաններով ու անհետաձգելի ինտենսիվ բուժման հիվանդասենյակներով կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել Համաշխարհային բանկի վարկային ծրագրով:



Մոտ 2 միլիոն 900 հազար ամերիկյան դոլար է տրամադրվել։ Կարմիր ժապավենը ոչ թե նախագահը կտրեց, այլ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու  ՀԲ հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը: Ս. Սարգսյանն ասաց, որ հաջորդ ժապավենը պետք է կտրվի Կապանում, հետո` Մեղրիում: Սակայն առողջապահության նախարարը փորձեց ճշգրտել` առաջինը կլինի Մեղրիի բժշկական կենտրոնը: Կապանի բժշկական կենտրոնի նկատմամբ նախարարը բացասական դիրքորոշում ունի:



Ինչպես հայտնի կինոհերոսն էր ասում, կապանցիներն էլ ասում են. «չսիրեցիր դու մեզ, եղբայր»: Սուսաննա Հայրապետյանը հուզված էր, որովհետեւ ծննդով Գորիսից է ու հենց այստեղ է բժշկական պրակտիկան ժամանակին անցկացրել: Տեղացի լրագրողների ակնարկին, թե արդեն պարզ է՝  ինչու է Գորիսը առաջինն ընդգրկվել ՀԲ ցանկում, տիկին Սուսաննան հակադարձեց, որ իր «մի կողմն էլ Կապանից է»: «Ուրեմն անհոգ եղեք, հաջորդը կլինի Կապանի բժշկական կենտրոնի նորոգումը»,-խոստացավ Ս. Հայրապետյանը: Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման եւ կահավորման համար նախատեսվում է ներդնել 3,6 մլն դոլար, Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգման եւ կահավորման համար` 2,76 մլն դոլար:



Գորիսից նախագահն ուղղաթիռով ժամանեց Կապան ու եղավ Գեղիի տարածքում գործող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասում: Այցը լուսաբանող լրագրողները հնարավորություն չունեցան նախագահի հետ հանքավայր մեկնել: Պատճառաբանեցին, թե հանքավայր տանող ճանապարհը երկար է ու ոչ բարվոք: Հիշեցնենք, որ այս հանքը պատկանում է Սյունիքի մարզպետին: Օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանը վերադարձավ Երեւան: