Իրանը փորձարկումներ չի՞ անի

Իրանը փորձարկումներ չի՞ անի
Իրանը երբեք միջուկային զենքի փորձարկումներ չի անի, քանի որ Թեհրանը ապամիջուկայնացման եւ միջուկային էներգիան խաղաղ նպատակաների համար օգտագործելու կողմնակից է: Այս մասին ֆրանսիական հեղինակավոր «Ֆիգարո» թերթին ասել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին: Նրա խոսքով՝ պաշտոնական Թեհրանը երբեք էլ չի մտածել միջուկային զենքի կիրառման մասին, նույնիսկ հակառակը՝ ուղիներ է փնտրում միջուկային ապազինման համար:



«Մենք միանգամայն վստահ ենք, որ միջուկային զենքը անվտանգության զգացողություն չի ապահովում եւ որեւէ խնդիր չի լուծում»,- կարծում է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը: Սաիդ Ջալիլին նշել է, որ Թեհրանը տրամադրված է կառուցողական բանակցություններ վարել, որպեսզի մեղմի Արեւմուտքի եւ Իրանի միջեւ առկա լարվածությունը: «Իրանն արդեն ունի բանակցությունների ռազմավարության իր հայեցակարգը, եթե մեր գործընկերները Ստամբուլ ժամանեն նույնպիսի տրամադրվածությամբ, ապա դա կարող է նոր համագործակցության սկիզբը լինել»,- կարծում է Սաիդ Ջալիլին: