Դուրս թողնել Բելառուսին օլիմպիական խաղերից

Դուրս թողնել Բելառուսին օլիմպիական խաղերից
Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն առաջարկում է Բելառուսին դուրս թողնել սպորտի միջազգային այնպիսի մրցաշարերից, ինչպիսիք են օլիմպիական խաղերը եւ աշխարհի առաջնությունները: Բուզեկի առաջարկն ուղղված է ընդդեմ Բելառուսի իշխանության, որն անցած տարվա դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո բռնությամբ ցրել էր ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքները: «Բելառուսի իշխանությունը դեմոկրատական լեգիտիմություն չունի»,- միջազգային հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահը:



Նա կարծում է, որ նախագահական ընտրությունների իրական հաղթողները ընդդիմության ներկայացուցիչներն են: Հիշեցնենք, որ ըստ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների` Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ընդհանուր քվեների մոտ 80 տոկոսը: Եժի Բուզեկը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բողոքի հանրահավաքների ժամանակ ձերբակալված անձանց եւ դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումները: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես նախագահ չճանաչող քաղաքացիները փորձել էին գրավել Բելառուսի կառավարության շենքը, որի ընթացքում շուրջ 600 մարդ էր ձերբակալվել: