Կաչինսկու հարազատները մեղադրում են ռուսներին լեհ նախագահի սպանության մեջ

Կաչինսկու հարազատները մեղադրում են ռուսներին լեհ նախագահի սպանության մեջ
«Ներկայումս լեհական նախագահի սպանության վերաբերյալ դավադրության վարկածը շատ ավելի ճշմարտանման է, քան երբեւէ»,- լեհական ԶԼՄ-ներին օրերս հայտարարել է Մարցին Դուբնեցկին` ավիավթարից զոհված նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա տիկնոջ միակ դստեր` Մարթա Կաչինսկայա-Դուբնեցկայայի ամուսինը: «Բազմաթիվ նախանշաններ կան, որոնք վկայում են, որ ռուսներն ուզում էին սպանել Կաչինսկուն»,- ասել է Դուբնեցկին լեհական TVN24 հեռուստաընկերությանը:



Որպես գլխավոր պատճառներ զոհված նախագահի փեսան մատնանշել է Կաչինսկու հնարավոր հաղթանակը հաջորդ նախագահական ընտրություններում, վերաբերմունքը 2008թ. ռուս-վրացական պատերազմին եւ Եվրամիությունում վարած քաղաքականությունը: Դուբնեցկին մեղադրել է ավիավթարն ուսումնասիրած Միջպետական ավիացիոն կոմիտեին` կարեւոր փաստեր կոծկելու մեջ, օրինակ, որ օդաչուները կործանումից 22 վայրկյան առաջ փորձել են հրաժարվել վայրէջքից եւ օդ բարձրանալ: Այդ փորձը չի հաջողվել, քանի որ անձնակազմը չի տիրապետել արժանահավատ տեղեկությունների ինքնաթիռի բարձրության եւ նրա գտնվելու կոնկրետ վայրի մասին: