Պահենք տեսակը

Պահենք տեսակը
Ապրիլի վերջին տասնօրյակի երկու անմոռանալի իրադարձություն դեռ երկար կջերմացնեն հոգիս: Սկզբում Լիլիթ Պիպոյանը «Երկաթ» ակումբում (Երեւանի կամերային թատրոնում) ներկայացրեց իր նոր ծրագիրը: Խոստովանեմ՝ Լիլիթի արվեստն ինձ շատ թանկ ու մտերիմ իրողություն է, աշխատել եմ բաց չթողնել նրա մենահամերգը կամ ելույթը:



Ամեն հանդիպում նրա երգի հետ հանդիպում է հայ երգի՝ միայն Լիլիթին հատուկ մեկնաբանությանը: Մտովի նրան նմանեցրել եմ մեր մատյանների հրաշագործ ծաղկողներին, որ իր երգեղեն տարածքում փակված` միայն իրեն հայտնի նվիրական անկյուններից մեկիկ-մեկիկ դուրս է բերում ժողովրդական քնարերգության հրաշք պատառիկներն ու անկրկնելի կատարումով հանձնում մեզ: Ահա այդ երեկոն էլ անակնկալ էր, հայտնություն...



Երգը հաջորդում էր երգին, ժողովրդական բանահյուսության նշխարները Լիլիթի գործիքավորմամբ ու մեկնությամբ 21-րդ դարի անհանգիստ, հակասական եւ ձգող ռիթմ ու շնչով էին վարակվել, ու դահլիճում չկար անմասնակից մեկը...



Իսկ անցած ուրբաթ հայ երգի շքահանդեսը շարունակվեց «Նարեկացի» մշակութային կենտրոնում: Վահան Արծրունին Կոմիտասի տասը բանաստեղծություններին տվել էր կոմիտասյան շունչն ու միայն իրեն հատուկ զգացողությունը, եւ կամերային երգաշարն անբացատրելի խնկարկումի մթնոլորտ էր ստեղծել դահլիճում:



Առաջին երգը Վահանը գրել է 17 տարեկանում, մնացած ինը` մինչեւ 2002 թվականը: Եվս մեկ հրաշագործ ծաղկող, ով տարիներ շարունակ ապրել է Կոմիտասի  բանաստեղծություններով, քննել-ըմբռնել-զգացել է ամեն մեկի նշանագիրն ու նրան տվել երաժշտական իր մեկնությունը, որը միանգամից ու մշտատեւ է նվաճում միտքդ ու հոգիդ:  Ես նախանձում էի ինձ, որ ներկա եմ աչքիս առաջ կատարվող հրաշագործությանը (այլ կերպ այդ երեկոն բնորոշել չեմ կարող), որովհետեւ այն, ինչ ներկայացրին Վահան Արծրունին, Արամ Թալալյանն ու նրա լարային քառյակը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը, իրոք հրաշագործություն էր:



Վերջերս հասարակությունն ալեկոծվել էր «տաշիրային հրավառությունից»: Ասեմ, որ չեմ նայել, առավել եւս՝ անտարբեր եմ մնացել դրան հետեւած ալեկոծությանը մի պարզ պատճառով: Ժամանակն է հասկանանք, որ ինչպես հասարակությունն է ջրբաժանվել` նրանք վերեւում, մնացածը` ինչպես կամենա, այդպես էլ պիտի գիտակցենք, որ նրանք ունեն իրենց արվեստն ու դրա մշակներին եւ իրենց կարեցածի չափ վայելում են այդ գլամուրային էրզացը: Ու նույնիսկ վիրավորական է նրանց արածն ու վայելածը քննարկել, առավել եւս՝ ինչ-որ բաներ առաջարկել:



Ժամանակն է, որ մենք էլ գիտակցենք՝ այդ էրզացին կարող ենք հակադրել մերը, հոգեհարազատը, մեր նկարագիրն ու էությունը պահպանող ու շարունակող արվեստը: Եվ  լրագրողներին ու ինտերնետային սոցիալական խմբերին, ովքեր այդքան էներգիա ծախսեցին ի սկզբանե անիմաստ դիսկուսիայի վրա, առաջարկում եմ այսուհետ տեսնել, գնահատել ու աջակցել Լիլիթին, Վահանին եւ նրանց նման հրաշագործ ծաղկողներին: Ի վերջո, տեսակը պահելու խնդիր կա...



Կարինե Խոդիկյան