Հոնտեղ ապրած են...

Հոնտեղ ապրած են...
Ուրբաթ օրը Նկարիչների տանը տեղի ունեցավ ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանի «Հոնտեղ ապրած են...»՝ Արեւմտյան Հայաստանում արված լուսանկարների ցուցահանդեսը:



Ցուցահանդեսին ներկայացված էր 60 աշխատանք: Ինչպես նշեց Մաքս Սիվասլյանը, դրանք 3-4 տարիների աշխատանքի արդյունք են, բայց ի սկզբանե Արեւմտյան Հայաստան գնալու նպատակն այլ է եղել. Մաքսը կնոջ՝ լրագրող Լորանս Ռիթթերի հետ մեկնել է պատմական Հայաստան՝ 1915թ. ցեղասպանությունից կենդանի մնացած հայերի պատմությունները գրի առնելու, թե ինչպես են նրանք փրկվել եւ ինչպես են ապրում այսօր՝ 96 տարի հետո:



«Ցուցահանդեսի վերնագիրը դրել եմ՝ «Հոնտեղ ապրած են...», որպես հոնտեղ էինք, բայց հիմա հոնտեղ չենք համարյա»,- զրույցի ընթացքում ընտրված վերնագրի չակերտներն է բացում Մաքսը եւ նշում, որ շատ քիչ քրիստոնյա հայերի է տեսել, հիմնականում իսլամացած, թրքացած հայեր են, որոնք մոռացել են իրենց առաջին լեզուն. «Ոչ մի տեղ կոնկրետ չեն ասել, թե ինչքան են հայերը, Հրանտ Դինքն ասում էր՝ Անատոլիայի մեջ 3 մլն հայ է մնացել, բայց լսեցինք նաեւ 5 մլն թիվը, 2 մլն թիվը: Բռնի կերպով հայերն իրենց անունները փոխել են, հայերեն լեզուն, հայ մշակույթը վերջացել է, նրանց մի մասը անգամ չգիտի, որ իրենք հայ են»,- նշեց լուսանկարիչն ու հավելեց, որ միակ ամենամեծ խնդիրն այն է եղել, որ մարդիկ վախենում էին, ու նրանց մեծ մասը չէր համաձայնում խոսել:



Միայն մեծերն էին խոսում, եւ որպեսզի նրանք իրենց ապահով զգային, կարողանան ազատ խոսել, Մաքսն ասել է, որ լուսանկարները չեն օգտագործվելու, եւ իրենց անունն էլ չի գրվելու:



Ցուցահանդեսին ներկա էին տարբեր արվեստագետներ, նրանցից Ռուբեն Գեւորգյանցը մասնավորապես նշեց. «Այսօրվա աշխատանքներն ինձ համար, անկեղծ ասեմ՝ նկարչություն են, այս լուսանկարները կարծես վերածննդի նկարչություն լինեն՝ տեխնիկական լույսերից մինչեւ կերպարներ: Լինի դա քուրդ, թուրք, հայ՝ մենք տեսնում ենք մարդուն իր կենսագրության հետ միասին»: Նախատեսված է ցուցահանդեսն առաջիկայում անցկացնել նաեւ Փարիզում: