Իսկական կինո

Իսկական կինո
«Ջնջված իրականություն» - Երբեմն լինում է, երբ բավական անսպասելի հայտնաբերում ես ֆիլմ ու զարմացած ինքդ քեզ հարցնում. «Լավ, էս ֆիլմը ո՞նց է բոլորիս ուշադրությունից շրջանցել»:



Ոչ հայտնի բեմադրիչ, առանձնապես ոչ հայտնի դերասաններ (եթե չհաշվենք Շերոն Սթոունին), աննշան սյուժետային զարգացումներ, սակայն փոխարենը` անկեղծ երկխոսություններով, համոզիչ ճշմարտացիությամբ նրբաճաշակ ու խորիմաստ ֆիլմ. պատահական չէ, որ օրիգինալում ֆիլմն անվանվել է. «When the man falls»,- ասել է թե` «Երբ մարդը ընկնում է/սայթաքում է», այնինչ մեզ է հասել բոլորովին այլ վերնագրով: Միգուցե հենց մենք էլ հաճախ սայթաքում ու ընկնում ենք, երբ մեր համար իրականությունը սկսում է ինչ-որ տեղ ջնջվել ու այլ կերպ ներկայանալ մեզ...



http://kinobaza.tv/film/стерая_реальность_2007#online



«Թեմա» - Եթե ուզում ես հասկանալ, թե ինչպես կարելի էր խորհրդային տոտալիտար վարչակարգի պայմաններում անկեղծ արվեստ ստեղծել, ապա այս ֆիլմի դիտումը կօգնի գտնել այդ հարցադրման պատասխանները: Երկար տարիներ «դարակներում» մնացած այս ինտելեկտուալ ֆիլմը Գլեբ Պանֆիլովի հեղինակային գործն է` իրենց տեղը չգտած մարդկանց, որոնումների, պատասխանատվության, սիրո, հոգեւոր արժեքների մասին:



«Որքան էլ որ ճշմարտությունն անողոք լինի, դրանից չի կարելի խուսափել». ահա թե ի վերջո ինչ են ուզում ասել ֆիլմի հերոսները (կամ հակահերոսները, նայած որ կողմից մոտենաս): Նրանք, ովքեր Միխայիլ Ուլյանովին պատկերացնում են միայն կոլտնտեսության նախագահի ու Մարշալ Ժուկովի դերերում, անպայման պետք է դիտեն այս ֆիլմը, որովհետեւ դժվար է պատկերացնել նրան անկոտրում Ժուկովից հետո կոտրված, բարդույթված, ինքն իրեն խարազանող կերպարում: Իրենց անզուգական խաղով Ուլյանովից ոչնչով ետ չեն մնում նաեւ Իննա Չուրիկովան ու Ստանիսլավ Լյուբշինը. իսկական «աստղային գրոհ»:



http://www.intv.ru/view/?film_id=85793